Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում
AnalysisՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը ապրիլի 26-ին գրության էին ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն` գերիների հետ կապված տեղեկություններ ստանալու և ՊՆ նախարարի հետ հանդիպելու նպատակով։ ՊՆ-ից գրությանն ի պատասխան պատգամավորներին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում, ուստի նման հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար»։
Այս թեմային նաև անդրադարձել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, ով ցանկանում է նախարարից լսել, թե այդ դեպքում ով է զբաղվում գերիների խնդրով, եթե ոչ ՊՆ-ն։
«Ես հաշվում եմ, որ դա մի ճշմարտություն բացեց մեր հասարակության համար, որ իսկապես ՀՀ ՊՆ-ն չի զբաղվում ռազմագերիների հարցով։ Մենք երևի թե պետք է շնորհակալ լինենք նախարարին նման ճշմարիտ պատասխանի համար, որովհետև նա ընդունեց, որ ՊՆ-ն իսկապես միայն ուղարկել է մեր տղաներին այնտեղ պատերազմելու և հիմա այլևս չի զբաղվում ռազմագերիներով և փաստորեն ստացվում է, որ ՊՆ-ն մտածում է, որ ռազմագերիների խնդիրը իրենցը չի։ Հետաքրքիր կլիներ լսել նաև նախարարի պարզաբանումը, թե այդ դեպքում գերիների խնդիրը ում խնդիրն է և ով է զբաղվելու այդ խնդրով եթե ոչ ՊՆ-ն»։
Սոնա Գիշյան