«Քայքայման փուլում ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»․ «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմի հետևանքով մեր բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր են կուտակվել: Եվ փաստացի չունենք որևէ տեսլական, որևէ ծրագրավորված պատկերացում, թե այս պարագայում ինչ պետք է անել: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով գտնվում ենք քայքայման փուլում. մեր տնտեսությունն իր կառուցվածքով չունի զարգացման հնարավորություն, Հայաստանում խորացած ճգնաժամ կա, կա նաև համաշխարհային ճգնաժամ: Ես որևէ լուրջ հեռանկար չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նկատելով, որ այս պայմաններում շարունակում ենք արտաքին պարտք ակնկալել, որ փորձենք պահպանել այս անհասկանալի վիճակը: Բացառապես արտաքին պարտքի վրա հույս դնելու վերջնարդյունքի երեք տարբերակ է մատնանշում տնտեսագետը. «Երբ պարտքը մեծանում է, և տնտեսությունը զարգացում չունի, դա նախ կարող է կանգնեցնել սոցիալական ծախսերի նվազեցման խնդրի առաջ, որտեղ մոտ 80 տոկոսը առաջին անհրաժեշտության ծախսեր են, այդ թվում՝ թոշակները:
Երկրորդ տարբերակը դեֆոլտն է. եթե չես կարողանում նվազեցնել սոցիալական պարտավորությունները, ստիպված գնում ես դեֆոլտի: Կա նաև երրորդ տարբերակը, որը շատ ավելի վտանգավոր է. հարկերը բարձրացնելով՝ միջոցներ ներգրավել: Կարճաժամկետ կտրվածքով միգուցե հնարավոր է ներգրավել, բայց դա ևս չի փրկելու: Մեծ հաշվով, թե՛ այդ պարտքերը, թե՛ քաղաքականությունը, թե՛ ընդհանուր իրավիճակը որևէ ներդրումային կամ զարգացման հեռանկար չեն խոստանում: Սա է հիմնական խնդիրը»: Կարեն Ադոնցի խոսքով, այսօր ամբողջովին պետք է փոխել տնտեսական քաղաքականության տրամաբանությունը, որ կարողանանք համախմբել մեր ողջ ներուժը ու մեզ համար զարգացման հնարավորություններ բացել. «Բայց հիմա տնտեսական քաղաքականության մեջ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ նպատակ: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը խոսում է երկնիշ տնտեսական աճի, ֆինանսներինը՝ 3,2 տոկոս տնտեսական աճի մասին: Բայց այս երկու օղակների ղեկավարների հայտարարությունների մեջ չի կարող հակասություն լինել: Ակնհայտ է, որ, մեծ հաշվով, տեսլական չկա: Ասում են՝ 24 ժամ ենք աշխատում:
Որևէ մեկն ինձ կասի՞, թե 24 ժամ աշխատելով՝ ինչո՞վ է զբաղված էկոնոմիկայի նախարարությունը: Ո՞րն է իրենց քայլերի տրամաբանությունը»: Ինչ վերաբերում է մեծ ներդրումների հնարավորությանը, որի մասին հաճախ հայտարարվում է ոլորտի պատասխանատուների կողմից, տնտեսագետը նկատում է. «Այսօր երկրում տնտեսական ակտիվություն չկա, սպառումն անկում է ապրում, ինչն իր հերթին արտացոլվում է մեր տնտեսական անկման մեջ: Տնտեսությունը մոտ 8 տոկոս անկում է ապրել, ինչն էլ երկրի տնտեսական պահանջարկի անկման մասին է վկայում: Երբ կա տնտեսական անկում, երբ թե՛ արտադրանքի իրացումը, թե՛ ծառայությունների ծավալները նվազում են, ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել: Ինչի՞ հիման վրա պետք է ներդրում անեն այդ մարդիկ: Պետք է պահանջարկը բարձրանա, չէ՞, որ մարդիկ ներդրում անեն ու հետագայում պահանջարկը լրացնեն: Այսօր կա տնտեսական անկում ու այն շարունակվելու է, որովհետև արտաքին որևէ ազդակ չկա, որը մեզ հնարավորություն կտար:
Տեսեք, թե ինչ է կատարվում համաշխարհային տնտեսությունում: Այս պայմաններում որտեղի՞ց են գալիս մեծ ներդրումների հնարավորության վերաբերյալ պատկերացումները»: Շեշտելով, որ տնտեսության անկումն արտացոլվում է բոլոր ոլորտներում՝ տնտեսագետը հավելեց. «Ոլորտների ներկայացուցիչներն ինչպե՞ս կարող են ներդրումներ անել, եթե ընդհանուր տնտեսությունն անկման մեջ է: 3 կամ 4 միլիարդի ներդրումների մասին են խոսում: Սա ևս վկայում է, որ որևէ հստակ պատկերացում չկա: Այդ դեպքում թող նշեն, թե որ ոլորտների մասին է խոսքը, որ ճյուղերին պետք է աջակցություն ցույց տալ, բայց անգամ այդ առումով որևէ պատկերացում չկա: Միայն ընդհանուր խոսակցություններ են երկնիշ տնտեսական աճի, ներդրումների մասին: Իրականում, բացի նրանից, որ մեր խնդիրները շատ խորացած են ու վտանգավոր, այլ խնդիր ունենք, որը հաշվի առնելով՝ քաղաքականությունը շատ արագ է պետք փոխել:
Մասնավորապես, գիտակցելով, հաշվի առնելով հեռանկարները՝ մարդիկ արդեն իրենց ճամպրուկներն են պատրաստում, պլանավորում են երկրից հեռանալ, ինչն ավելի է խորացնելու տնտեսական ճնաժամը, որովհետև գնալով՝ նրանք իրենց հետ տանելու են իրենց մասնագիտական հմտությունները և շուկայական պոտենցիալը, որն ունենք: Սա լրջագույն խնդիր է: Պետք է փոխել քաղաքական դաշտի այսօրվա խայտառակ վիճակի ամբողջ տրամաբանությունը: Այսպես շարունակել չի կարելի, որովհետև մենք լուրջ խնդիրներ կունենանք»: Իսկ թե այս պայմաններում սոցիալական ինչպիսի՞ բեռի ենք բախվում կամ բախվելու առաջիկայում, Կ. Ադոնցը մի քանի գործոն առանձնացրեց: «Մարդիկ կորցնում են աշխատանքը: Կան դժվարություններ՝ կապված եկամուտների հետ: Մյուսը անխուսափելի գնաճն է:
Տարբեր գործոնների միախառնումն անպայման գնաճի է հանգեցնելու, ինչն էլի ազդելու է մարդկանց վրա: Բացի այդ, պետք է սպասարկենք մեր արտաքին պարտավորությունները: Այսինքն, մի կողմից՝ արտաքին պարտավորությունների ճնշումներն են բյուջեի վրա, մյուս կողմից՝ արդեն այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են պատերազմից հետո: Եթե այդ բեռի տակ պետության սոցիալական ոլորտի (նպաստներ, թոշակներ) պարտավորությունները որևէ կերպ խաթարվեն, ու այդ մասով պետությունը հարցեր ունենա, խնդիրները խորանալու են: Մեծ հաշվով, այս ամենը շարունակական խորացման միտում ունի:
Կանխատեսելի չէ, թե այդ սցենարը 3, 6, թե 8 ամսում կլինի, բայց կանխատեսելի է, որ եթե ոչինչ չփոխվի, խնդիրները խորանալու են: Բացի այդ, շատ կարևոր է փոխել ապագայի նկատմամբ բնակչության սպասումները: Այսինքն, եթե մարդիկ համոզված լինեն, որ իրավիճակը փոխելու էական ու հասկանալի քայլեր են արվում, այդ ժամանակ կսկսեն իրենց միջոցները ծախսել, ավելի վստահ զգալ, ինչը կօգնի տնտեսությանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այսօր նման քայլերի փոխարեն պոպուլիստական հայտարարություններ են հնչում:
Արթուր Կարապետյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում