Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով
Interview Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման մասին քաղաքագետ Ալեքսանդր Մակարովը դեռևս չի շտապում կանխատեսումներ անել, քանի որ, իր կարծիքով՝ կանխատեսումներ կարելի անել անցյալի մասին: Ինչ վերաբերում է ապագային, ապա կարելի է միայն խոսել զարգացումների հնարավոր սցենարների մասին, հաշվի առնելով ներկա իրավիճակը և մեր անցած պատմությունը: «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը բաժանվել է մասերի:
Ու թեև իրավիճակը չի հասել բացարձակ բևեռացման, բայց եթե այդ տենդենցները շարունակվեն, ապա մենք կունենանք առճակատված հասարակություն: Եվ այս իրավիճակում ունենալով քաղաքական դաշտի անձնավորված իրականություն մենք հնարավորություն կունենանք կա՛մ երկարաձգելու հակասությունը, կա՛մ սկսվելու են բանակցություններ իշխանությունների հետ: Եթե ավելի պարզ ձևակերպենք՝ քաղաքականությունը կա՛մ կոնֆլիկտն է, կա՛մ կոնսենսուսը, բայց մենք այսօր ունենք նաև կոնֆլիկտ տարբեր դերակատարների միջև:
Իրականաում, այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է, նույնիսկ՝ դերակատարներն են նույնը: Եվ այս պարագայում ունենք հետևյալ պատկերը՝ իշխանությունը չի ցանկանում հանձնվել, բայց միևնույն ժամանակ չունի արդյունավետ կառավարման մեխանիզմներ և միջոցներ, դրա կողքին ունենք ընդդիմություն, որը թեև ցանկանում է գալ իշխանության, բայց չի կարողանում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մարկարովը:
Ըստ քաղաքագետի՝ ստեղծված իրավիճակում իրավիճակը սահմանադրական եղանակով հանգուցալուծել հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում իր քայլն անել, իսկ առանց դրա հնարավոր չէ: Մնում է փողոցային պայքարի տարբերակը, որը առայժմ այն աստիճանի չի հասել, որ ստիպի իշխանությանը հայտարարելու արտահերթ ընտրությունների մասին: «Այսինքն՝ մենք առայժմ ականատեսն ենք թույլ իշխանության և այնպիսի ընդդիմության միջև պայքարի, որը չի կարողանում հասնել իր նպատակներին: Այս իրավիճակը ամենայն հավանականությամբ կպահպանվի, ինչը նշանակում է, որ անկայունությունը կշարունակվի, քաղաքական դաշտը պահելով անորոշության մեջ»,- ասաց Ա.Մարկարովը:
Արմինե Գրիգորյան