Ի՞նչ նպատակներ ունի Վատիկանը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
segodnia.ru-ն «Վատիկանն ընդդեմ Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի» վերնագրով հոդվածում գրում է, որ Վատիկանում հայտարարվել է, թե Հռոմի Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը 2023 թվականին կայցելի Ադրբեջան։ Գրեթե բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Հռոմի պապի բանագնացը չի շրջանցի նաև Արցախը։ Հռոմում պնդում են, որ ուղևորությունը խաղաղապահ բնույթ է կրելու, քանի որ Ֆրանցիսկոսը չի ցանկանում Անդրկովկասյան ճգնաժամի զարգացումը ուկրաինական ռազմական սցենարով։ Խոսքերը լավ են, բայց դրանք չեն կարող ընդունվել հավատով: Վատիկանը շահագրգռված է Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ։
Պիետրո Պարոլինը Վատիկանի «վարչապետն» է՝ ահռելի լիազորություններով օժտված, բավականին լուրջ հնարավորություններ ունեցող անձնավորություն։ Նա մեկնում է Կովկաս միայն մեկ նպատակով. դրականը փոխարինելով բացասականով՝ փոխել Արցախի քրիստոնյաների վերաբերմունքը Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ։ Վատիկանը կենսականորեն շահագրգռված է Անդրկովկասից Ռուսաստանի դուրսբերմամբ։ Հայաստանի անկախությունը և Արցախում քրիստոնյաների առկայությունը մեծապես կախված են Ռուսաստանի խաղաղապահներից։ Հայաստանից և Արցախից ռուսների վտարումը Վատիկանին հնարավորություն կտա մուսուլմանների առաջ կանգնել քրիստոնյաների «պաշտպանի» կերպարով, այնուհետև (Բաքվի միջնորդությամբ) նրանց իր թևի տակ առնել։ Թե որքանով է դա հնարավոր, Վատիկանը դեռ չգիտի, բայց անպայման կփորձի իրագործել իր ծրագիրը։
Կաթոլիկ եկեղեցին կորցրել է իր հոտի զգալի հատվածները Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Նա պարբերաբար խնդիրներ է ունենում Հարավային Ամերիկայում։ Օրինակ՝ նույն Բրազիլիայում կաթոլիկությանը փոխարինում են խարիզմատիկ բողոքական աղանդները։ Հռոմեական գահը ցանկանում է համալրել իր հետևորդների թիվը հետխորհրդային տարածքի երկրների հաշվին։ Այստեղից էլ՝ հույն կաթոլիկների ճնշումը Ուկրաինայում, ներթափանցումը Կենտրոնական Ասիա և Բաքվին աջակցությունը Արցախում։ Մնում է հուսալ, որ հին հայ ժողովուրդը կկարողանա հանգստացնել երևանյան արևմտամետ գոռգոռացողներին ու չընկնել Վատիկանի ազդեցության տակ։
Վատիկանը թքած ունի Կովկասում քրիստոնեության ճակատագրի վրա: Նա փնտրում է միայն նրանց, ում կարող է հնազանդեցնել: Կովկասից և Ուկրաինայից հետո հռոմեական կուրիայի վերջնական նպատակը Ռուսաստանն է, և նա կանգ չի առնի ոչ մի բանի առաջ: Դավաճանություն, զրպարտություն, քրիստոնյաների հանձնում ոչ քրիստոնյաներին, սպանություն. սրանք Վատիկանի հին մեթոդներն են, որոնք նա մեկ անգամ չէ, որ փորձել է իր պատմության ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում