Ամեն ինչ անում են, որ ինչ-որ սուտ ցուցմունքների հասնեն. Դավիթ Գալստյանի պաշտպան
InterviewՆախաքննության մարմնի կողմից կոպիտ խախտումներ ենք արձանագրել: Բոլոր այն դեպքերը, երբ կարող են մեղադրանքին հակառակ ու պաշտպանական կողմին արդարացնող ինչ-որ տվյալներ ձեռք բերվել, նախաքննության մարմինը խուսափում է այդ տվյալները ձեռք բերելուց:
Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն, այս պահին կալանքի տակ գտնվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, նշվածի վկայությունը փաստող հանգամանքներից մեկը զենքի որակը որոշելու փորձաքննությունը կանգնեցնել էր:
«Դավիթ Գալստյանին մեղադրում են անորակ զենք մատակարարելու մեջ: Զենքի որակյալ կամ անորակ լինելու հարցին պետք է հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետը պատաս[անի: Գործը հարուցելու առաջին ժամանակահատվածում քննիչը նշանակում է փորձաքննություն՝ պարզելու՝ մատակարարված զենքն անորակ է, թե որակյալ: Բայց մոտ տասն օր առաջ, երբ Վերաքննիչ դատարանում կալանքի բողոքն էր քննվում, տեղեկացանք, որ քննիչը վերացրել է այդ որոշումը: Այսինքն, այս պահի դրությամբ մենք լուրջ խնդիր ունենք՝ կապված որակը որոշելու հետ: Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում, մինչդեռ պաշտպանական կողմն ամենասկզբից հայտարարել էր, որ հրթիռները որակյալ են, ինչի օբյեկտիվ պատասխանը կարող է տրվել փորձաքննության շրջանակում»,-ասաց պաշտպանը:
Անդրադառնալով նաև զենքի՝ կրկնակի թանկ գնով վաճառելու մեղադրանքին, նա նշեց, որ այդ առումով էլ առաջարկել են ապրանքագետ ներգրավել. «Վստահ եմ, որ գնի առումով ևս խնդիր չկա, բայց հասկանալով, որ ցանկացած փորձագետ օբյեկտիվ դիտարկելու դեպքում չի կարող հիմնավորել նախաքննական մարմնի նշված վարկածը, այդ մասով ևս փորձաքննությունն անկատար է թողնվել: Այսօր ո՛չ որակի, ո՛չ գնի վերաբերյալ փորձաքննություն կամ գործողություն չկա: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ նախաքննական մարմինը ճշմարտությունը բացահայտելու նպատակ չունի: Մանիպուլյացիոն հայտարարություններով կրկին շղարշ է ստեղծվում, ինչի նպատակը Դավիթ Գալստյանին կալանքի տակ պահելն է: Ցանկացած դեպքում արձագնագրում ենք, որ մատակարարված հրթիռների հետ սա որևէ կապ չունի, սա գործեր հարուցելու ու մարդկանց կալանքի տակ պահելու առիթ է»:
Պաշտպանը նշեց, որ իրենց մտավախությունները գնալով հաստատվում են. «Քննիչի գործողությունները բողոքարկել են Դատախազությունում: Սահմանված բոլոր ժամկետներն անցել են, բայց որևէ պատասխան չունենք նաև դատախազությունից: Սա ենթադրում է, որ դատախազությունն էլ է այս ապօրինի գործողությունների մասնակիցը: Մենք գիտենք նաև, որ գործով կան ձերբակալված վկաներ, որոնք այդ գործով ցուցմունքներ են տվել: Ենթադրում եմ, որ նրանց ձերբակալելով, միգուցեև կալանավորելով, իրենց համար մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներ կկորզեն: Այդ մտավախությունն ունենք՝ հաշվի առնելով այս վերջին ժամերին մամուլում տարածված տեղեկությունները: Ընդհանուր առմամբ, ոչ միայն չեն ուզում օբյեկտիվ իրականությունը պարզել, այլև ամեն ինչ անում են, որ ինչ-որ սուտ ցուցմունքների հասնեն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել են ՀՀ պաշտպանության նախկին (2018-2020) նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նրանք այսօր կալանավորված են: Ըստ հաղորդագրության՝ նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար: