«Թատրոն չկա, որ խնդիր չունենա, բայց բոլոր հարցերն աստիճանաբար լուծվում են». «Փաստ»
Culture«Փաստ» օրաթերթը գրում է
Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1935 թ.-ին՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն՝ Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ (թատրոնի ռեժիսորն ու առաջին տնօրենը)։
«Այս ողջ ընթացքում թատրոնն աշխատել է առանց դադարների: Այն գործում է իր սեփական շենքում 2006 թ.ից, չնայած պետք է նշեմ, որ շենքը փոքր է, պետության հետ պայմանավորվածություններ ունենք շենքն ընդլայնելու, մեծացնելու համար: Շենքի հարակից հողատարածքները սեփականաշնորհել ենք, դրանք արդեն թատրոնին են պատկանում: Այս պահին նախագծային աշխատանքներ ենք սկսել, ցանկանում ենք շենքի հետնամասում երեք հարկանի նոր շենք ունենալ և մեծացնել նաև դիմային մասը: Բանավոր պայմանավորվածություններ ունենք՝ կապված ֆինանսավորման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը: Թատրոնում սերնդափոխություն արդեն տեղի է ունեցել:
«Թատրոնն ունի 23 դերասան: Նկատում ենք, որ թատերական աշխարհի, դերասանի մասնագիտության հանդեպ երեխաների հետաքրքրությունը գնալով մեծանում է: Շուտով թատրոնը սեփական ստուդիա կունենա, ավարտել ենք փաստաթղթերի հետ կապված հարցերը: Կարծում եմ, որ արդեն հունվարից կգործի թատրոնին կից ստուդիան»,-նշում է մեր զրուցակիցը: Աթայանը հավելում է՝ թատրոնի տնօրեն է դարձել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
«Այդ ժամանակ երեք ամսում յոթ պրեմիերա է թատրոնում եղել: Դա համարվում էր ռեկորդային թիվ: Հրավիրել ենք տարբեր ռեժիսորների, ներկայացումներ բեմադրել: Հիմա էլ շարունակում ենք մեր աշխատանքները, իհարկե, համաճարակը բավականին խանգարեց: Չնայած, որ մեր իսկ սահմանած գրաֆիկից առաջ էինք, ներկայացումների առումով դրա ազդեցությունը մեզ վրա շատ չզգացինք: Մինչև համաճարակն աշխատելով հինգ ամիս՝ ունեցել ենք ինը պրեմիերա, հետո էլ թատրոնը պարբերաբար պրեմիերաներ ունեցել է: Օրերս «Կոդա» փաստագրական դրամայի պրեմիերան էր թատրոնում, գործը և երաժշտությունը գրել ենք մենք, որպես բեմադրող ռեժիսոր հրավիրել ենք Կրասնոդարի թատրոնի ռեժիսոր, դասախոս, մեր լավ ընկեր Գալուստ Ներսիսյանին»,-ընդգծում է թատրոնի տնօրենը:
Հավելում է՝ հանդիսատեսի արձագանքների մասին և նրանց փոխարեն խոսել չի կարող, դա պետք է տեսնել սեփական աչքերով: «Ամեն դեպքում ներկայացումների ժամանակ մենք ազատ աթոռ չենք ունենում: Մինչև պատերազմը ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ունեցել ենք ներկայացում, հիմա տեմպը մի քիչ թուլացել է հասկանալի պատճառներով: Այժմ վերանայում ենք ներկայացումների ցանկը, որոշները հանել ենք խաղացանկից, որոշները՝ փոփոխության ենթարկել, փոխել ուղղությունը»,-հավելում է մեր զրուցակիցը:
Համագործակցում են մարզային և մայրաքաղաքային գրեթե բոլոր թատրոնների հետ: «Ունենք պայմանավորվածություններ, արդեն չորս թատրոն մեզ մոտ հյուրախաղերի են եկել, մինչև տարեվերջ սպասում ենք ևս երկու թատրոնի: Մյուս տարի արդեն մենք կսկսենք շրջագայել բոլոր թատրոններով, այս պահին լուծում ենք մեր սեփական տրանսպորտի հարցը»,-նշում է Աթայանը: Խնդիրների մասին: «Թատրոն չկա, որ խնդիր չունի: Թատրոնի ընդլայնման հարցն ընթացքում է:
Բեմը մեծացրել ենք, լուսավորությունն ամբողջությամբ նոր է, ամեն ինչ արել ենք մեր ուժերով՝ արտաբյուջեի՝ վաճառված տոմսերի հաշվին, պարբերաբար վերանորոգումներ ենք իրականացնում, ունենք ձայնագրման՝ տեխնիկապես ամբողջությամբ հագեցված պրոֆեսիոնալ ստուդիա և այլն, առաջացող բոլոր հարցերը լուծում են ստանում: Մենք չենք սպասում, ինքնուրույն կարողանում ենք մեր հարցերը լուծել: Որքան «կձգենք», չգիտեմ, բայց ամեն ինչ անում ենք: Կարևոր է, որ քաղաքում թատրոնի հանդեպ վերաբերմունքը դրական է»,-եզրափակում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում