Զբոսաշրջության համար բոլոր անհնար և հնարավոր խոչընդոտները կան, բայց ոլորտի ներկայացուցիչները լավատես են․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսության տարբեր ճյուղերի համար մարտահրավերներն ու իրավիճակները միգուցե տարբեր ազդեցություններ ունենան: Սակայն հաշվի առնելով նաև մինչ պատերազմը համավարակի թողած բացասական հետևանքը, դժվար չէ պատկերացնել այն իրավիճակը, որի առաջ կարող է կանգնել զբոսաշրջության ոլորտը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ոլորտին, ընկերությունների առաջ ծառացած խնդիրներին՝ միաժամանակ ընդգծել այն լավատեսության ու միասնականության մասին, որոնք այս օրերին ցուցաբերում են նաև առավելագույնս տուժած ոլորտի ներկայացուցիչները: «Զբոսաշրջության ոլորտը, պայմանավորված իր առանձնահատկություններով, շատ զգայուն է ինչպես համաճարակների, այնպես էլ անկայուն իրավիճակների նկատմամբ: Խոսքը նաև ու հատկապես պատերազմներին է վերաբերում:
Եվ, բնականաբար, իրավիճակն ամենաանբարենպաստն է զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը: Տեսական առումով զբոսաշրջությունը, կարծես, գրեթե հնարավոր չէ նման պայմաններում: Բայց մի կողմ էլ կա, որը, ամեն դեպքում, կարող ենք դիտարկել: Խոսքը ներքին զբոսաշրջության հնարավորությանն է վերաբերում, եթե, իհարկե, վտանգավոր չդիտարկվեն այցերը: Այստեղ, ամեն դեպքում, մի կարևոր բան կա: Այսօր բոլորս ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ Արցախի համար սկզբունքով ենք առաջնորդվում: Բոլորիս ուշքն ու միտքն ամբողջությամբ այդ ուղղությամբ է: Բացի այդ, նաև գիտակցում ենք, որ պետք է ուժեղ թիկունք ունենանք, ինչի համար, որքան հնարավոր է, տնտեսական ակտիվ գործունեություն պետք է ծավալենք:
Դա կնպաստի և՛ բյուջեի համալրմանը, և՛ որոշակիորեն մարդկանց աշխատատեղերի պահպանմանը: Այսինքն՝ ստեղծել հնարավորություն՝ ավելի ուժեղ թիկունքով ճակատը պահելու համար: Եվ այս իմաստով, եթե կարողանանք անգամ մի քանի զբոսաշրջիկ ապահովել, մեր օգուտն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով անգամ ուժերից վեր թվացող տնտեսական դժվարությունները հաղթահարելու պատրաստակամության անհրաժեշտության մասին: «Իմ խոսքը ցանկացած գործունեության տեսակին է վերաբերում: Եթե կարողանան ամեն ինչ անել գործունեություն ապահովելու համար, դրանով ռազմաճակատին են օգնելու:
Եվ չպետք է մոռանանք, որ հաղթելու ենք, և հիմքերը պետք է պահպանել ու ապահովել կայուն տնտեսական զարգացման համար: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա, ի տարբերություն աշխարհի, մեզ մոտ ունենք զբոսաշրջության համար բոլոր անհնար և հնարավոր խոչընդոտները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ անկախ այդ հանգամանքից, ոլորտի շատ ներկայացուցիչների համար այսօր առաջին պլանում հնարավորության սահմաններում օգտակար լինելն է: «Ամեն ինչ անում են, որ պահպանեն բիզնեսն ու դրանով նույնպես օգտակար լինեն: Ճիշտ է, առաջին պլանում բիզնեսը չէ, բայց իրավունք էլ չունենք մտածել ընկերությունները փակելու, չաշխատելու կամ չզարգացնելու ուղղությամբ: Այս ոլորտն առանձնահատուկ է հայրենիքը լավագույնս ներկայացնելու, հայրենիքի իմիջը բարձր պահելու, ինչպես նաև տնտեսական զարգացմանը նպաստելու առումով: Հավատացեք՝ այս ոլորտի գոնե մեծամասնությունը նվիրյալ ու հայրենասեր է, ինչը բխում է նշված առանձնահատկություններից: Գրեթե բոլորն էլ հույսները չեն կորցնում ու պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում զսպանակի պես բացվել ու շարունակել աշխատանքը:
Բացի այդ, նշեմ, որ որոշ տեղերում անգամ մտածում են վերապրոֆիլավորման մասին: Կան կազմակերպություններ, որտեղ մտածում են իրենց կառավարման մոդելում նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին, որ կարողանան ստեղծված իրավիճակից հնարավորինս ավելի արդյունավետ դուրս գալ, ինչը շատ անհրաժեշտ է: Տա Աստված՝ շուտ հաղթենք թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուսին: Համոզված եմ, որ հաղթելուց հետո ամեն ինչ շատ արագ վերականգնելու ուժ ու կորով ենք ունենալու»,-հավելեց Մ. Ապրեսյանը: Նա չի կիսում այն կարծիքները, թե առնվազն երկու տարի կարող ենք մոռանալ զբոսաշրջության մասին: «Ես այդքան վատատես չեմ: Հենց երկու պատերազմն էլ հաղթեցինք, ամեն ինչ անելու ենք արագ վերականգնվելու ու մնացած ոլորտների, ճյուղերի վերականգնմանը նպաստելու համար»,-ասաց Մ. Ապրեսյանը՝ ընդգծելով, որ այս փուլում զբոսաշրջային ընկերություններն իրենց ծառայությունները մատուցում են կամավոր սկզբունքով: «Խոսքը, օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների մասին է, որոնք Արցախից եկած մեր հայրենակիցներին տեղավորում են իրենց հյուրանոցներում: Խոսքը նաև տրանսպորտային ծառայությունների մասին է:
Ով ինչքան ու ինչպես կարողանում է՝ օգնում է, և այդ ամենը հնարավորինս համակարգված է իրականացվում: Քննարկումներ կան նաև զբոսաշրջության կոմիտեի հետ՝ նաև հնարավորությունների մասով: Մեծ հաշվով, չկա մեկը, որը ամեն ինչ չանի իր հնարավորությունների սահմաններում: Այդպես էլ պետք է լինի իրականում, ու անգամ ավելին պետք է արվի: Այս պահին ամբողջ ազգով մի բռունցք պետք է լինենք և ամեն ինչ անենք շուտ հաղթելու համար»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում