Իշխանության վարկանիշը սրընթաց անկում է ապրում. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
politexpert.net-ը «Վտանգավոր կապեր. Թուրքիայի հետ սիրախաղը Հայաստանին սպառնում է քաղաքացիական ընդվզմամբ» վերնագրով հոդվածում գրում է, թե պարզվել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության թուրքամետ կողմնորոշումը երկրի բնակիչների համար առարկելի է։ Նման կարծիք է հայտնել PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը։ Միջազգային հանրապետական ինստիտուտը օրերս ներկայացրել է Հայաստանում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Անցած տարվա դեկտեմբերի դրությամբ հարցվածների մոտ 46%-ը կարծիք է հայտնել, որ Երևանը սխալ ուղղությամբ է շարժվում։ Հետաքրքիր է, որ հուլիսին նման բացասական գնահատական տվել էր հարցվածների 34%-ը, իսկ մայիսին՝ 20%-ը։ Կարելի է փաստել, որ իշխանության վարկանիշը սրընթաց անկում է ապրում։ Իսկ իշխանությունների քաղաքականության ո՞ր փոփոխություններն են դրդել քաղաքացիներին այդքան կտրուկ փոխել իրենց կարծիքը։ Ի վերջո, Արցախի և սահմանների անվտանգության հետ կապված խնդիրներ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներ կային դեռ մեկ տարի առաջ։ «Նոր»-ը Երևանի կառավարության քաղաքականության մեջ «հայ-թուրքական հաշտեցման» գործընթացն է։
Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն լոբբինգ է անում այդ գաղափարը, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը արդեն իսկ կայացել է Մոսկվայում, հաջորդը նախատեսված է Վիեննայում փետրվարի 24-ին։ Որպես առաջին նշան՝ սկսել է գործել Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության տվյալների, Հայաստանում շատերն այդ գործընթացին վերաբերվում են կանխակալ՝ չհավատալով թուրքական կողմի անկեղծությանը։ Հարցվածները կարծում են, որ Անկարան և Բաքուն Երևանի հետ խաղում են չար ու բարի ոստիկանի հին խաղը։ Իլհամ Ալիևը ստանձնել է չարի դերը և պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում, իսկ Էրդողանը բարի ոստիկանն է, որը շոյում է իր հայ գործընկերների գլուխը՝ հրավիրելով նրանց Թուրքիայի կազմակերպած միջազգային համաժողովներին։
Միաժամանակ, հայտնի է, որ բարի ու չար ոստիկանների նպատակը մեկն է՝ հասնել իր գործընկերոջ կողմից ցանկալի վարքագծին։ Տվյալ դեպքում դա Հայաստանի կողմից Արցախը պաշտոնապես Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելն է։ Դա նաև ներառում է Երևանի կողմից վերահսկվող տարածքներով Ադրբեջանին և Թուրքիային «միջանցք» տրամադրելը Անկարայի և Բաքվի համար բարենպաստ պայմաններով, ինչպես նաև օտարերկրյա կապիտալի ընդլայնման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Պարզ ասած՝ ծրագրում են Հայաստանը դարձնել տարածաշրջանում երրորդ կարգի երկիր՝ հանրապետությունը դարձնելով, ինչպես գործող իշխանության ընդդիմադիրներն են ասում, «թուրքական վիլայեթ»։ Նման մտավախություն Երևանում շատերն ունեն, ուստի իշխանությունների քայլերին հակազդելու շարժումը մեծ թափ է հավաքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում