«ՔՊ-ն հաղթանակ կտանի նաև Երևանում»․ Սուրեն Պետրոսյանը՝ Երևանում սպասվող ավագանու ընտրությունների մասին
PoliticsՄարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության օգտին քվեարկել է 13 139 (56,2%) ընտրող։ Իսկ իշխանական կուսակցության հետ ընտրապայքարի մեջ մտած «Իմ Հզոր Համայնք» կուսակցության օգտին քվեարկել է 9 694 (41,5%) ընտրող։
Չնայած, որ Երևանում ավագանու ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, բայց կարծես ուժերը արդեն թեժ պայքարի մեջ են։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ի կողմից ընտրություններին կմասնակցի Տիգրան Ավինյանը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ պայքարին կմիանան նաև Հայկ Մարությանը, Ռուբեն Վարդանյանը, Տարոն Մարգարյանը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Հայաստան» դաշինքի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սակայն մամուլը քննարկում է, որ այս որոշումը վերջնական չէ, և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ևս կարող է գլխավորել դաշինքի ցուցակը։
Այս թեմայի մասին Orer.am կայքը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։ Հարցին, թե արդյոք Երևանում ՔՊ-ն կկարողանա կրկնել Վեդիում գրանցած արդյունքը` քաղաքագետն ասաց․ «Ես կարծում եմ, որ այո, կկարողանա, որովհետև ինչպես նախկինում, ներկայում էլ կիրառում են վարչական բոլոր ռեսուրսները, և դրա համար որևէ սահմանափակում կամ խտրականություն չկա։ Ես առավել քան համոզված եմ, որ Երևանում բոլոր վարչական ռեսուրսները գործի են դրվելու, քանի որ ՔՊ-ն չի կարող պարտվել, դա իրենց համար լուրջ հարց է, և իրենք իրավունք չունեն պարտվելու Երևանում։ Ես կարծում եմ, որ ՔՊ-ն հաղթանակ կտանի, որովհետև բացի վարչական ռեսուրսի կիրառումը այստեղ պետք է հաշվի առնել նաև այն ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին։ Նրանք հիմնականում նախկին ուժերն են կամ ԱԺ ընդդիմությունը, իսկ այստեղ միանշանակ է, որ նրանց մասնակցությունն արդեն իսկ մեծացնում է ՔՊ-ի հաղթանակի շանսերը»։
Հարցին, թե Երևանի ընտրությունները կարող են քաղաքական լուրջ պայքարի պատճառ դառնալ Սուրեն Պետրոսյանն ասաց․ «Այստեղ խնդիրը ոչ թե սրացումներն են, այլ՝ դերակատարները։ Հարց է, թե ովքեր կլինեն հիմնական դերակատարները, ինչ օրակարգ կբերեն, և այստեղ սրացումների համար ընտրությունը միայն միջոցն է կամ ուղղակի ճանապարհը այդ սրացումների։ Եթե այդ հիմնական դերակատարները նրանք են, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, բնականաբար նման օրակարգ չի ձևավորվի, հնարավոր է ինչ-որ կարճատև ցույցեր լինեն, բայց որևէ լուրջ գործընթացի ականատես չենք լինի։ Գործընթաց կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ հայտնվեն նոր դերակատարներ` հստակ ասելիքով և նոր օրակարգով ու գաղափարներով»։
Սոնա Գիշյան