«Ընդդիմության գործողությունների և գործընթացների հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է լինելու». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանազավթների այս խումբը մեր պետականությունը, հայությունը ոչնչացնող մեխանիզմի գործիք է: Այդ ազգակործաններն իրենց տերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները հիասքանչ են կատարում: Այս խմբակը հանձն է առել մեր պետականությունը, մեր ազգը կործանել: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքն է, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է երկրի առջև առկա մարտահրավերներին ու վտանգներին:
«Կործանման այդ ճանապարհին սկզբում հարկավոր էր ժողովրդին խաբել, մոլորեցնել, չարացնել, թունավորել, բաժանել, պառակտել, ինչից հետո հրահրել պատերազմ: Ազգադավները կոնկրետ ծրագրով են աշխատում ու հասել են հաջորդ փուլին: Սկզբնական շրջանում արված հայտարարությունները ագրեսիվ գործողությունների վերսկսման հնարավորություն տվեցին, ընթացքում փորձեցին փչացնել մեր դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակից, բարեկամ ու գործընկեր պետությունների հետ, և, ի վերջո, մեկուսացրին Հայաստանը: Այսօր արդեն շարունակական գործողություններ են տեղի ունենում, որպեսզի Արցախի խնդիրը վերջնականապես «լուծեն»:
Ի՞նչ է նշանակում «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում»: Ի՞նչ նշաձողի մասին է խոսքը: Իրականում մենք ոչ թե նշաձողի իջեցման, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիր ենք ունեցել: Այսինքն, մարդիկ պայքարել են, որ ապրեն, հիմա ինչ-որ նշաձող իջեցնեն, որ մարդիկ չապրե՞ն: Իրականում թուլամորթ, անսկզբունքային կեցվածքով, ԱԺ-ում մատ թափ տալով ու ղժղժալով երկիր կառավարել հնարավոր չէ: Այդպիսով, միգուցե, հայ ժողովրդի զգացմունքների վրա խաղալու փորձ է արվում, բայց միջազգային հանրության հետ այդ լեզվով խոսել չի ստացվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ անսկզբունքայնությունը, թուլամորթությունը դրսևորվում է նաև միջազգային ատյաններում:
«Ու թեպետ մեզ մոտ միգուցե դեռ կան մարդիկ, ովքեր այդ կեցվածքը մինչև վերջ դեռ չեն հասկացել, բայց միջազգային ատյաններում թուլամորթ, ազգակործան ու վաճառված լինելու հանգամանքը լավ են ընկալում: Եթե սկզբունքային, ամուր ողնաշար ու կեցվածք չկա, բնականաբար, ոչ ոք հաշվի չի նստելու նման խմբի հետ: Նրանց պարզապես օգտագործելու են: Եվ եթե չկա ազգային ու պետական շահն առաջնային դասող իշխանություն, բոլոր պետությունները, խառնվելով մեզ վերաբերող գործընթացներին, ի շահ իրենց պետականության ու ազգի են գործելու: Այսօր արդեն անիմաստ է քննարկել այս ազգակործան խմբավորման հայտարարությունները, գործընթացները: Այս ամենը շոու է, որը շեղում է բուն գործընթացներից, իսկ բուն գործընթացները տանում են Արցախի վերջնական կործանման, ինչի մասին իրենք արդեն հայտարարել են»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ մեր երկիրն ունեցել է երեք պատերազմ, որոնք հիմնականում Արցախի տարածքում են եղել. «Իսկ երբ Արցախը հանձնում են, այդ պատերազմներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածք են գալու, քանի որ հոխորտացող թշնամին չի պարտվել, չի կապիտուլացվել ու չի հանձնվել: Հակառակը՝ այսօրվա ազգադավ խմբավորումն ինքն է կապիտուլ յացիայի, հանձնվելու ու թուլամորթ քաղաքականություն վարում, ինչի հետևանքով հոխորտացող թշնամին շարունակելու է իր ագրեսիվ հռետորաբանությունը: Մեծ հաշվով, մեզ ոչ ոք չի օգնի, եթե ինքներս ոտքի չկանգնենք ու մեր վերջին Սարդարապատի պայքարը չտանենք»:
Գ. Գևորգյանը շեշտեց՝ պատմությունից պետք է հետևություններ անել այսօրվա քայլերի հաջորդականությունը հասկանալու համար:
«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմից փախչելով՝ մենք պատերազմի հավանականությունն ավելի ենք մեծացնում: Փախչելով ոչնչանա՞լ, թե՞ պայքարել և փորձել արժանապատվությամբ պետականություն ստեղծել: Եթե չպայքարենք մեր կյանքի ու արժանապատվության համար, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու: Եվ, ինչպես կյանքում, քաղաքական գործընթացներում ևս նույն սկզբունքն է գործում: Մենք պայքարից խուսափելու իրավունք չունենք»,-ասաց նա:
Շեշտելով, որ ընդդիմության գործողությունները սկսում են ակտիվանալ՝ նա հավելեց. «Կարող էինք հիմա խոսել այդ գործընթացների ուշացած լինելու և այլնի մասին, բայց եթե դեռ ապրում ենք, եթե գիտակցում ենք, ուրեմն՝ դեռ ոչինչ ուշացած չէ: Գոնե հիմա ամեն ինչ հնարավոր է անել: Բայց համախմբում իրականացնելու համար ժողովրդի հետ հարկավոր է ազնիվ ու անկեղծ լինել: Ազնիվ խոսել այն մասին, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, ինչ արտաքին ուժեր էին խանգարում: Հասկանալի է՝ կան հանգամանքներ, երբ հնարավոր չէ չակերտներ բացել, բայց պետք է հասարակության հետ հնարավորինս ազնիվ լինել. մենք մի իրականության մեջ ենք, երբ մարդիկ ոչ թե թքած ունեն երկրի ու պետականության վրա, այլ պարզապես հավատն է կորել: Ընդդիմության գործողությունների և գործընթացների հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է լինելու: Պետք է հասկանալ, որ այսօր անձերը կապ չունեն, կապ չունի, թե ով է սկսում պայքարը, շարժումները: Գաղափարը մեկը պետք է լինի. ոչ թե Նիկոլի դեմ (նա ոչ մեկ է իր ամբողջ խմբավորմամբ), այլ հանուն մեր պետականության, հանուն արցախահայության փրկության, որովհետև մենք իրականում եկել և հասել ենք ճակատագրական ու օրհասական պահի»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում