«Առանց իր ուժի ուղղակի չէինք կարող ապրել». Նարեկ Հարությունյանը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Նարեկս փոքրուց շատ համեստ ու խելոք, բայց և աշխույժ երեխա էր: Բարի էր, հոգատար բոլորի հանդեպ: Միշտ ուզում էր բոլորին յուրահատուկ ուշադրության արժանացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Նարեկի մայրիկը: Տղան ծնվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Այստեղ է անցել Նարեկի մանկությունը, հաճախել է Թաիրովի մանկապարտեզ, մինչև 3-րդ դասարան սովորել Թաիրովի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքով, շատ լավ է սովորել, Նարեկի համար բոլոր առարկաները հասանելի էին, և նա միշտ լավ արդյունքներ էր ունենում: Հետո ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նարեկն ուսումը շարունակում է Միտիշի համար 14 դպրոցում՝ կրկին բարձր առաջադիմությամբ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի կոմերցիոն համալսարանին կից քոլեջը՝ մենեջմենթի բաժին:
«Ուսմանը զուգահեռ միշտ սպորտով է զբաղվել՝ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ: Մտածում էր՝ բանակից վերադառնալուց հետո արդեն հստակ կկողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում: Սպորտի բնագավառում շատ հաջողություններ է գրանցել: 2016 թ.-ին Կալուգայում տեղի ունեցած Աշխարհի խաղերում Նարեկն ազատ ոճի ըմբշամարտում գրավեց առաջին տեղը: Քանի որ Հայաստանի քաղաքացի էր, հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո: Միշտ իր կողքին ենք եղել, բայց ձգտում էր ամեն հաջողության հասնել սեփական ուժերով: Վստահ էր, որ իր բոլոր նպատակները կյանքի են կոչվելու: Չնայած արտերկրում էինք ապրում, Նարեկը միշտ ձգտում էր Հայաստան վերադառնալ՝ մա՛մ, գնանք մեր հողում ապրենք, այնտեղ ուրիշ ձև ես շնչում, ապրում: Վերադառնալու էինք Հայաստան, դժվարությամբ էինք հաշտվում դրսում ապրելու հետ: Նարեկի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո այլևս չէինք հեռանալու Հայաստանից: Պատերազմն սկսվեց ու ամեն ինչ փոխեց»:
2019 թ.-ին Նարեկը պետք է ծառայության մեկներ, բայց բժշկական հանձնաժողովն արձանագրում է՝ առողջական խնդիրներ ունի, և վեց ամսով հետաձգում նրա բանակ մեկնելը: «Վերադարձանք Մոսկվա: Հետո համավարակն սկսվեց, ճանապարհները փակվեցին: Նարեկը հայ համայնքի հատուկ չվերթով 2020 թ. հունիսի 8-ին վերադարձավ Հայաստան, կարծում էինք, որ երկրորդ տարկետումը կտան: Այդ չվերթով ՌԴ-ից Հայաստան էին մեկնել զինծառայության տարիքի տղաները: Տղաներից մեկի հետ ընկերացել էին ինքնաթիռի մեջ, նույն զորամասում էին ծառայում, նույն թաքստոցի մեջ էլ զոհվեցին... Չգիտեմ՝ ճակատագիր էր, թե ինչ»: 2020 թ. օգոստոսի 7-ին Նարեկը զորակոչվում է ծառայության Մարտակերտ: Մայրիկի խոսքով, մի քանի օրվա ծառայող էր որդին, բայց սիրել էր զինվորական գործը, անգամ մտքեր ուներ պարտադիր զինվորական ծառայությունից հետո այդ համակարգում մնալու:
«Մա՛մ, կհետաքրքրվես, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ասացի՝ Նարե՛կ ջան, երկու ամիս չկա, որ ծառայում ես, դեռ շատ ժամանակ ունես: Պատասխանեց՝ մա՛մ, ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս, անպայման պիտի շարունակեմ: Խոստացանք, որ ամեն ինչ իր ուզածով կանենք, բայց ամեն ինչ կիսատ մնաց»: Նարեկը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին:
«Նարեկս զանգեց, բավականին երկար զրուցեցինք, այդ ընթացքում մի քանի անգամ հոսպիտալ էր պառկել, բայց տրամադրությունը լավ էր»: Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված ռմբակոծության ժամանակ տղաները պատսպարվում են թաքստոցներում։ Անօդաչուն պայթեցնում է դրանցից մեկը։ Նարեկը զոհվում է պատերազմի հենց առաջին օրը: «Մոսկվայում էինք, բոլորս իրար էինք անցել: Հայաստանում բնակվող մեր բարեկամները գիտեին, որ Մարտակերտում շել են պայթեցրել, մենք տեղյակ չէինք: Ամսի 28-ին արդեն Հայաստանում էինք: Սպասում էինք Նարեկիս զանգին, բայց այն չկար ու չկար: Հուսադրում էին, ասում, որ նորակոչիկները շելերում են թաքնված, նրանց առաջին գիծ չեն տարել: Հունվարին մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ տղաներից մեկը պատմում էր՝ նկուղների դռները փակ են եղել, դրա համար երեխեքին ասել են՝ մտեք ուսումնավարժական շելերը: Նարեկին էինք փնտրում: Որևէ տեղից նորմալ տեղեկություն չէինք ստանում, գնում էինք ՊՆ ու այլ գերատեսչություններ, ասում էին՝ տեղյակ չենք:
Տղաներն ու մյուս որդիս հիվանդանոցներով էին շրջում, Վեդիում նկարով Նարեկիս ճանաչել էին: Բայց որևէ մեկը չէր ուզում հավատալ, ամուսինս խնդրել էր արյուն վերցնել, այդ պահին չէր համընկել... Բայց հոկտեմբերի 7-ին ԴՆԹ անալիզ հանձնեցինք, 2 օր անց համընկնում եղավ՝ Վեդիի այն երեխան, ում տեսել էինք, Նարեկս էր»: Ի՞նչն է ուժ տալիս շարունակելու ապրել: «Ամեն օր ապրում ենք իրենով, փորձում կատարել իր բոլոր երազանքները: Երևի իրենք էլ մեզ են ուժ տալիս, որ այդ ամենն իրագործենք: Առանց իրենց ուժի չէինք կարող ապրել: Չգիտեմ՝ ինչ-որ բան էր զգացել, թե ինչ, բայց բանակ գնալուց առաջ իր էջում գրել էր՝ հիշեք անունս, որ գրեք մեծատառերով: Նարեկը երազում էր Հայաստանում ապրել, տուն կառուցել, հիմա մենք Հայաստանում ենք ապրում ու փորձում կյանքի կոչել իր նպատակները, որ գոհ լինի մեզանից»:
Հ. Գ. - Նարեկ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում