«Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի հարցազրույցը Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
-Պատերազմից հետո հակասական տեղեկություններ են շրջանառվում Արցախում տեղի ունեցող գործընթացների առումով: Իրականում ներկայումս ի՞նչ իրավիճակ է Արցախում:
-Դավադիր պատերազմից հետո Արցախում ձևավորվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեն հավատում իշխանությանը: Մարդիկ, չվստահելով իշխանություններին, նախընտրում են հեռանալ երկրից, քանզի իշխանության նկատմամբ անվստահությունը հանգեցնում է պետության նկատմամբ անվստահության։ Անցել է շուրջ 1,5 տարի, սակայն այդպես էլ գործող իշխանությունները չկարողացան իրական գործընթացների միջոցով վստահություն և համերաշխություն սերմանել հետպատերազմյա Արցախում: Արդյունքում շարքային քաղաքացին չի վստահում ոչ ոքի և նախընտրում է հեռանալ երկրից։ Եվ եթե երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում, ապա չեն կարող զարգանալ քաղաքական ինստիտուտները, երկիրը չի կարող զարգանալ ո՛չ անվտանգային առումով, ո՛չ էլ տնտեսապես, որովհետև պակասում է վստահության գաղափարը։
Այս իրավիճակը այնքան ցայտուն է Արցախում, որ դա չի կարող աննկատ մնալ ո՛չ իշխանությունների և ո՛չ էլ հասարակության մեջ եղած տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական հոսանքների համար: Այս է պատճառը, որ Արցախում, կարծես թե, սկսվել է Արցախը փրկելու ծրագրերի «շքերթ»: Յուրաքանչյուր ուժ՝ իր պատկերացումներով և իր ճանապարհային քարտեզով: Փաստորեն, դրանից անմասն չեն նաև այսօրվա իշխանությունները, և վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող գործընթացները ասածիս ապացույցն են: Հատկանշական է նաև այն, որ հիմնականում այդ բոլոր ուժերը փաստում են, որ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումների միջոցով գնալ նոր իշխանությունների արտահերթ ձևավորման: Կանխատեսելի է նաև, որ շատ քիչ ժամանակ հետո կսկսվի նաև չհայտարարված նախընտրական շրջան, եթե, իհարկե, այն արդեն չի սկսվել:
- Այդ պարագայում ինչպիսի՞ նկատառումներ ու տեսլական ունի «Արդարություն» կուսակցությունը:
-Այս ամենից անմասն չէ նաև Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը 2020 թվականի ընտրությունների նախընտրական շրջանից սկսած էր հայտարարում, որ Արայիկ Հարությունյանը և իր քաղաքական ուժը ունակ չեն լինելու դիմակայել Արցախին սպասվող մարտահրավերներին: Պատերազմից հետո, երբ մենք բարձրացնում էինք նախագահի հրաժարականի հարցը, Արցախում գործող տարբեր քաղաքական և ոչ քաղաքական հոսանքներ մեզ միայն մի հարցադրում էին անում՝ «բա որ թույլ չտան ընտրություններ կազմակերպել...»:
Հիշում եք երևի, որ ԱՀ նախագահը նույնիսկ հրամանագիր ստորագրեց ընտրություններ չանցկացնելու մասին: Սակայն մենք միանշանակ համոզված ենք՝ եթե երկրում հնարավոր չէ իրականացնել ընտրական գործընթաց, նշանակում է՝ վտանգված են երկրի բոլոր պետական ինստիտուտները: Ուստի մեր և մեր գործընկեր քաղաքական ուժերի պահանջով և հետևողական աշխատանքի միջոցով ներկայացվեց ճանապարհային քարտեզ՝ ՏԻՄ ընտրություններ – հանրաքվե – ԱԺ արտահերթ ընտրություններ – նախագահի արտահերթ ընտրություններ: Մենք համոզված ենք, որ երբ երկրում բարդ իրավիճակ է, որոշումները ոչ միայն պետք է ճշգրիտ լինեն, այլև դրանք պետք է նաև ժամանակի առումով կայծակնային լինեն, ձգձգելու դեպքում հենց այդ ճշգրիտ որոշումներն արդեն ժամանակավրեպ կլինեն։ Ճշգրիտ և կայծակնային որոշումներով առաջ գնալը կարևոր է նաև հանրության հոգեբանական վերականգնման, ինչպես նաև ապագայի առնչությամբ հուսադրող տրամադրվածության ձևավորման տեսանկյունից: Դա իր հետքն է թողնելու թե՛ ժողովրդագրական, թե՛ նաև հանրային նախաձեռնողականության առումով: Հուսով ենք, որ եթե ներկայացրած մեթոդաբանությունը գործի իրականում, ապա հանրությունը շատ արագ կտեսնի դրա գործնական ազդեցությունն իր կյանքի վրա:
-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինեն նոր իշխանության առաքելությունը, լուծելիք խնդիրները, որակը:
- Նոր ձևավորվող իշխանությունը պետք է համապատասխանի ընդհանուրի կողմից ընդունված բարոյական և իրավական նորմերին: Արցախում իշխանության օրինականության հարցը կասկածի տակ է դրվել հենց այն պատճառով, որ իշխանության կրողներն են խախտում ընդունված բարոյական և իրավական նորմերը, ասենք՝ պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, հովանավորչություն և այլն: Այս բոլոր կետերի շուրջ պետք է սկսենք խոսել հանրության հետ։
Դա թույլ կտա կոտրել մարդկանց ներսում առկա ինտուիտիվ վախերը և ավելի հեշտ գնալ փոփոխությունների։ Հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը պետք է հասցնել մեկ պարզ ճշմարտություն. հաջորդ իշխանությունը պետք է կարողանա ստեղծել երկրում նոր մթնոլորտ, նոր բարքեր՝ խաղի նոր կանոններ, պետական ինստիտուտների վերակենդանացում-բարեփոխում, անվտանգության բաղադրիչի ուժեղացում, տնտեսության աճ։ Հաջորդ իշխանության անելիքը ճիշտ ձևակերպելը շատ կարևոր է հասարակությունը կոնսոլիդացնելու համար։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր ձեռքբերումները, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։
Չկա կասկած, որ մեր պարտությունների և անհաջողությունների հիմքում նաև հասարակության պառակտումն էր՝ նրա մեջ կասկած, անվստահություն և անտարբերություն սերմանելը: Այսօր սուր խնդիրն այն է, որ Արցախը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Նոր իշխանությունը պետք է կարողանա դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։
Հետպատերազմյան փուլը լրիվ այլ տրամաբանություն է ենթադրում՝ ներքին փոփոխությունների մեծ ծավալի և որակի։ Առաջին հերթին՝ ներքին օրակարգի կտրուկ փոփոխություն և ստեղծված իրողություններում բացառիկ հաշվարկված և գրագետ քայլեր։
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում