«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում ամենածանր վիճակում հայտնվենք». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հատկապես Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում փորձում է մաքսիմալ ամրապնդել իր դիրքերը: Ուղիղ համեմատական կարգով նույնը փորձում է անել նաև Ադրբեջանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:
«Մեծ հաշվով, ստեղծված իրավիճակում տարածաշրջանի դոմինանտ պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, ինչն արդեն իսկ արտահայտվում է տարբեր երևույթներով: Օրինակ՝ սկսած զորավարժություններից, որոնցով Թուրքիան, այսպես ասած, ատամ է ցույց տալիս տարածաշրջանում գերիշխող գերտերություններին: Թուրքիան փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում ինքն է ստանձնել, այսպես ասած, դիրիժորի դերը: Ամեն դեպքում, այս ամենը դեմ է մասնավորապես Ռուսաստանի շահերին, որն էլ իր հերթին է փորձում տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել: Բնականաբար, Իրանին ևս դուր չի գալիս, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ Իրանն իր սպառազինությունը, հարվածային նոր ԱԹՍ-ներն է ցուցադրում: Տարածաշրջանում Իրանն էլ բավականին գերիշխող դիրք ունի և թույլ չի տալու, որ Թուրքիայի ազդեցությունը շատ մեծանա»,-ընդգծեց Վ. Մանգասարյանը: Անդրադառնալով այս բալանսի մեջ Հայաստանի դիրքին՝ նա նշեց.
«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն իսկ ամեն ինչ արել է, որ մենք տարածաշրջանում հնարավոր ամենածանր վիճակում հայտնվենք՝ սկսած տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքից, վերջացրած սպառազինությամբ, բանակով և այլն: Այսինքն, այս իշխանությունները տարբեր ասպեկտներով ապացուցում են, որ ունակ չեն մեր երկրի շահերի համար մաքսիմալ ճիշտ դիրքում լինել, իսկ այդ ամենը շատ վտանգավոր է մեր պետության համար: Բայց ստեղծված իրավիճակում առավելագույն կերպով պետք է կարողանանք ճիշտ դիրք ընդունել մեր ռազմավարական դաշնակիցների և հարևան պետությունների՝ մասնավորապես Իրանի, Վրաստանի հետ հարաբերություններում: Պետք է փորձել ի նպաստ հայկական շահերի դիրքավորվել, ինչը իշխանությունների ոչ մի գործողության մեջ չի արտացոլվում»: Անդրադառնալով Ադրբեջանից եկող ազդակներին, մասնավորապես լայնածավալ զորավարժություններին ու Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին՝ Վիտալի Մանգասարյանը խոսեց դրանց բնույթի մասին:
«Այդ ազդակներն առաջին հերթին սպառնալիք են հենց մեզ համար: Նույն գրավյալ տարածքներում Ադրբեջանն արդեն զորամասեր է կազմավորում: Մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ ինժեներական աշխատանքներ են կատարում, դիրքերն են ամրապնդում, ենթակառուցվաքներ են ստեղծում: Եթե մեզ կարող է թվալ, որ այս ամենը կարճաժամկետ կտրվածքով մեզ համար սպառնալիք չէ, բայց երկարաժամկետ առումով, ամեն դեպքում, այդ ամենն առաջինը ուղիղ սպառնալիք է հենց մեզ համար»,-ասաց նա:
Իսկ թե որքանով են մեր գործողությունները համահունչ այդ սպառնալիքներին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մեր զրուցակիցը նկատեց. «Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո երկրի բարձրագույն իշխանությունների կողմից բազմիցս լսում ենք իրար հակասող տարբեր հայտարարություններ: Առավոտյան մի բան են հայտարարում, երեկոյան պարզվում է՝ նման բան չկա: Իրենք իրենց հերքում են, ու այդ ամենն ուղիղ արտացոլվում է բանակի վրա, որի վառ ապացույցն են այն բոլոր տեսանյութերը, որոնք առավոտյան մի թեզ են առաջ տանում, երեկոյան նույն մարդիկ հերքում են իրենց ասածը: Մեծ հաշվով, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ այս պահը չի հրապարակել այն տեսլականը, թե ինչ ենք ուզում վաղն ունենալ: Խոսում են բանակում առկա ինչ-որ ռեֆորմների մասին, բայց մի քանի օր հետո ավելի բարձր մակարդակով հայտարարվում է, թե այդ ռեֆորմները դեռ քննարկման փուլում են: Իսկ մի շաբաթ հետո էլ ԱԽ քարտուղարն ասում է, թե այդ ռեֆորմներն ընթացքի մեջ են: Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ ռեֆորմների մասին է խոսքը. շոշափելի ու տեսանելի բան չկա, ըստ որի, հասարակությունը, փորձագիտական հանրությունը կտեղեկանան, թե ինչ է տեղի ունենում»:
Ամփոփելով՝ Վ. Մանգասարյանը հավելեց. «Տարիներ շարունակ մեր հասարակության համար երկրում ամենավստահելի կառույցը պաշտպանական գերատեսչությունն է եղել: Ինչ էլ լիներ, հասարակությունը վստահել է պաշտպանության քաղաքականությամբ զբաղվող մեր մարմիններին, բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունն այլևս չի վստահում ու լուրջ չի վերաբերվում հայտարարություններին: Այդ վստահությունը վերականգնելու համար հսկայական աշխատանք է պետք, ինչը գոնե այսօրվանից պետք է սկսել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում