«Եթե այսպես շարունակվի` ամռանն էլ թշնամին կգա Սևանում կլողանա, մեր իշխանությունները` Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան». Բերդաշենի բնակիչ
SocietyԴեկտեմբերի 10-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետությունում մի քանի ուղղություններով դիմել է սադրանքների, կրակել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ, որի հետևանքով մանկարպարտեզի մոտ տեղակայված մեքենան պայթել է, հաջողվել է շատ արագ երեխաներին տարհանել մանկապարտեզից։ Թշնամին կրակել է նաև Թաղավարդի ուղղությամբ, խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել իրենց հողամասում։
168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանը նշեց, որ իր այգին թշնամու դիրքերի անմիջապես հարևանությամբ է, և նկատում է նրա բոլոր տեղաշարժերը։
«Այսպես ասած՝ ես առաջին ձեռքում եմ, ամենամոտն եմ վտանգավոր տարածքին, այդ պատճառով էլ այգուս բերքը կիսատ-պռատ եմ հավաքել։ Պետք է այգին մշակելու աշխատանքներ սկսենք, բայց դե թշնամուն շատ մոտ գտնվող այգու հատվածը ո՛չ վարվել, ո՛չ էլ ցանվել է։ Որևէ տրակտորիստ ռիսկ չի անում մտնի այդ այգիները` վարի, մարդ են, վախենում են իրենց կյանքի ու տեխնիկայի համար։ Դիմել ենք տեղի խաղաղապահներին, մեզ ասել են, որ կա խաղաղապահների հատուկ բրիգադ, պետք է դիմենք նրանց, որպեսզի գան` կանգնեն, մենք հանգիստ մեր գյուղատնտեսական աշխատանքներն անենք։ Ես շատ վրդովվեցի, ասացի՝ եղբայր, սա իմ աշխատելու վայրն է, տարվա 365 օրվանից 300 օրն այդ այգում եմ աշխատում, հիմա 300 օ՞րն էլ գնամ՝ դիմեմ բրիգադին, որ գան՝ կանգնեն։ Հիմա այնպիսի վիճակ է, որ թուրքը կրակում է, երբ ուզում է»,- նշեց Բերդաշենի բնակիչը։
Նա տեղեկացրեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ Բերդաշենի բնակիչներից մեկը բանվոր է բերել, որպեսզի իր խաղողի այգում աշխատանքներ կատարեն, ռուս խաղաղապահները եկել ու բանվորներին այգուց հանել են՝ ասելով, որ այդ պահին չեն կարող նրանց կյանքի համար պատասխան տալ։
«Մարդ եթե գնա այգի ու մտածի, թե՝ վայ, հիմա կկրակեն, վայ, վաղը կկրակեն, և այլն, այդպես աշխատել կլինի՞, ես չեմ պատկերացնում։ Արցախի կառավարությունը մի օր չի եկել այստեղ, տեսնի, թե ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է լինելու, ի՞նչ ենք անելու։ Ես թշնամու քաղաքականությունը հինգ մատներիս նման անգիր գիտեմ, այդպես կկրակեն, ոտնձգությունների կդիմեն, որպեսզի մարդիկ լքեն իրենց գյուղը, եթե թուրքն այս ամենի համար հայկական կողմից պատասխան չստանա, մի օր էլ կմտնի գյուղ, կասի՝ գնացեք։ Սա թուրքի քաղաքականությունն է, ինչը նոր չէ, դարեր շարունակ այդպես է եղել»,- հավելեց Կամո Աղաջանյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսից թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հարմար տեղավորվել է Սև լճի տարածքում, սակայն սրա մասին Հայաստանում կարծես թե մոռացել են, և վերջին շրջանում որևէ պաշտոնյա դրա մասին չի խոսում։
«Եթե այսպես շարունակվի՝ ամռանն էլ թշնամին կգա՝ Սևանում կլողանա, մեր իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան Սևանի ափին։ Թուրքի քաղաքականությունն է, մանրից ջրազրկում են, վախեցնում են։ Հիմա մեր ապրուստի միջոցն այդ հողն է, դա էլ որ չմշակենք, ինչո՞վ ենք ապրելու։ Մի հին խոսք կա՝ թուրքին մինչև չծեծես՝ բարեկամ չի դառնա։ Եթե այդպես չանենք, կգա մեջքներիս հետևում կկանգնի ու ինքը մեր վիզը կկտրի։ Եկան, մեզ գցեցին թուրքի բերան, իրենք «ղրաղ» քաշվեցին։ Հետ գնացեք 1988 թվական, օրերով հետ եկեք մինչև 2018 թվական, տեսեք՝ մենք այդ ընթացքում ինչ ենք արել՝ մի տականք ծնվեց ու ամեն ինչ վարի տվեց։ Բա այդքան տարի մենք բանակ ստեղծենք, ու այդ տականքը մեկ ամսվա մեջ զրոյացնի ամբողջը։ Ինչերի միջով անցանք, ինչ ունեցանք ու հիմա ինչ ունենք։ Նիկոլը գոռում էր, թե մենք այլևս Դերզորի ճամփորդը չենք, տեսաք՝ ինչ եղավ։ Աննա Հակոբյանն ո՞ւր է, չի երևում, Մեհիբանին հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու, Երևան էլ կհրավիրի, վստահ եմ։ Էս մարդկանց ուղեղները մտել են ստամոքսների մեջ։ Թող իմանան՝ թուրքը Հայաստանը պատկերացնում է առանց հայի»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Բերդաշեն համայնքի վարելահողերն ու այգիները գտնվում են թշնամու դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա։