Իրական քաղաքական մեծամասնությունը գտնվում է այս երկու բևեռների մեջտեղում. Զոհրաբ Գևորգյան
InterviewՊատմաբան Զոհրաբ Գևորգյանի կարծիքով մարտի 1-ից 13 տարի անց ևս նույն ղողանջները լսվում են հանրապետության հրապարակներում, քանի որ այս ընթացքում Հայաստանում քաղաքական առումով ոչինչ չի փոխվել, իսկ քաղաքական վերնախավ արտահայտությունը, պարզապես ծիծաղ առաջացնող երևույթի է վերածվել: «Ցավն այն է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները իրենց քաղաքական խաղադրույքը կատարում են ժողովրդի քաղաքական տգիտության վրա: Երբ տարիներ շարունակ փաստացի ընտրական համակարգերը ձևական են գործել, բնականաբար, չի ձևավորվել ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելու մշակույթ:
30 տարի շարունակ քաղաքական խաղադրույքները իրականացրել են իշխանությունների մանիպուլյացիաները կյանքի կոչելու և սպասարկելու համար: Եվ այս տարիներին իրականությունն այնքան է իրար խառնվել, որ դժվար է այսօր տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական համարել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Զ. Գևորգյանը: Խոսելով տեղի ունեցող իրադարձություններին ընդհանրական գնահատական տալու հնարավորության մասին, նա նշեց, որ հասարակությունը երկար տարիներ օտարված լինելով քաղաքական գործընթացներից, այսօր չի կարողանում վերլուծական մոտեցում ցուցաբերել իրադարձություններին: Եվ դա է պատճառը, որ ավելի շատ անձերի հետևից է գնում, քան գաղափարների:
«Երբ իրադարձություններին մոտենում ենք որպես մեծ կտավի մեկ դրվագի, ավելի ակնառու է դառնում մեր քաղաքական միջավայրի ցածր մակարդակը: Նույնիսկ տարեց անձանց մոտ է երբեմնի գրագետ բառապաշարը կորել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ մենք առաջ գնալու փոխարեն հետ ենք գնացել 19-րդ դարի մակարդակի, էլ չեմ խոսում մոտեցումների մասին: Ցավոք, քաղաքական դաշտում չկա այլընտրանքի առաջարկը, միտքը, գաղափարը:
Եվ կարծես քաղաքական պայքարը սկսվում և ավարտվում է բեմից ցեխ շպրտելով, հասարակությանը թույլ չտալով իրական, գաղափարական դիսկուրսի ականատես լինելու: Թե որքան կշարունակվի նախկին հին ու գաղջ մթնոլորտի ռեստավրացիոն աշխատանքերը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այն պայքարը, որն այսօր տեղի է ունենում հետամնացության պահպանման ու որոշակի առաջընթաց արձանագրելու միջև է ընթանում: Բայց պետք է նկատել նաև, որ այսօր իրական քաղաքական մեծամասնությունը գտնվում է այս երկու բևեռների մեջտեղում և ժամանակն է երրորդ բևեռ ձևավորելու»,- ասաց Զ. Գևորգյանը:
Արմինե Գրիգորյան