«Պետականություն են վերացնում. եթե այս կառավարությունը մնա, շարունակելու է իր ազգադավ ու հակահայկական գործունեությունը»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, իշխանության գործողությունները դուրս են որևէ տրամաբանությունից ու բարոյական նորմերից: ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը հաջորդած ամբողջ գործընթացը նա պայմանավորում է իշխանության՝ բանակը մինչև վերջ կազմաքանդելու նպատակի հետ: Հիեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջել էր կառավարության ու վարչապետի հրաժարականը, իսկ երեկ արդեն Ն. Փաշինյանը իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
«Այս առճակատումն իր պատճառն ունի: Բանակի սպաները հասկացան, որ այդ անձը հենց բանակին է փորձում դավաճանության գլխավոր մեղավոր սարքել: Մենք՝ քաղաքացիներս, այդ փոխադարձ մեղադրանքները չենք լսում, բայց փորձում ենք գուշակել՝ ինչու: Ինչի՞ց է սա սկսվել:Քանի ամիս թե՛ ԳՇ սպաները, թե՛ պետը ձայն չէին հանում, հանդուրժում էին դավաճանությունը՝ շատ լավ իմանալով, որ տեղի է ունեցել ոչ թե ռազմական պարտութուն, այլ դավաճանություն: Նրանք ձայն չհանեցին մինչև այն հասունացող պահը, որը տեղավորվում էր՝ «եկեք բանակը կազմալուծելու համար բարձրագույն սպայական կազմին էլ մեղադրենք» տրամաբանության մեջ:
«Իսկանդերի» մասին հայտնի հայտարարությունից ու ԳՇ պետի տեղակալի շուրջ խմորումներից հետո ԳՇ-ն հասկացավ, որ հիմա էլ իրենց կսարքեն դավաճան: Բնականաբար, նրանցից և ոչ մեկը չէր ցանկանա դա: Մեծ հաշվով, Փաշինյանը փնտրտուքի մեջ է. գխավոր դավաճան է ման գալիս՝ իր ազգանունից այդ պիտակը ջնջելու ու հանելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա շեշտեց, որ այս ամենից բխող մի վտանգ կա. «Մեր երկիրը կանգնած է կործանման եզրին: Քիչ է մնացել, որ ներքին թուրքերն ամբողջությամբ կործանեն ՀՀ-ն, իսկ Արցախի Հանրապետությունն արդեն կործանման են հասցրել: Հարցն այն է նաև, որ այդ կործանումն իրապես կասեցնելու խնդիր կա: Հայաստանի տարածքից հողեր են տալիս, Շուռնուխից տասներկու տուն տվեց՝ տարբեր բացատրություններով, արդարացումներով, հղում անելով Խորհրդային Հայաստանի քարտեզներին, անտեսելով կամ հաշվի չառնելով, օրինակ՝ այն հանգամանքը, որ Խորհրդային Հայաստանի քարտեզը մի քանի տարբերակ է ունեցել: Կամ՝ ինչո՞ւ լուծարեցին համապատասխան պետական հաստատությունը, որը քարտեզագրումով էր զբաղվում: Ինչո՞ւ այդքան մասնագետ գործազուրկ դարձավ: Երևի, որ թուրքը գա ու մի արդարացումներից մեկով էլ ասեն՝ համապատասխան վարչություն չունեմ, դե լավ՝ դուք գծեք: Ամեն ինչ իր բացատրությունն ունի: Ամեն ինչ ունի իր քաղաքական ու դավաճանական աստառները, և հայտնի չէ, թե պիջակի տակ էլ ինչ է պահում: Իրականում ինչ թելադրում են, այն էլ անում են»:
Սերգեյ Շաքարյանցը շեշտեց՝ պետականության ողնաշարը զինված ուժերն ու 1990-ականների ռազմական հաղթանակներն են եղել: «Կամաց-կամաց բոլոր տեղերից սկսել են, բայց իրենց բուն նպատակը զինված ուժերը կազմաքանդելն էր, ինչը դեռևս հաջողությամբ կատարում են: Դա դրսի ուժերի պատվերն է, որոնց հասցեները հայտնի են: Եթե մենք բանակ չենք ունենում, ապա մնացած կառույցները փլուզվում են: Այդ դեպքում հույսը մնում են ֆիդայական ջոկատները՝ որ գյուղը ավելի երկար կդիմադրի: Այսինքն, 1915 թիվ: Պարզապես այն ժամանակ պետականություն չկար, այս անգամ եղել է, ու այն վերացնում են: Սա է այն պնդման պատճառը, որ Հայաստանը կործանման եզրին է: Եթե այս կառավարությունը մնա, շարունակելու է իր ազգադավ ու հակահայկական գործունեությունը. սա է լինելու ապագան»:
Քաղաքագետի խոսքով, արտաքին ու ներքին կործանարար սպառնալիքները միշտ փոխկապակցված են: «Կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանի ոչնչացմամբ. Թուրքիա, Իսրայել, Արևմուտք: Այդ ուժերը Փաշինյանի գլխավորությամբ լուրջ խաղում էին մինչև 2020 թ. վերջերը: Եվ կար մի հարևան պետություն, որն այս ամենը նկատում էր ու չէր էլ թաքցնում իր անհանգստությունը: Դեռ 2018 թվականին Իրանից ինձ անձամբ հարցրել են՝ էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ են Արցախ մեկնում, օրինակ՝ տարատեսակ իսրայելցիներ: Իրանն այս ընթացքում տարբեր մակարդակներով ազդակներ է հղում: Հիմա այնպիսի մարդիկ պետք է գան իշխանության, որոնք գոնե Իրանի համար այնքան մտահոգիչ չեն լինի: Այսօր Իրանից շատ բան է կախված, ավելի շատ, քան առաջ»,-ասաց նա:
Խոսելով մեկ այլ սպառնալիքի մասին՝ քաղաքագետը շեշտեց. «Արտաքին ահազանգերն ու ազդակները հաշվի առնելով՝ ՀՀ-ին վաղ թե ուշ անդրկովկասյան Սիրիա դառնալու ճակատագիրն է սպասվում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում