Ռոման Ամոյանն՝ Օսլոյից․ Հավատում էի, որ Մալխասը հաղթելու է
SportԱնչափ ուրախ եմ, չեմ կարող նկարագրել զգացողություններս: Ես հավատում էի, որ Մալխասը հաղթելու է եւ հենց այդ հավատով այստեղ էի նրա կողքին: Շնորհավորում եմ ամբողջ հայ եւ եզդի ազգին այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Իմ հաղթանակներից առավել մեծ հաղթանակ է սա ինձ համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օսլոյից ասաց Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյան:
Քիչ առաջ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի մրցագորգում 22-ամյա Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
Հաղթական սուլոցից հետո Ռոման Ամոյանը, որը եզրափակիչ գոտեմարտի հայկական անկյունի մարտավկան էր, մրցագորգ բարձրացավ եւ գրկեց նորընծա աշխարհի չեմպիոնին:
«Զգացողություններս աննկարագրելի են: Շատ էինք սպասում այս մեդալին: Անչափ ուրախ եմ, ուրախությանս չափ չկա:
Որպես մարզիչ, որպես Մալխասի հորեղբայր, հայ եւ եզդի ազգին շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Շնորահակալ եմ մեր հավաքականի մարզիչներին՝ Էդուարդ Սահակյանին, Սամվել Գեւորգյանին, Ալեքսանդր Հովհաննիսյանին, Գեւորգ Ալեքսանյանին, թիմի բոլոր տղաներին:
Շնորահակալ եմ բոլորին, ովքեր աշխատել են Մալխասի հետ, քայլել նրա հետ այս ճանապարհով, մարզվել, խորհուրդ տվել: Այս հաղթանակը միայն Մալխաս Ամոյանինը չի: Սա բոլորի հաղթանակն է, քանի որ եղել է բոլորի ցանկությամբ: Եթե չկամենային, այս հաջողությունը չէինք ունենա:
Ունենք լավ թիմ, լավ հավաքական: Մենք էլ կողքից ամեն ինչ անում ենք, որ Մալխասն ավելի շատ հաղթի, սխալները պակասի, հաջողությունները շատանա:
Հոգուս խորքում հավատում էի, շատ էի հավատում, որ այս աշխարհի առաջնությունում Մալխասի մոտ ամեն ինչ ստացվելու է: Այդ հավատով էի այստեղ, վստահ էի, որ հաղթելու է:
Եզրափակիչում շատ գրագետ գոտեմարտ վարեց: Իրականում Մալխասը շատ սառնասիրտ եւ գրագետ ըմբիշ է: Նա ապացուցեց, որ այս քաշային կարգում լավագույնն է, ապացուցեց նաեւ, որ ըմբշամարտում, մեծ սպորտում ինքը դեռ մեծ ասելիք ունի:
Մոտակա 10 տարին Մալխասը դեռ իր ասելիքը կասի մեծ սպորտում: Ես մեծ հաղթանակներ եմ ունեցել իմ կարիերայում, շատ հաղթանակներ եմ տեսել, բայց Մալխասի այսօրվա հաղթանակի զգացողությունները, ուրախությունն աննկարագրելի են, անփոխարինելի են: Ես շատ եմ հաղթել, բայց իմ հաղթանակները չեմ էլ զգացել, բայց իր հաղթանակները զգում եմ եւ ավելի եմ ուրախանում»,- ասաց Ռոման Ամոյանը:
յս ընթացքում Մալխաս Ամոյանը դոպինգ թեստ է հանձնում: Հայաստանի թիմում աննկարագրելի ուրախություն է:
Լուսինե Շահբազյան