Իսկ արժանապատվությունն «ինչո՞վ են ուտում». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների, փորձագետների կողմից հաճախ է հնչում ահազանգ-մտահոգություն, որ մենք պետություն ենք կորցնում, երկիր ենք կորցնում, նաև՝ ֆիզիկապես, վտանգված է մեր պետականության վաղվա օրը, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի ժամը հսկայական հարված է մեր պետության հիմքերին: Սա պետք է որ սթափության ազդակ դառնար նրանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ սատարում են Փաշինյանին: Խոսքը նրանց մասին չէ, որոնք կորցնելու ինչ-որ բան ունեն (պաշտոն, մանդատ, բարձր աշխատավարձ, քրեական գործերի հեռանկար) և թքած ունեն երկրի, պետության ու ժողովրդի վրա: Խոսքը նրանց մասին է, որոնց այս երեք տարվա ընթացքում կարողացել են մոլորեցնել, խաբել: Ասել, որ նրանցից շատերը չեն հասկացել այս ամենը, միամտություն կլինի:
Սակայն, ցավոք, դեռևս կան այնպիսիք, որոնց նշյալ արժեքների մասին խոսքը ոչինչ չի ասում: Նրանց կարող ես ասել՝ պետություն ենք կորցնում, ինքնիշխանություն ենք կորցնում, պետականություն ենք կորցնում, նրանք կարող են ասել՝ հետո ինչ, կարևորը նախկինները չգան, հետո ինչ, մենք էլ թուրքերի հետ բարեկամություն կանենք, կգնանք-կգանք, փող կունենանք: Նրանց կարող ես ասել՝ արժանապատվություն ենք կորցնում, նրանք կասեն՝ իսկ դա ինչով են ուտում: Այնպես որ, այս տեսակին հազիվ թե արժեհամակարգային որևէ խնդիր հուզի: Ցավոք, ստամոքսային հոգեբանությունը, մակերեսային մտածողությունը դեռևս առկա է մի զգալի հատվածի մոտ, ընդ որում՝ նաև իշխանության: Դժվար է ասել՝ երբ ու ինչ պատճառներով մեր իրականության մեջ այսպիսի հայրենակիցները շատացան: Բայց ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունը նաև այս մասին պիտի հոգ տանի՝ հանրության քաղաքացիականության, արժեհամակարգի ու պատասխանատվության: Պատասխանատվության՝ առաջին հերթին երկրի, Հայրենիքի, պետության ու պետականության հանդեպ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում