Բալասանյանը լայն լիազորություններ է ստացել․ «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հետաքրքիր զարգացումների է հանգեցրել։ Նախ՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, Բալասանյանը հայտարարել է, որ անիմաստ է համարում Արցախի նման փոքր երկրում ԱԽ քարտուղարի ահռելի աշխատակազմ պահելը, երկրորդ՝ վտանգավոր է համարում ծանոթ-խնամի սկզբունքով աշխատանքային թիմի ձևավորումը։
Մեր տեղեկություններով, Բալասանյանը առաջիկայում հաստիքների կրճատումներ է կատարելու, իսկ աշխատակազմում պահելու է միայն պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե կուսակցական ֆունկցիոներներին։ Այս գործելաոճն անհանգստացրել է Բալասանյանի հետ առանց այդ էլ վատ հարաբերություններ ունեցող ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, որն իր քաղաքական թիմին աշխատանքով ապահովելու նպատակով 5-6 տասնյակի հասնող աշխատակազմ էր ձևավորել, այնինչ նախկինում ԱԽ քարտուղարին 3-4 աշխատակից էր օգնում։ Սամվել Բաբայանին նաև զայրացրել է այն հանգամանքը, որ Բալասանյանին մեծ լծակներ են տրվել, և նա համարում է, որ դա արվել է իր հաշվին՝ նաև իր ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Ի դեպ, Վիտալի Բալասանյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելով և ստանալով մեծ դերակատարություն՝ ունեցել է կարևոր նախապայման՝ ցանկացած պահի ՀՀ իշխանությունների հասցեին ասել այն, ինչ համարում է ճիշտ։ Ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանն այլ ելք չի ունեցել, քան ընդունել այդ նախապայմանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում