Բենդերիզմը՝ մեր իրականության մեջ. բնութագրական համեմատություններ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Եվ ծանոթանալով ձեր կենսագրությանը... Իլ յա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս Օստապ Իբրահիմովիչ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր բեյը մտացածին կերպար է: Հեղինակները մտածված կերպով են նրան տվել «միջազգային»` ուկրաինական (Օստապ) - հրեական (Բենդեր) - թուրքական (Իբրահիմովիչ) անունները հենց նրա համար, որ ընդգծեն նման անձնավորությունների տարածվածությունն ու համընդհանրությունը աշխարհում: Եվ դա ապացուցվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Իսկ ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ երկուսը: Օստապ Բենդերը «մեծ կոմբինատոր» և «փողի համար գաղափարական պայքարող» էր, որը գիտեր «փող կորզելու (հափշտակելու) 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։
Ռուս գրականության մեջ նա ամենահայտնի խաբեբա հերոսներից մեկն է եղել։ Նիկոլ Փաշինյանը «մեծ մանիպուլյատոր» և «փողի և իշխանության համար գաղափարական պայքարող» է, որը գիտի «վարկանիշ ապահովելու (ձայներ կորզելու) բազմաթիվ համեմատաբար ազնիվ մեթոդներ»։ Հայ իրականության մեջ նա ամենահաճախ խոսքը փոխող և խոստումները չկատարող ղեկավարն է։ Բենդերը սովորել է «Իլիադայի մասնավոր գիմնազիայում», բայց հավանաբար չի ավարտել այն, քանի որ «գյուղացիական մեծ ճշմարտության» մասին խոսելիս նա, գործից տեղեկացված լինելով, նշել է. «Գյուղացիակա՞ն... ինչպես նաև կանեփային, տնահյուս և վաղեմի։ Այդպես, այդպես։ Մի խոսքով, գիմնազիայի ո՞ր դասարանից են ձեզ վռնդել վատ սովորելու համար… վեցերորդի՞ց...»։ Փաշինյանը սովորել է ԵՊՀ-ում, բայց հաստատապես չի ավարտել այն, և իր իշխանության տարիներին սկսել է վրեժ լուծել այդ հաստատությունից: Ի դեպ, «գյուղացիական մեծ ճշմարտության» մասին խոսելիս նա ևս գործից տեղեկացված է և նշում է. «Գյուղացիակա՞ն... ինչպես նաև կանեփային... ընտանեական... խելացի՝ օտար լեզու իմանալով»։
Հայտնի է, որ 1922 թվականին Օստապ Բենդերը նստած է եղել Տագանկայի բանտում՝ «դատարկ պատճառով»։ Նա բանտից դուրս գալուց հետո սկսել է հարգել քրեական օրենսգիրքը և աշխատել այնպիսի եղանակներով, որոնք չեն հակասում օրենսգրքի հոդվածներին։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը 2010 թվականին նստած է եղել բանտում՝ ըստ իր բացատրության, «քաղաքական դատարկ պատճառով»։ Նա ևս բանտից դուրս գալուց հետո սկսել է հարգել օրենսգիրքը և փորձում է (ավելի շուտ ներկայացնում է այդպես) աշխատել այնպիսի եղանակներով, որոնք չեն հակասում օրենսգրքի հոդվածներին: Չնայած, երևի սխալվեցինք. նա հարգում է օրենսգիրքը միայն այն դեպքում, երբ այն չի հակասում իր շահերին։ Բենդերն իրեն համեմատում էր Քրիստոսի հետ: Նա ասում էր. «Ես 33 տարեկան եմ, Հիսուս Քրիստոսի տարիքում…»։ Փաշինյանը թեև արտաքուստ իրեն չի համեմատում Քրիստոսի հետ՝ ամաչում է, բայց այդ ուղղությամբ ոչ մեկ անգամ ակնարկներ արել է:
Փոխարենը դա ամբողջ ուժով նրա փոխարեն անում են «նիկոլապաշտները». սա յուրահատուկ աղանդ է: Սրանք նմանությունների չնչին օրինակներն են, և այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Օրինակ՝ Բենդերի ապագայի պատկերացումները Նյու Վասյուկիի և Փաշինյանի՝ «Հայաստան-2050»-ի տեսքով, նրանց գրասենյակների (Բենդերի դեպքում դա «Պոզերի և սմբակների մթերման» գրասենյակն էր) և թիմերի անդամների ակնհայտ նմանությունները և այլն: Սակայն բավարարվենք այսքանով: Ուղղակի վերջում մի փոքր հետգրություն կամ, ինչպես Բենդերը կասեր, «սա վերջն է միայն առաջին սերիայի»:
Ի վերջո, Օստապ Բենդերը լքել է երկիրը՝ ԽՍՀՄ-ը, և Տիրասպոլի մոտ անցնելով սահմանը՝ հայտնվել է Ռումինիայում, որից հետո նրա մասին տեղեկություններ չկան: Նիկոլ Փաշինյանը առայժմ չի լքել երկիրը, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է...
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում