«Այսպես շարունակել հնարավոր չէ. տնտեսության՝ մինչև վերջ քայքայման վտանգ կա». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուսաստանը մեր արտահանման հիմնական շուկան է: Այդ երկրում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով նաև մեր տնտեսության համար են խնդիրներ առաջանալու: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, այդ ֆոնին՝ նաև ռուբլու արժեզրկմանը:
Նա նշեց, որ կնվազեն Հայաստան եկող տրանսֆերտները. «Բացի այդ, չի բացառվում, որ Ռուսաստանում վճարունակության նվազմանն ու տնտեսության վատթարացմանը զուգահեռ՝ մեր տնտեսվարողներն ապրանքների իրացման դժվարությունների առաջ կանգնեն: Այս ամենի շղթայական ազդեցության հետևանքով հնարավոր է մեզ մոտ և՛ ներդրումները, և՛ տնտեսական փոխգործակցության հնարավորությունները սահմանափակվեն»:
Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ ազդեցություններն անխուսափելի են: «Բացի այս կանխատեսելի իրողություններից, մեզ համար այլ կարևոր խնդիր կա: Մենք այսօր խիստ կապված ենք մեկ շուկայի հետ: Խոսքը ռուսական շուկայի մասին է, բայց պետք չէ մոռանալ, որ 100 մլն դոլարի արտահանում ունենք նաև դեպի Ուկրաինա: Հիմա երկու շուկաները հայտնվել են մի իրավիճակում, որը կարճաժամկետ չէ: Եվ հեռանկարային առումով ևս խնդիր կա: Այս իրավիճակում Հայաստանի համար նույն քաղաքականությունն իրականացնելը ևս խնդիր է: Խոսքը սահմանափակ շուկաների, սահմանափակ ոլորտների մասին է: Մենք անգամ նոր շուկաներում ընդլայնվելու հնարավորություն չունենք, նոր արտադրանք, նոր ոլորտներ չենք զարգացրել: Հետևաբար, հաշվի առնելով արդեն ներկայիս վիճակը, մեր տնտեսության կառուցվածքը, պետք է հիմնովին փոխել մեր տնտեսական քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն մշակվում, ինչը ևս խնդիր է:
«Մեզ պետք է հասկանալ, որ հեռանկարային առումով զարգացման լրջագույն խնդիրներ ունենք: Այսօր արդեն պետք է հասկանալ, թե նոր քաղաքականությունն ինչպես ենք իրականացնելու: Մենք շարժվում ենք դասական տրամաբանությամբ, մինչդեռ մեր տնտեսությանը զարգացման ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետև և՛ արտաքին մարտահրավերները, և՛ շուկայական միջավայրը, և՛, մեծ հաշվով, տնտեսության այս կառուցվածքը մինչև վերջ քայքայելու են մեր տնտեսությունը: Ի դեպ, այդ դինամիկան ակնհայտ է: Իրավիճակին այլ մոտեցմամբ պետք է նայել, հակառակ դեպքում մենք շանս չունենք: Ծրագրերը կան, բայց քաղաքական ու մասնագիտական խիզախություն է պետք, ինչպես նաև լրջություն ու վճռականություն: Մենք այսպես գլուխներս կախ շարժվելու տեղ այլևս չունենք: Առհասարակ, երբ վիճակը սրվում է, հասկանալու ու սթափվելու շանս է առաջանում, բայց դա ևս տեղի չի ունենում մեզ մոտ, ինչն ամենավտանգավորն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին ու նույն ԵՄ երկրների, նաև ԱՄՆ-ի վրա դրանց բումերանգի էֆեկտի հնարավորությանը, Կարեն Ադոնցը նախ նշեց, որ գործ ունենք աշխարհաքաղաքական, այսպես ասած, թրենդի հետ: «Այդ հակառուսական գիծը իրականում նոր չէ: Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններն Արևմուտքին հնարավորություն տվեցին համախմբվել ավելի կոշտ պատժամիջոցների շուրջ: Իրականում հեշտ չէր համախմբվել, որովհետև, այո, այդ պատժամիջոցները բումերանգի էֆեկտով մեծ հարվածներ են հասցնում նաև Արևմուտքի, ԱՄՆ-ի տնտեսություններին: Բացի այդ, բոլորի համար պարզ է, որ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում, պատժամիջոցները երկարաժամկետ են: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր դինամիկան՝ կարծում եմ՝ այս վճռականությունը տևական ժամանակ է շարունակվելու: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք, որ սա մեզ համար սովորական տնտեսական ճգնաժամ չէ՝ զուտ ԵԱՏՄ կամ ՌԴ շուկայի շրջանակներում: Սա լուրջ խաղ է, լուրջ գործընթաց, որը դեռ երկար ժամանակ է շարունակվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տեսանկյունից մեր բոլոր քայլերը պետք է կշռադատված ու համահունչ լինեն իրավիճակի՝ երկարաժամկետ լինելու վտանգին:
«Գիտակցելով այս ամենը՝ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը, լրիվ այլ որակի տնտեսություն է պետք: Մենք, սակայն, ուշացնում ենք, դանդաղ ենք մտածում: Մեզ մոտ քաղաքապետարանը կարող է մի լուսացույցի հարցի շուրջ ամիսներով քննարկում անել: Մեր պետական համակարգը շատ իներտ է, դանդաղ է, այն պետք է կարգի բերել: Թեպետ արդեն երկար ժամանակ ենք կորցրել, ու ժամանակն այսօր հօգուտ մեզ չի աշխատում: Մեր դանդաղկոտությունը, վերացական քննարկումներն անիմաստ են: Իրականում իրավիճակը փոխելու ներուժ և հնարավորություններ ունենք, վճռական քայլերով պետք է առաջ շարժվել, ներուժը համախմբել է պետք, որ հնարավոր լինի աշխատել զարգացման վրա»,-ընդգծեց տնտեսագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում