Հատուկ խմիչք հատուկ տոների համար. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Որպես կանոն՝ դեկտեմբերի սկզբին որոշ երկրների խանութների դարակներում հայտնվում է սեզոնային գարեջրի ամենահայտնի տեսակներից մեկը։ Խոսքը Սուրբծննդյան մուգ գարեջրի՝ Tuborg Christmas Brew-ի մասին է։ Այս գարեջրի հայտնվելն արդեն իսկ շատ եվրոպացիների համար Սուրբծննդյան (նաև Ամանորի) ավանդույթ է դարձել։ Սուրբծննդյան տուբորգը խիտ բուրմունքով կիսամուգ գարեջուր է։ Այն եփում են գարու ածիկից։ Դրանում ալկոհոլի պարունակությունը կազմում է 5,6 %։
Այս գարեջուրն ստեղծվել է Carlsberg ընկերության գարեջրագործների կողմից 1981 թվականին և վերջին երեք տասնամյակի ընթացքում այն այնքան տարածված է, որ Դանիայում նույնիսկ արդեն նշում են J-օրը (նորվեգական Julebryg-ից՝ Սուրբծննդյան գարեջուր): Դանիացիները սկսել են նշել այդ տոնը սկսած 1990 թվականից, և այն շատ արագ դարձել է Սուրբծննդյան տոների մի մասը։ Վերջերս այդ տոնը (J-օրը) դարձել է միջազգային։ Այն նշվում է Իսլանդիայում, Գրենլանդիայում և Շվեյցարիայում։ Հավանական է, որ ժամանակի ընթացքում այդ ավանդույթը արմատավորվի նաև այլ երկրներում: Նշենք, որ դա հեռուն գնացող «մարքեթինգային» քայլ է։ Արդեն 2008 թվականին J-Day բառը մտել է դանիական բառարան։ Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Carlsberg ընկերությունը շատ զգայուն է «ավանդական Սուրբծննդյան (կամ՝ Ամանորի) ըմպելիքի» կերպար ստեղծելու հարցում։ Օրինակ՝ 2003 թվականից ի վեր ավանդույթ է դարձել գարեջուրը լցնել նոյեմբերի առաջին ուրբաթ երեկոյան ուղիղ ժամը 20:59-ին։ Այդ պահին Կոպենհագենի փողոցներով սկսում են վազել ձիաքարշ սայլերը, որոնք այդ «տոնական» ըմպելիքը հասցնում են բազմաթիվ փաբեր ու սրճարաններ։ Շշալցման սկիզբը նշվում է քաղաքի բազմաթիվ փաբերում խնջույքներով, որտեղ բրենդային սայլեր են ժամանում և բոլորին հյուրասիրում թարմ գարեջրով։
Մեկ այլ ավանդույթ եղել է շշերի և ալ յումինե տարաների ձևավորման մեջ կապույտ գունային սխեմայի, ինչպես նաև Սուրբծննդյան տարբերանշանի օգտագործումը: Սուրբծննդյան կապույտ պիտակը վերցվել է 1979 թվականին Carlsberg-ի կողմից թողարկված Սուրբծննդյան բացիկից: Այն այնքան հայտնի է դարձել, որ երկու տարի անց, երբ մշակվում էր նոր արտադրանքի դիզայնը, առանց երկար մտածելու դա է հիմք ընդունվել։ Կապույտ ապակե շշերը բավական անսովոր տեսք ունեն: Այսօր այդ դիզայնը դուրս է եկել գարեջրի դիզայնից և տարածվել ամանորյա բազմաթիվ իրերի վրա:
Նշենք, որ կապույտ մուշտակով Ձմեռ պապը դանիացիների համար նորմա է։ Եվ չնայած այդ գարեջուրը տարեկան ընդամենը մի քանի շաբաթ է վաճառվում, Դանիայում վաճառքի ծավալով այն չորրորդ տեղում է։ Նա իր հետևում է թողել այնպիսի հայտնի և ընդունված գարեջրեր, ինչպիսիք են Tuborg Green-ը կամ Classic-ը, որոնք, ի դեպ, վաճառվում են ամբողջ տարվա ընթացքում:
Իսկ ընդհանրապես, Սուրբծննդյան գարեջուրը օրինակ է այն բանի, որ մեր ժամանակներում էլ են ձևավորվում տոներ և ավանդույթներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում