Միամտություն է կարծել, որ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացումը կբերի գների նվազման. Նաիրի Սարգսյան
AnalysisԿԲ նախագահը օրերս հայտարարեց բանկերի վերաֆինասավորման տոկոսադրույքը 0,25 %-ով բարձրացնելու մասին: Դրա նպատակը գնաճի զսպումն է, սակայն որքանո՞վ այն կծառայի նպատակին և ի՞նչ արդյունքի կհանգեցնի: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացմանը նշեց, որ ԿԲ-ը գնաճը զպելու միայն այս գործիքն ունի, որիցև օգտվել է:
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, նշանակում է փողը թանկացնել: Այսինքն՝ փողն ավելի անհասանելի դարձնելու հետևանքով պետք է համախառն պահանջարկը նվազի, որին զուգահեռ էլ պետք է տեղի ունենա գնանկում: Հիմնական նպատակը սա է: Եվ այս ամենի հետևանքով ներդրումային միջավայրում նվազում է տեղի ունենում և եթե առաջարկվող ապրանքների պահանջարկը նվազի, դրանց գները ավտոմատ կերպով կնվազեն: Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչի՞ց է սկսվել գնաճը: Այն պահանջարկի՞, թե՞ առաջարկի գործոններով է պայմանավորված եղել: Ըստ էության, մեզ մոտ գնաճը առաջարկի գործոնով է պայմանավորված, այսինքն՝ հիմնականում ներմուծվող ապրանքները միջազգային շուկաներում թանկացել են և եթե դրան գումարում ենք փոխարժեքի բարձրացումը, ապա, բնական է, որ Հայաստանում վաճառվող ապրանքների գները պետք է բարձրանար: Եվ այս պարագայում հույս ունենալ, որ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացման պարագայում կարող է գների նվազում տեղի ունենալ, կարծում եմ, միամտություն է»,- ասաց Ն. Սարգսանը:
Պալատի նախագահի կարծիքով՝ ներկա իրավիճակում գնաճը զսպել կկարողանա միայն կառավարությունը, իսկ ԿԲ-ի քայլը որևէ արդյունքի չի հանգեցնի, քանի որ իրականում գնաճը պայմանավորված է ոչ թե պահանջարկի, այլ՝ առաջարկի գործոնով: Այսինքն, եթե կառավարությունը կարողանա ԿԲ-ի հետ համատեղ գործողությունների պլան մշակել և հետևողականորեն դրանք իրականացվեն, ապա հնարավոր կլինի իրավիճակի բարելավման հնարավորության մասին խոսել: Հակառակ դեպքում պատկերն է՛լ ավելի կսրվի:
«Կառավարությունը առաջին հերթին պետք է ներդրումների խրախուսման և տնտեսության գերակա ճյուղերի վերագնահատման քայլեր իրականացնի, հասկանալու համար, թե ներկա պահին ո՞ր ճյուղերն են համարվում նպատակային, հեռանկարային և շահութաբեր ու այդ ուղղություններով ծախսեր իրականացնի: Ի դեպ, կառավարության ծախսերը կարող են լինել հարկային արտոնությունների տրամադրման, պետական ֆինանսավորման, սուբսիդիաների տրամադրման, ինչպես նաև դրան զուգահեռ կապիտալ ծախսերի էական ավելացմա տեսքով: Այնինչ, մենք հակառակ պատկերն ունենք, քանի որ բյուջեում ներկայացված դեֆիցիտը ավելի մեծ է, քան կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարները, ինչը նշանակում է, որ ներգրավված պարտքերը ավելի շատ ուղղվելու են ընթացիկ ծախսերի սպասարկմանը, որը խոսում է հարկաբյուջետային քաղաքականության տապալման մասին»,- ասաց Ն. Սարգսյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի առումով ևս պետք է ուղղությունները ճիշտ ընտրվեն, հակառակ դեպքում այդ քայլը ևս անարդյունավետ կլինի: Ի դեպ, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը հանգեցրել է բանկերի կողմից վարկավորման պայմանների խստացմանը և բանկերն արդեն իսկ սկսել են վարկավորման վարքագծի էական նվազում իրականացնել, որոնք, ըստ Ն. Սարգսյանի սպասելի էր և մի քանի գործոնով է պայմանավորված:
«Առաջին հերթին ռիսկայնության գնահատման ցուցանիշն է աճել, որը պայմանավորված է երկրի տնեսական իրավիճակով: Մասնավորապես՝ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով էականորեն տուժած ոլորտներ կան, որոնց բանկերն ընդհանրապես չեն վարկավորում: Օրինակ՝ տուրիզմի և դրան փոխկապակցված մյուս ոլորտները, որոնց գործունեությունը պայմանավորված էին տուրիստական հոսքերով: Բացի այդ, բանկերը պատերազմի հետևանքով բավականին լուրջ չափերի հասնող դուսգրումներ ունեն, քանի որ զոհվածների, ծանր վիրավորում ստացածների կամ տուժած ոլորտների վարկերի վերադարձելիության անհնարինություն է առաջացրել: Մյուս պատճառը ռազմական դրության չչեղարկումն է, որի հետևանքով բանկերը հիմնականում խուսափում են զինապարտության տարիքի տղամարդկանց վարկավորել: Այս ամենը ևս լրացուցիչ լարվածություն կարող է առաջացնել, որը զսպելու համար կառավարությունը պետք է լուրջ քայլեր իրականացնի»,- ասաց Ն. Սարգսյանը:
Արմինե Գրիգորյան