«Տնտեսության ճյուղերում վերականգնման գործընթաց չկա. գնաճի պաշտոնական ցուցանիշը չի արտահայտում իրական վիճակը»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ 12-ամսյա գնաճը կազմեց 7,2 %:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը պաշտոնական տվյալներն ինքնին արդեն բարձր ցուցանիշ է համարում: «Մեր երկրում գնաճի՝ օրենսդրությամբ սահմանված 4+-0,5 % սահման կա, իսկ շուրջ 7 տոկոսը դուրս է այդ սահմանից: Մեր երկրի պարագայում դա ահավոր ցուցանիշ է: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Անկախ այդ պաշտոնական ցուցանիշից, կան սննդի տեսակներ, որոնց գինը 30-40 տոկոսով է բարձրացել: Խոսքը բանջարեղենի, նաև շաքարավազի թանկացման մասին է: Սա արդեն խոսում է այն մասին, որ գնաճի պաշտոնական ցուցանիշը չի արտահայտում իրական վիճակը: Իրականում սպառողական զամբյուղի մեջ մտնող մի քանի ապրանքներ ու ծառայություններ պետք է առանձին դիտարկել, որ հնարավոր լինի ստանալ գնաճի ու գնողունակության համեմատությունը:
Կան ապրանքներ, որոնցից մարդն իր կյանքում մեկ-երկու անգամ է օգտվում, մինչդեռ հացը, պանիրը, շաքարավազը նա չի կարող չօգտագործել: Առհասարակ գոյություն ունի միջազգային մեթոդիկա: Գնաճը գնահատելու համար դիտարկվում են 470 ապրանքներ ու ծառայություններ, իսկ արդյունքում ստացվում է միջին թիվ: Կա նաև մեթոդիկա, երբ սպառողական զամբյուղի մեջ գտնվող 20-25 ապրանքներն ու ծառայություններն են առանձին գնահատվում, ինչի արդյունքում ստանում են իրական գնաճի ցուցանիշը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը:
Վերջինս հավելեց՝ մեզ մոտ սպառողական միջին զամբյուղը կազմում է 57 հազար դրամ, իսկ պարենային զամբյուղը՝ 35 հազար դրամ. «Ապրանքների մեջ ավելի քան 60 տոկոսը կազմում է սնունդը: Քաղաքակիրթ երկրներում, երբ սպառողական զամբյուղի մեջ սնունդն անցնում է 25 տոկոսի սահմանը, սկսում են սոցիալական օգնության տարբեր ծրագրեր կիրառել: Մեզ մոտ 60-65 տոկոս է, ինչի մասին, սակայն, լռում են՝ ներկայացնելով միայն ֆորմալ թվեր, որոնք զուտ ֆորմալ պատկեր են ձևավորում:Իրականում գնաճը վատ բան չէ, այն տնտեսության զարգացման խթան է՝ նայած ինչ չափերով ու ինչ տեմպերով: Համենայն դեպս, ոչ այն տեմպերով, ինչպիսին մեզ մոտ է: Բայց ավելի կարևոր ցուցանիշ կա՝ եկամուտները պետք է աճեն առաջանցիկ տեմպերով: Եթե մարդկանց եկամուտը գնաճից մի քանի տոկոսով ավելի շատ է աճել, չեն զգա ու չեն էլ նկատի գնաճը: Մեզ մոտ եկամուտների աճ չկա, վերջին տարիներին թոշակը աննշան է բարձրացել, ինչը ոչինչ չփոխեց: Իսկ 27 հազար դրամ թոշակ ստացողների թոշակը 2000-ով ավելացնելը ոչ միայն ծաղր է, այլև վիրավորական է»:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ առկա ու սպասվելիք թանկացումները խորացնելու են սոցիալական խնդիրները: «Մասնավորապես, երբ էլեկտրաէներգիան թանկանա, շատ ապրանքների գնագոյացման բաղադրիչն ավելանալու է: Շղթայական ռեակցիայով գները կբարձրանան: Իրենց ազդեցությունն են ունենալու նաև ջրի և գազի գների բարձրացումը: Միակ հույսը տնտեսության առողջացումն ու ծավալների մեծացումն է: Այս պահին, սակայն, ես չեմ տեսնում տնտեսական բլոկի աշխատանքը: Իհարկե, վերահսկողական գործառույթների մասով հարցեր կան, բայց ավելի կարևոր հարցն այն է, թե ինչպես անել, որ տնտեսությունը շնչի: Մենք գիտենք բազմաթիվ փակված ձեռնարկությունների մասին, սակայն չգիտենք բացվածների մասին: Բացի սննդի արտադրությունից, մեր երկրում տնտեսության որևէ այլ ճյուղում վերականգնման գործընթաց չկա: Լեռնային հանքահումքի արտահանումը, որը արտաքին առևտրի 20-25 տոկոսն է, պարզապես վաճառք է: Այն արդյունք չի ստեղծում, թեպետ մենք ունեցել ենք այլ գործարաններ, որոնք այդ հումքից նախկինում արտադրանք են ստացել: Հումք արտահանելը դեռ չի նշանակում աշխատել ու տնտեսագիտական մոտեցում ցուցաբերել»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում