«Պետք է շատ զգույշ մոտենալ երաժշտական ցանկացած ստեղծագործության». DJ GoodMan-ը ՝ դիջեյության և երաժշտությունը նորովի մատուցելու մասին. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է․
Տարիներ առաջ դիջեյները, կարծես թե, այլմոլորակայիններ լինեին: Կատակը՝ մի կողմ, բայց դա հենց այդպես կարելի է մեկնաբանել, շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես մի սարքի միջոցով կարելի է լրիվ այլ տեսակի ՝ շատերիս համար նաև անսովոր երաժշտություն հնչեցնել: Սակայն հիմա հանրային և անգամ ընտանեկան տարատեսակ միջոցառումներն անցնում են նրանց մատուցած երաժշտության ներքո:
Զրուցել ենք ոլորտի ներկայացուցիչներից Հովհաննես Այվազյանի ՝ նույնը ինքը՝ DJ GoodMan-ի հետ: Զրույցի առանցքում ոչ միայն նրա անձնական գործունեությունն է, այլ դիջեյությունն ու երաժշտությունն առհասարակ: «Հինգ տարի է, ինչ զբաղվում եմ երաժշտությամբ: Եղել եմ հնչյունային օպերատոր, մոտ չորս տարի է ՝ զբաղվում եմ դիջեյությամբ:Նվագում եմ հիմնականում կոմերցիոն միջոցառումների ժամանակ ՝ ելնելով ֆինանսական տեսանկյունից, բացի դա, կարողանում եմ նաև բազմաժանր երաժշտություն մատուցել: Հրավերների պարագայում կնվագեմ տարբեր, այդ թվում ՝ նաև բարեգործական միջոցառումների ժամանակ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է դիջեյը:
Այսօր դիջեյները չասենք փոխարինում, բայց կարողանում են լրացնել գործիքների միջոցով կենդանի երաժշտության տեղը, իհարկե, ոչ ամբողջովին: Հովհաննեսն ասում է ՝ կենդանի երաժշտությունն, իհարկե, իր տեղն ունի: «Դիջեյը կարող է բազմաժանր երաժշտություն ապահովել, ինչը շատ բենդեր ու երաժիշտներ չեն կարող մատուցել: Բացի դա, օրինակ ՝ ֆինանսական առումով դիջեյ հրավիրելն ավելի հարմար է, այդ պարագայում միջոցառման ժամանակ աշխատում է մեկ հոգի, իսկ, օրինակ ՝ նվագախմբի դեպքում ՝ մինչև տասը»,-նշում է զրուցակիցս:
Նա նոր շնչով է մատուցում թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ինչպես մոռացվող, այնպես էլ նոր ստեղծագործությունները: «Փորձում եմ նոր մոտեցմամբ արդեն մոռացվող երաժշտությունը ապրեցնել: Սա շատ կարևոր է: Երաժշտական բոլոր փորձարկումներն անում եմ տեղում ՝ «live» տարբերակով, ռեմիքսով չեմ զբաղվում»,-հավելում է դիջեյը:
Հավաստում ենք ՝ այս գործում կարևոր է ամեն ինչ ճաշակով անելը: «Պետք է շատ զգույշ մոտենալ երաժշտական ցանկացած ստեղծագործության, կան դեպքեր, երբ չպետք է տուրք տալ փոփոխություններին ու նորամուծություններին: Վատ որակի ստեղծագործություն մատուցելը սխալ է, անթույլատրելի, ավաղ, հիմա նման դեպքերի հանդիպում ենք: Միևնույն ժամանակ ոլորտում, այո՛, ունենք տաղանդավոր դիջեյներ»,- ասում է նա:
Ի դեպ, ոլորտային խնդիրների և երբեմն նաև մատուցվող վատ որակի երաժշտության պատճառն, ըստ DJ GoodMan-ի, կրթության պակասն է: «Եթե ցանկանում ես դաշնամուր նվագել, գիտես, որ կարող ես հաճախել երաժշտական դպրոց և կրթություն ստանալ: Եթե ցանկանում ես պրոֆեսիոնալ դիջեյ դառնալ, չկա մի ուսումնական հաստատություն, որտեղ կարող ես համապատասխան կրթություն ստանալ, հմտություններ ձեռք բերել: Կրթելու հարցով զբաղվում են անհատները, որոնցից շատերն ունեն բազմաթիվ աշակերտներ: Ինքս էլ ունեցել եմ աշակերտներ, հիմա ժամանակային առումով չեմ կարողանում սովորեցնելու գործով զբաղվել: Կարծում եմ ՝ եթե լինի ուսումնական կենտրոն, այն մեծ մասսայականություն կվայելի, մասնագիտությունը բավականին նորաձև է, պահանջարկ ունի և անընդհատ զարգանում է: Իհարկե, նաև կարևոր է, թե ով է սովորեցնողը, նրանից շատ բան է կախված, հատկապես փոխանցվում է երաժշտական ճաշակը, իսկ դա ամենակարևոր գործոններից է մեր մասնագիտության մեջ»,-եզրափակում է DJ GoodMan-ը: