Տաք քարերից, քերիչներից, փայտե և բամբուկե ձողիկներից մինչև ժամանակակից մերսիչներ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռ հին ժամանակներից են մարդիկ հասկացել մկանները թուլացնելու իմաստը և մերսման առավելությունները: Երբ մարդը ցավ էր զգում, բնազդների շնորհիվ վերջույթները շփելով տաքացնում էր, ընկնելուց վնասվածքի տեղը շփում էր, քանի որ այդ գործընթացը մեծացնում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում, ինչն էլ դրականորեն է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։ Հնում տաք քարեր, քերիչներ, փայտե և բամբուկե ձողիկներ, այլ տիպի իրեր էին օգտագործվում մեջքի, ոտքերի և մարմնի այլ մասերի ցավերը թուլացնելու և, ընդհանրապես, հաճույք ստանալու համար։ Առաջին մեխանիկական մերսիչներից մի քանիսը հայտնվել են 19-րդ դարում շվեդ բժիշկ Գուստավ Զանդերի շնորհիվ։ Նրա գյուտերը եղել են հիվանդությունների բուժման և կանխարգելման ոլորտում։
Նա ստեղծել է մեխանոթերապիայի այնպիսի սարքեր, որոնք օգնել են թուլացնել մկանները, իսկ ծանր հիվանդ մարդկանց՝ արագ ապաքինվել։ Նույնիսկ մեր ժամանակներում որոշ բժշկական հաստատություններ շարունակում են օգտագործել դրանք: Օրինակ՝ «ոտքերի մերսման մեխանիզմ» սարքի ներսում կա հատուկ մակերեսով թմբուկ, իսկ սարքի կողքին հատուկ հարմարեցված աթոռ է։ Աթոռի նստատեղի մակարդակով թմբուկին ամրացված են ոտքերի կրիչներ: Մեխանիզմն ինքնին հարմարվում է ցանկացած երկարության: Թմբուկի վրա փայտե տախտակներ են ամրացված՝ որպես մերսող սարք, որի պտտումը մերսում է ոտնաթաթերը՝ հանգստացնելով և վերականգնելով ոտքերը։ Իսկ մեջքի մերսող սարքը իր առաջին տարբերակում կառուցվածքով նույնիսկ ավելի բարդ ու խճճված էր: Սրա դեպքում մարդը նստում է աթոռի վրա՝ մեջքով դեպի սարքը:
Մերսիչն իր հերթին մետաղական հարմարանքների օգնությամբ ռետինե փոքրիկ խցիկներով կատարում էր մեջքի մերսում։ Սարքն ինքնին իրենից ներկայացնում է դեպի վեր ձգված խոշոր մեխանիզմ, որը սնուցվում է հատուկ գոտիով և պտտում էր այն՝ ամրացված լինելով մեկ այլ մեխանիզմի վրա։ Այսինքն, ոչ թե ինքն իրենով էր աշխատում, այլ շարժակների և գոտիների բարդ մեխանիզմի միջոցով։ Որովայնի մերսիչը կազմված է երկու մեխանիզմից, որոնց մեջտեղում էլ գտնվում է մարդը: Սարքի վրա տեղադրված է երկու փոքր անիվ, որոնք հանդես են գալիս որպես մերսողներ։ Հետևի կողմից մեջքը պահող սարքն է: Մարդը մի ձեռքով պտտում է մեխանիզմների համակարգը, որը շարժման մեջ է դնում ողջ գործընթացը։ Անիվները գլորվում են ստամոքսի վրայով՝ թուլացնելով այն: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են 19-րդ դարից։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մերսող սարքերի գործառույթներն ու նպատակները մնացել են նույնը։
Ահա դրանցից ընդամենը մի քանիսը. –Մարդուն դրական էմոցիաներ հաղորդելը։ Այդ զգացումն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը էնդորֆին է արտադրում։ Հորմոնն առաջացնում է մկանային մանրաթելերի թուլացում՝ թարմացնելով բջիջները սննդանյութերով։ - Մկանների աշխատանքի տևողության ավելացում: Սպորտով զբաղվելուց կամ լուրջ բեռներ տեղափոխելուց հետո 20 րոպե մերսմամբ հանգստանալը բավական է։ Մկանները նորի պես են դառնում։ - Վերացնում են այն հիվանդությունները, որոնք առաջացնում են քնի խանգարումներ։ Քանի որ մարմինը միշտ հոգնած է, բուժական մերսման պրոցեդուրաները հանգստացնում են մարդուն։ Առաջին հերթին դա դրական է ազդում նյարդային համակարգի վրա և հանգիստ քուն պարգևում: Հասկանալի է, որ գիտության զարգացման հետ մերսող սարքերն էլ դարձել են բազմազան ու ավելի ժամանակակից: Բայց, ի վերջո, դրանց բոլորի նպատակը նույնն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում