«Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Մարդիկ կան, որոնք այսպես էլ չեն հրաժարվում թղթային տարբերակով գիրք կարդալու սովորությունից, սակայն ժամանակի հետ նորագույն տեխնոլոգիաները սկսում են «ճնշել» տպագիր գիրքը: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլ յանը կարծում է, որ գիրքն աստիճանաբար դառնում է թանկարժեք իր:
«Դրա արտադրությունը թանկանում է, նկատի ունեմ թուղթը, ժամանակակից տեխնոլոգիաներով համապատասխան նյութերը և այլն: Զուգահեռ զարգանում է գրքարվեստը՝ գրքի ձևավորումը, կազմի ձևավորումը, այսօր արդեն երգող և խոսող գրքեր ունենք: Գրքի թղթային տարբերակը դեռ երկար ժամանակ չի սպառելու իր կյանքը, այլ բան է գիտական գրականությունը: Գիտական միջազգային շատ հանդեսներ այլևս թղթային տարբերակով չեն հրատարակվում, ամբողջությամբ էլեկտրոնային են, ինչը դյուրին է դարձնում տեղեկության հասանելիությունը: Այսօր արդեն Հայաստանում ևս ունենք գիտահետազոտական ամսագրեր, որոնք թղթային տարբերակ չունեն: Կարծում եմ՝ գիտական տեղեկույթն այլևս չի լինելու թղթային տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չուլյանը:
Այս պարագայում արդյո՞ք իրենց դերը չեն կորցնում գրադարանները: Նշում է՝ նախ պետք է առանձնացնել գրադարանների տեսակները, հետո խոսել դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին: «Գրադարանները լինում են թղթային, երբ կրում են արխիվի կամ ազգային հավաքածուների գաղափարը, որը ձևավորվում է պարտադիր օրինակներով, որոնք որպես նմուշ պահպանվում են հատուկ պայմաններում: Դրանք գնալով դառնում են հատուկ պահոցներ: Երկրորդն էլեկտրոնային գրադարաններն են, դրանք երբեք թղթային տարբերակներ չեն ունեցել: Կա նաև երրորդ՝ հիբրիդային գրադարանների տարբերակը, երբ դրանք ունեն և՛ թղթային բլոկներ, և՛ էլեկտրոնային բավականին լուրջ հավաքածուներ: Կարծում եմ, որ աշխարհում հիբրիդային տարբերակով գրադարանները դեռ ապրելու են»,-հավելում է մեր զրուցակիցը:
Այս համատեքստում տեղեկացնում է՝ այսօր Ազգային գրադարանը բավականին մեծ քանակով ընթերցողներ ունի:«Գրադարանի գրքի շրջանառությունը մեկ տարվա կտրվածքով, խոսքը 2021 թ.-ի մասին է, երբ երկու անգամ լոքդաունի ենք գնացել, մեկ միլիոն 300 հազարից ավելի է: Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ: Մյուս կարևոր ցուցանիշը այցելուների քանակն է: Տարվա կտրվածքով ունեցել ենք 230 հազարից ավելի այցելու, որոնք պատվիրել են գրքերը թղթային տարբերակով: Ընթերցողներն ակտիվորեն օգտվում են նաև մեր շտեմարաններից: Ժամանակակից աշխարհում գրադարանները միայն գիրք կարդալու տեղ չեն, փոխում են իրենց մոդելը, դառնում սոցիալական հարթակներ: Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները, պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի կարիքները:
Երազում եմ այն գրադարանի մասին, որտեղ ընթերցողը կբացի մեր կայքէջի որոնման պատուհանը, կնշի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անունը և կտեսնի, թե այս հեղինակը ինչ ձևաչափերով է մեզ մոտ ներկայացված՝ թղթե, էլեկտրոնային, ֆիլմի, խաղերի և այլ տեսքով, այսինքն՝ կունենանք ամբողջական փաթեթը, որը կարող ենք տարբեր ձևաչափերով հրամցնել մեր ընթերցողին: Գնում ենք դրան: Սա բավականին լուրջ աշխատանք է: Կարծում եմ՝ հայաստանյան գրադարանային համակարգերը դեռ պատրաստ չեն դրան: Ունենք տեխնիկական լուրջ վերազինման խնդիր, տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վազում ենք դրանց հետևից: Պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ տեխնոլոգիական բլոկը վերազինելու համար: Այդ քայլերն անում ենք: Վերջերս մեծ՝ 50 միլիոնի չափով տեխնիկա ենք նվիրատվություն ստացել Հայկական կրթական հիմնարկությունից: Այդ տեխնիկան փակում է մեր կարիքների ընդամենը 30 տոկոսը»,-ասում է գրադարանի տնօրենը և ընդգծում՝ մյուս կողմից լուրջ խնդիր ունեն հեղինակային իրավունքի հետ:
«Այսօր թվայնացնում ենք այն ամենը, ինչն ազատ է հեղինակային իրավունքից: Հեղինակի մահից 70 տարի հետո դեռ պահպանվում են հեղինակային իրավունքները, շատ դեպքերում անցնում են նրանց ժառանգներին: Հետաքրքիր մոդել ենք մշակել՝ Համագործակցության պայմանագիր, եթե հեղինակը իրավատեր է, նա թույլ է տալիս, որ իր գիրքը թվայնացնենք և զետեղենք մեր շտեմարաններում: Դրա դիմաց Ազգային գրադարանը թվայնացնում է նյութը համապատասխան ձևաչափով, ապահովում դրա նկարագրությունը համահավաք գրացուցակում և զետեղումը շտեմարաններում, ինչպես նաև մշտական հասանելիություն ընթերցողներին: Հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այս պայմանագրերով պատրաստակամությամբ մեզ են տրամադրում իրենց գործերը: «Մտավոր սեփականության և հարակից իրավունքների մասին» օրենքը լուրջ փոփոխության կարիք ունի, այն ոչ մի ձևով չի արձագանքում թվային միջավայրում ապրելու մեր կարիքներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Գրադարանի ֆինանսական ծախսերը, ըստ տնօրենի, չորս ուղղությամբ են: «80 տոկոսի չափով աշխատավարձային ֆոնդն է: Երկրորդը համալրման ֆոնդն է, պետությունից այդ նպատակով ստանում ենք գումար, որը քիչ չէ, բայց բավարար էլ չէ, որ կարողանանք ըստ արժանվույն մեր ֆոնդը համալրել: Երրորդը տեխնիկական վերազինման հարցն է, այս առումով անընդհատ ծախս ունենք: Չորրորդը շենք-շինությունները պահելն է, կոմունալ ծախսերը բավականին շատ են, բացի այդ, շենքերը հին են, անընդհատ նորոգման խնդիր կա, կապիտալ նորոգման անհրաժեշտություն ևս ունենք:
Հայաստանի Ազգային գրադարանն այն կառույցն է, որը միշտ պետք է լինի պետական հոգածության ներքո՝ հաշվի առնելով, որ մի մեծ մասնաշենք նաև մշակութային ժառանգության հուշարձան է: Ազգային գրադարանն ունի հնարավորություն ինքն էլ գումար վաստակելու և ներդրումներ անելու նույն կառույցում, ինչն անում է, բայց պետությունը պետք է ստեղծի որոշ պայմաններ: Օրինակ՝ գրադարանն ազատվի ինչ-որ հարկերից: Կամ նման մի օրինակ բերեմ: Ներկայումս գրքերը ձեռք ենք բերում գնումների ընթացակարգով: Գիրքն այլ գին ունի, երբ հեղինակից ուղիղ գնում ենք կատարում, այլ գին, երբ հայտարարում ենք մրցույթ, այդ դեպքում գինն ավելանում է և 2030 տոկոս գերծախս ենք ունենում գրքերի համալրման մասով: Եթե պետությունը ցանկանում է, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գումար վաստակել, օրենսդրական դաշտը մեզ համար պետք է ավելի հարմարավետ դարձնի, որ կարողանանք աշխատել»,-հավելում է գրադարանի տնօրենը:
Հետաքրքրվում եմ՝ իսկ այս բոլոր խնդիրների, դրանց լուծումների մասով քննարկումներ եղե՞լ են կառավարության կամ էլ համապատասխան գերատեսչության հետ: «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում խնդիրների մասին քննարկում չի եղել: Մինչդեռ այսօր արդիականացման կարիք ունեն և՛ գրադարանների, և՛ պարտադիր օրինակի, և՛ հեղինակային իրավունքների, և՛ ՊՈԱԿ-ների մասին օրենքները: Օրենքները չեն արձագանքում մեր առօրեական խնդիրներին»,-եզրափակում է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում