Առաջընթաց կա, բայց խնդիրն ամենևին լուծված չէ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Սուպերմարկետներն առաջարկում են հաստ տոպրակներ ավելի թանկ գնով, մյուս կողմից՝ նկատելի է, որ շատերն առևտրի կենտրոններ են այցելում սեփական տոպրակներով: Հարցի առնչությամբ «Փաստը» զրուցել է տարբեր փորձագետների հետ:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ իրապես անհրաժեշտ է, որ տոպրակների կիրառությունը նվազի մեր իրականության մեջ՝ բնապահպանական խնդիրներից ելնելով, և միայն ողջունելի կլինի, եթե օրենքը ծառայի այդ նպատակին:
«Բայց տպավորություն է, որ խնդիրը լուծված չէ, որովհետև, ամեն դեպքում, տոպրակների պահանջարկը կա, մեծաքանակ առևտրի դեպքում մարդիկ ստիպված են լինում վճարել տոպրակի համար: Տոպրակի գինը թանկացավ, սակայն մի շարք փոքրիկ, բայց կարևոր նյուանսներ համապատասխան գերատեսչությունները չեն դիտարկել: Ցանկացած հարց լուծելիս փոխարենն ինչ-որ բան պետք է առաջարկել, իսկ այս դեպքում նորից ամեն ինչ թողնվել է սպառողի հույսին: Բացատրեմ: Օրինակ՝ համապատասխան գերատեսչությունը կարող էր տնտեսվարողին պարտադրել ձեռք բերել թղթե կամ կտորե տոպրակներ և 50 դրամանոց ցելոֆանե հաստ տոպրակների փոխարեն դա առաջարկել սպառողին: Սա բնապահպանական տեսանկյունից հարցը լուծելու տարբերակ կլիներ: Այս պարագայում որոշ ժամանակ հետո իսպառ կվերանար ցելոֆանե տոպրակների պահանջարկը»,-ասում է Չիլինգարյանը:
Հավելում է՝ այսօր որոշ տնտեսվարողներ վաճառում են անգամ բարակ տոպրակները, որոնց իրացումն արգելվել է: «Վերահսկողությունը թույլ է, ոմանք այս իրավիճակում կարող են գերշահույթ ստանալ՝ միևնույն ժամանակ սպառողներին այլընտրանք չառաջարկելով: Ստացվում է, որ որևէ խնդիր լուծված չէ, տպավորություն է, որ խնդիրը տոպրակի գնի բարձրացումն էր, ինչից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները: Ո՞ւր են գնում այդ գումարները, որևէ մեկը չգիտի: Դրանք գոնե պետք է ծառայեին թղթե կամ կտորե տոպրակների արտադրությունն ավելացնելու համար, ինչը թույլ կտար կարճ ժամանակ հետո բնապահպանական խնդիր լուծել»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ցանկացած ապրանքի գնի ավելացումը խնդիր է յուրաքանչյուր սպառողի համար:
Բնապահպան Սիլվա Ադամյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը, նշում է՝ այս պարագայում մարդիկ իրենց խնդիրն են բարձրաձայնում: «Շատերը ցանկություն չունեն, ալարում են, օրինակ՝ 250 դրամանոց տոպրակ գնել, և մշտապես այն պահել պայուսակի մեջ կամ ունենալ իրենց հետ գնումների գնալիս: Գերադասում են տեղում տոպրակ գնել և շատերի համար բոլորովին մեկ է, թե ինչ վիճակում կհայտնվի մեր բնական միջավայրը, թե ինչ է կատարվում աղբավայրերում: Քաղաքացիների այն շահարկումը, որ այս փոփոխությունն ուղղակի տոպրակների գինը բարձրացնելու համար էր, կապ չունի իրենց ֆինանսական վիճակի հետ: Այստեղ մեկ խնդիր ունենք՝ մեզ հետ մշտապես ամուր տոպրակ ունենալ, երբ առևտրի ենք գնում»,-ասում է Ադամյանը: Անդրադառնալով հարցի բնապահպանական կողմին՝ նշում է, որ հաստ տոպրակները լուծվում են բնության մեջ, ինչպես նաև վերամշակվող են:
«Իսկ այն տոպրակները, որոնք օգտագործում էինք, հարյուրավոր տարիներ կարող են չլուծվել բնության մեջ: Ինքս շրջել եմ աղբավայրերում և ուղղակի սարսափահար եղել, թե մի քանի տարի հետո մեր երկիրը ինչ վիճակում է հայտնվելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը և հավելում՝ հարցի մյուս կողմն այն է, որ օրենքը չի գործում փոքր խանութներում և շուկաներում, կարծես թե, իրենց դեռ չեն պարտադրում, որ հին տոպրակների օգտագործումը բացառեն: «Չնայած այս ամենին՝ առաջընթաց ունենք, շատերն իրենց մոտ արդեն տոպրակներ են պահում: Կարծում եմ՝ դեռ մի բան էլ քիչ են թանկացրել տոպրակը, 200 դրամ պիտի լիներ, որ առհասարակ դադարեին այն գնել, ուղղակի այս դեպքում սոցիալական բունտից են վախեցել և նման քայլի չեն գնացել»,-ասում է Ադամյանը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը հարցն այլ դիտանկյունից է պարզաբանում: Ասում է՝ սկզբից կարծում էր, թե իսպառ կարգելվի ցանկացած տեսակի պոլիէթիլենային տոպրակի իրացումը: «Մտածում էի, որ միանգամից կանցնենք կտորե կամ էլ թղթե տոպրակների լայն կիրառությանը, կամ էլ այնպիսի տոպրակների, որոնք ավելի արագ են քայքայվում բնական միջավայրում: Ամբողջ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, եվրոպական շատ երկրներում և ամբողջ աշխարհում սկսել են այնպիսի տոպրակներ արտադրել և կիրառել, որոնք արագորեն քայքայվում են բնական միջավայրում: Բայց այլ ճանապարհով գնացին՝ սկսեցին ավելի հաստ տոպրակներ արտադրել, արդյունքում սպառողը հիմա ավելի թանկ գնով ձեռք է բերում պոլիէթիլենային ավելի հաստ տոպրակ»,-ասում է Չիլինգարյանը և նշում՝ ամեն դեպքում պոլիէթիլենային տոպրակները շարունակում են հայտնվել աղբի մեջ, հետո էլ աղբավայրերում:
«Մեր սպասելիքները կարդարանային, եթե դրանք առհասարակ արգելվեին: Առաջին փուլով դա չարվեց, ընդամենը բարակ տոպրակը փոխարինվեց հաստով, գինն էլ բարձրացավ: Ուղղակի շատերը գնումների գնալիս իրենց մոտ արդեն տոպրակ են ունենում: Հուսանք՝ որոշ ժամանակ հետո արդեն կիրառության մեջ մնացած պոլիէթիլենային տոպրակներն իսպառ կարգելվեն, և դրանց փոխարինելու կգան թղթե և կտորե տոպրակները: Այս ընթացքում պետությունը պետք է աշխատանք տանի տնտեսվարողների և սպառողների հետ ու չթուլացնի վերահսկողությունը»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում