«Պետության պարտության մեջ յուրաքանչյուր հայ իր սեփական պարտությունն է տեսնում»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստի» զրուցակիցն է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Զրուցել ենք պարտվածի հոգեբանության և պարտվածի վիճակը հաղթահարելու անհրաժեշտության մասին:
Պարտվածի հոգեբանություն
Պատերազմն իր հետևանքներով՝ զոհեր, գերիներ, անհետ կորածներ, տեղահանվածներ, և ընդհանրապես՝ պարտության իրողությունը հասարակության համար հոգեբանական ցնցում էր՝ տարաբնույթ տրավմատիկ հետևանքներով: Մի քանի գործոն այս առումով բարդացնում է իրավիճակը. խոսքը նախ և առաջ հաղթանակի նկատմամբ անվերապահ հավատի մասին է, որը քարոզվում էր ամեն օր և նույնիսկ հեշթեգ էր հնարվել, որը ձևավորել էր հաղթանակի մտապատկեր, հուսադրված ակնկալիք: Մյուս կողմից՝ ունենք 1915 թվականի ցեղասպանության տրավմատիկ հիշողություն, որը դեռևս ամոքված չէր:
Էթնիկ նույնացման համատեքստում պետության պարտության մեջ յուրաքանչյուր հայ իր սեփական պարտությունն է տեսնում: Պարտության իրավիճակն առանձնահատուկ է այն մարդկանց համար, ովքեր պարտության հետ կյանքում առհասարակ դժվար են գործ ունենում, այսինքն՝ պարտության ապրումները անդիմանալի են, և խուսափում են այնպիսի իրավիճակներից, որտեղ հավանական պարտություն կարող են կրել. նրանք շատ ավելի հոգեմաշ վիճակ են ապրում այս օրերին:
Պարտության մեջ մարդը կորցնում է վստահությունը սեփական ուժերի և կառավարման համակարգի նկատմամբ, ինքնագնահատականը և ինքնահարգանքն իջնում է, ամոթի զգացում է ապրում, անհաջողության շատ ուժեղ վախ է առաջանում, որը տարածվում է ամեն ինչի վրա, կարող է մարդը դառնալ ագրեսիվ սեփական անկատարության և պատերազմի պատասխանատուների նկատմամբ: Ի վերջո, պարտության զգացման սուր ընկալումը սոցիալական դիրքորոշումով է պայմանավորված, մենք վախենում ենք, որ պարտվողին չեն ներում և ընդունում, սուր քննադատում են, մերժում են, և դառնում ենք վատը:
Երկարատև անհաջողության վախի մեջ մնալով՝ մարդը նոր քայլեր դժվարանում է ձեռնարկել, բայց եթե ոչինչ չի ձեռնարկում,նշանակում է՝ ունի միայն պարտություն, իսկ նոր բան ունենալու շանսը դառնում է զրո: Դրա համար անհաջողությունը պետք է ընդունել, բայց միևնույն ժամանակ հաջողության հասնելու ծրագիր մշակել: Իհարկե, պարտության փաստը պետք է կարողանալ վերանայել և դարձնել կոնստրուկտիվ որոշման սկիզբ և դիտարկել որպես հաջողության տանող ճանապարհ:
Յուրաքանչյուրս պետք է սկսենք փոփոխությունը մեզանից
Շատ հզորացած պետություններ և նաև հաջողակ մարդկանց պատմություններ թույլ են տալիս եզրահանգելու, որ իրենց կյանքի անհաջողությունները և դառը փորձը իրենք կոնստրուկտիվ ձևով են օգտագործել և առաջ գնալու լավագույն ուղիներն են կիրառել: Ինչպես պետք է երեխային վաղ մանկությունից ցույց տալ իր ուժեղ և թույլ կողմերը, թույլ կողմերը ուժեղ դարձնելու ձևերը, այնպես էլ այդ ամենը պետք է անեն մեծահասակները և ազգերը: Վերջիվերջո, պարտության մեջ կա մեծ փորձ, տեսնում ենք մեր սխալները, թույլ կողմերը և նաև այն շտկելու հնարավորությունը պետք է տեսնենք: Ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունը հավերժ չեն:
Պետք է գիտակցենք, որ ունենք և՛ հաղթողի, և՛ պարտվողի հատկանիշներ ու ռեսուրսներ: Եվ մեր հաջողությունները կախված կլինեն նրանից, թե ինչպես ենք գործ ունեցել մեր սխալի հետ, ոնց ենք շտկել դրանք, ինչ նոր փորձ ենք ձեռք բերել, ինչպես ենք վերաարժևորել և իմաստավորել մեր անելիքները: Ուզում եմ սահմանազատել ազգային և անհատական պարտությունը, բայց ընդունել նաև, որ յուրաքանչյուր անհատ, հաղթահարելով պարտության սուր զգացումները, հզորանալու անհատական պլան ունենալով, իր ուրույն ներդրումն է ունենում ազգային հաջողության և հաղթանակի համար:
Յուրաքանչ յուրս պետք է սկսենք փոփոխությունը մեզանից՝ վերլուծելով, թե ինչ ռեսուրսներ ունենք, որ չենք օգտագործել մինչև հիմա, ինչպես ենք վերաբերվել ազնվությանը, արդարությանը, անկեղծությանը, պահպանե՞լ ենք մեր անհատականությունը, թե՞ տրվել ենք խմբային արժեզրկված գաղափարներին, պետք է վերանայել և զարգացնել նոր մոտիվացիաներ:Դա կարող է լինել նոր գիտելիքների ձեռքբերում, քայլեր մասնագիտական ոլորտում զարգանալու, հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և այլն: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունենում է պարտություն, սակայն շատ կարևոր է կարողանալ ձևավորել վերաբերմունք այն հաղթահարելու առումով, հակառակ դեպքում կարող է դրսևորվել հուզական հյուծվածություն և նույնիսկ կյանքի իմաստի կորուստ:
Հաղթանակը պահանջելու է համառ աշխատանք և ժամանակ
Պարտության վիճակը հաղթահարելու համար շատ կարևոր է.
1. Չշղթայվեք անհաջողության և պարտության մտքերին, փորձեք մտածել հաջողության մասին, ինչ խնդիրներ է պետք լուծել և ինչի կարող եք հասնել:
2.Պարտությանը պետք է վերաբերվել որպես ապագա հաղթանակի հիմք, որովհետև պարտության մեջ ճանաչում ենք մեր թույլ կողմերը, որը կարող ենք զարգացնել և դարձնել ուժեղ կողմեր:
3.Անհաջողության մատնվելու վախը կարող է խանգարել նոր գործ սկսելուն, բայց պետք է մտածել, որ երբ գործողություն չենք անում, այսպես թե այնպես, ունենք ոչինչ, իսկ գործել սկսելով՝ ինչ-որ բան ունենալու հավանականությունը մեծացնում ենք:
4.Ինչ-որ բան սկսելուց առաջ պետք է ունենալ պլան Բ, Գ, և որքան շատ, այնքան լավ, որ եթե որևէ մեկը չի ստացվում, մտածենք մյուս տարբերակների մասին, որը մեծացնում է մեր հնարավորությունը և բարձրացնում ինքնավստահությունը:
5.Ամենակարևորը՝ պետք չէ պիտակավորել սեփական անձը, թե ես պարտվող եմ կամ անհաջողակ, և մտածել, որ դա միայն ձեզ հետ կարող է պատահել, ուռճացնել հաղթողի հնարավորությունը կամ գերբնական հատկանիշներով օժտել դիմացինին կամ իրավիճակը, այլ մտածել, որ դուք էլ ունեք հաղթելու ձեր հնարավորությունը և պետք է այն տեսնել և գործի դնել:
6. Միշտ պետք է հասկանալ, որ հաղթանակը պահանջելու է համառ աշխատանք և ժամանակ, այն պրոցես է, քայլ առ քայլ գործողությունների հերթականություն, որը դառնում է նպատակ և կենտրոնացնում ամբողջ ուժերը՝ անտեսելով խոչընդոտներն ու դժվարությունները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում