«Սպառնալիքները վերացական չեն. այս իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ցանկացած զորավարժություն մի քանի նպատակ է հետապնդում: Կոնկրետ մեր սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒերի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունները սկզբունքորեն չեն բացառում մեր սահմանին մոտ զորքեր կենտրոնացնելու նպատակը: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ից 12-ը Կարսում Թուրքիայի կողմից անցկացվելիք զորավարժություններին:
«2020 թ. սեպտեմբերի 27-ից առաջ Թուրքիան Ադրբեջանի հետ մի շարք զորավարժություններ էր անցկացնում՝ Ադրբեջանի տարածք բերելով և՛ զինտեխնիկա, և՛ զինանձնակազմ: Ես որևէ վտանգավոր զարգացում չեմ բացառում:Ես առարկայական սպառնալիքների մասին եմ ասում, և այդ սպառնալիքները վերացական չեն: Էրդողանի և իր անդրօվկիանոսյան տերերի՝ Մեծ Բրիտանիայի և, մասնավորապես, այդ երկրի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի մտքերն Իլհամ Ալիևի շուրթերին են, երբ Ալիևը հայտարարում է, որ «Երևանը, Զանգեզուրը և Սևանը ադրբեջանական հողեր են»»,- ասաց փորձագետը՝ այս փուլում կարևորելով մեր բանակի վերակազմավորման խնդիրը:
«Բայց ՀՀ-ում գործող իշխանությունների օրոք բանակը չի վերակազմավորվի: Այս իշխանությունները համարժեք չեն գնահատում իրավիճակը: Առավել ևս, որ բանակը վերազինելու կամային ու մասնագիտական որակներ չունեն: Ունակ չեն Հայաստանը ավելի մեծ սպառնալիքներին դիմագրավելուն պատրաստել:Այս իշխանությունները ժամ առաջ պետք է հեռացվեն, որ Հայաստանը պատրաստ լինի վատթարագույնին, ներառյալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու և որոշակի տարածքային նկրտումների համար ռազմական գործողությունների դեմն առնելուն: Իրավիճակը ճիշտ չգնահատող, իսկ ավելի խիստ՝ այլ երկրների աշխարհաքաղաքական, ազգային և պետական շահերը սպասարկող իշխանությունները ժամ առաջ պետք է հեռանան, հակառակ դեպքում այն անդառնալի ավարտը, որը կարող է սպառնալ մեր երկրին, իրականություն կդառնա: Մենք այս օրինակն արդեն տեսանք Արցախում: Ժողովուրդն սկզբունքորեն չէր սպասում նման զարգացման, մինչդեռ փորձագետներն ավելի քան երկու տարի բարձրաձայնում էին այն վտանգի մասին, որ Փաշինյան Նիկոլը երկիրը պարտության է տանում, իսկ Արցախը՝ ամբողջովին հանձնելուն:
Ի դեպ, ծրագիրը դեռ մասնակի է իրականացվել, որովհետև Արցախում հայություն է մնացել, ռուս խաղաղապահներ և ռուսական ԶՈւ-երի ստորաբաժանումներ կան: Ծրագրով Արցախն ամբողջովին պետք է հայաթափվեր: Էլ չեմ ասում, որ Հայաստանից տարածքներ պետք է պոկվեն: Այս պահին հենց այդ գործընթացն է: Միակ ելքը իրավիճակին անհամարժեք իշխանությունների հեռացումն է, որի համար ժողովուրդը պետք է համարժեք ընկալի իրավիճակը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Հայկ Նահապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցի այն դիտարկմանը, ըստ որի, «ՊՆ նախարարը փաստացի դուրս է մնացել ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամանատարին և ԶՈւ ԳՇ պետին»:
«Դավիթ Տոնոյանը ավելի լավ է հիշի, թե իր ո՞ր որոշմամբ Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն տվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի և ՀՀ ԶՈՒ-երի նկատմամբ ունենալ ռազմավարական առավելություն: Խոսքը անօդաչու գրոհային սարքերի կիրառմանը խոչընդոտող, կանխարգելող կամ հարվածող համապատասխան զինտեխնիկա ձեռք չբերելու մասին է: Կա տեսանյութ, որտեղ նա հեգնախառն ու բարձր տրամադրությամբ ասում է՝ մեզ պետք չեն ԱԹՍ-եր: Երկրորդ՝ թող հիշի, թե ինչպես էին «Պատրոն Դավոյի» հետ գնում այն զինատեսակները, որոնք չկարողացան չեզոքացնել հակառակորդի ռազմավարական առավելությունները՝ ի դեմս գրոհային ԱԹՍ-երի: Մյուս կողմից՝ այնուամենայնիվ, ԳՇ պետն իր ենթական էր: Պատերազմից հետո հրաժարականն ու նման մտքեր արտահայտելը նվազագույնը պատիվ չի բերում որևիցե բարձրաստիճան նախկին զինվորականի, էլ չեմ ասում՝ ՊՆ նախարարին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում