«Պետք է ստեղծենք մեր երկրի զարգացման ազգային ռազմավարությունը, և դրա առանցքում պետք է լինեն գիտությունը և կրթությունը»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Գիտության ոլորտի խնդիրների, արված ու չարված աշխատանքի, 2021 թվականին կատարվելիք անհրաժեշտ քայլերի մասին «Փաստը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ:
-Պարոն Զաքարյան, ամփոփենք 2020 թվականը. ի՞նչ արվեց ու ի՞նչ չարվեց գիտության ոլորտում անցնող տարում։ Ի՞նչ կասեք չարված աշխատանքի պատճառների մասին։
-Նախ՝ խոսեմ մեր գիտական խմբի մասին։ Կորոնավիրուսի պատճառով մենք բավական երկար ժամանակ չէինք աշխատում և, իհարկե, դա ունեցավ իր բացասական ազդեցությունը առնվազն մեր աշխատանքային տեմպի վրա։ Մի քանի նախագծեր և լավ գաղափարներ կանգնեցին։ Աշնանը Գիտության կոմիտեի կողմից ստացանք լաբորատորիայի ստեղծման խոշոր դրամաշնորհ, որի շնորհիվ առաջիկա երեք տարվա ընթացքում ուսումնասիրելու ենք բազմաթիվ քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվությունը, փորձելու ենք հայտնաբերել լայն սպեկտորի նոր հակավիրուսային միացություններ։ Եթե ավելի մասշտաբային խոսենք, ապա Հայաստանում գիտության հետ կապված խնդիրները նույնն են, ինչ անցած տարի, ինչ 5 կամ 10 տարի առաջ։
Դրանք մի քանիսն են՝
1) ցածր ֆինանսավորում. մի մոռացեք, որ մենք գիտությանը տրամադրում ենք մեր ՀՆԱ-ի մոտ 0.24 %-ը, այնինչ եվրոպական միջինը 1 % է, այսինքն՝ չորս անգամ քիչ ենք ֆինանսավորում,
2) ֆինանսավորման մեխանիզմի ցածր արդյունավետություն,
3) օրենսդրական անբարենպաստ միջավայր գիտությամբ զբաղվելու համար։
Ի դեպ, այս բոլոր խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են թե՛ նախկին կառավարությունների, թե՛ ներկա կառավարության ներկայացուցիչների մոտ։ Հարցերից և ոչ մեկին լուծում չի տրվել։ Սրանք չարվածներն են։ Չարվածների կողքին, իհարկե, կային նաև փոքրիկ դրական քայլեր։ Օրինակ՝ Գիտության կոմիտեն սկսեց տրամադրել նոր լաբորատորիաների ստեղծման կամ եղածների ամրապնդման մեծ դրամաշնորհներ։ Միանշանակ, սա շատ լավ քայլ է։ Բայց այն փոքրիկ քայլ է, քանի որ վերը նշված խնդիրները եթե օր առաջ չլուծվեն, ապա նույնիսկ նման կարևոր նախագծերը կդառնան ոչ արդյունավետ։
- Գիտության ֆինանսավորում, օրենսդրություն, կրթական ոլորտ։ Ի՞նչ անելիքներ ունենք 2021 թվականին։
-Պատերազմի ողբալի արդյունքները մեզ պետք է ստիպեն արմատապես վերանայել մեր մոտեցումները թե՛ գիտության, թե՛ կրթության նկատմամբ։ Ես տարիներ շարունակ կրկնում եմ, որ մեր երկրի համար, որը գտնվում է շրջափակման մեջ, որը շրջապատված է իրեն վերացնելու ցանկություն ունեցող և թվապես մոտ 40 անգամ գերազանցող հարևաններով, զարգացման միակ ճանապարհը նոր գիտելիք ստեղծելն է և մարդկանց լավ գիտելիք տալը։ Եվ այդ երկուսն իրար հետ փոխկապակցված են։ Պարզ օրինակով փորձեմ բացատրել։ Եթե մենք ունենայինք ժամանակակից լաբորատորիաներ, որոնք զբաղվեին աէրոդինամիկայի, սենսորների, հեռակառավարման, մոդելավորման, արհեստական բանականության խնդիրներով, ապա իրենց կողմից ստեղծված գիտելիքը և իրենց մասնագիտական փորձը շատ հեշտ կարելի էր օգտագործել նոր և որակյալ թռչող անօդաչու սարքեր ստեղծելու մեջ։
Այսինքն, գիտելիքը շատ արագ հնարավոր է փոխակերպել նոր տեխնոլոգիայի, եթե դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Եթե այդ ամենը լիներ, պատերազմի ժամանակ կխոսեինք ոչ թե բայրաքթարների, այլ մեր արտադրության սարքերի մասին։ Սա մի օրինակ է, բայց այսպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել բոլոր ոլորտների համար։ Ուզում եմ, որ բոլորիս համար պարզ լինի, որ գիտելիքն է վերածվում տեխնոլոգիայի, իսկ նոր տեխնոլոգիան տնտեսության զարգացման ու երկրի հզորացման միակ ճանապարհն է։
Հետևաբար, 2021 թվականը, որքան էլ մեզ համար դժվար տարի լինի թե՛ տնտեսապես, թե՛ հոգեբանորեն, մենք պետք է լիարժեք կերպով օգտագործենք ստեղծելու համար բարենպաստ միջավայր գիտության ու կրթության զարգացման համար։ Մենք պետք է գործենք մեծ քայլերով, արագ ու վճռական։ Մենք պետք է ստեղծենք մեր երկրի զարգացման ազգային դոկտրինը/ռազմավարությունը, և դրա առանցքում պետք է լինեն գիտությունը և կրթությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում