Մեծ վեճ այն մասին, թե ով ու ինչպես ստեղծեց կանանց այդքան անհրաժեշտ «հագուստը». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
1907 թվականին Vogue ամսագրում հայնտվել են կրծկալների առաջին մոդելները` brassiere անվանումով: Հետագայում ամերիկացիներն ու անգլիացիները կրճատել են բառը՝ այն դարձնելով bra: Բայց հազիվ թե դա է համարվում կրծկալների առաջին «հայտնությունը», այս դեպքում խոսքն առաջին հերթին հանրահռչակման մասին է:
Ըստ պատմության, դեռևս 1889 թվականին փարիզուհի ֆեմինիստուհի Էրմինի Կադոլը համարձակ կտրել էր իրեն հոգնեցնող կորսետի ներքևի մասն ու այն ձևափոխել կրծկալի: Զգեստապահարանի նոր պարագան ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում և դարձել իսկական հեղափոխության առիթ: 1903 թվականին Փարիզի բժշկական ակադեմիայում փորձարկվել է աշխարհում առաջին կրծկալը, որի հեղինակը եղել է բժշկուհի Գոշ Սարոն: Գրեթե նույն ժամանակ Գերմանիայում դերձակուհի Կրիստինե Հարդտը Դրեզդենի արհեստների պալատում ներկայացրել է կրծկալի նմանությամբ իր ստեղծած նոր մոդելը: Դրա նկարագրության մեջ ասվում էր, որ այն հիանալի պահում է կնոջ կուրծքը` չփոփոխելով դրա բնական ձևը: Մոդելն անվանել են bustenhalter, ինչը թարգմանաբար նշանակում է «կուրծք պահող»:
Սակայն կրծկալի ծագման ամենահայտնի պատմության հերոսուհին ամերիկուհի Մերի Ֆելպս Ջեյկոբսն է, որն էլ ստացել է այդ հիանալի հայտնագործության արտոնագիրը: Ըստ պատմության, այդ կինը պատրաստվում էր խնջույքի գնալ, սակայն նրա կորսետը չէր համապատասխանում մեջքը բաց իր զգեստին, ուստի, իր սպասուհու հետ Մերին ձևափոխում է այն՝ այդպիսով ստեղծելով կրծկալի առաջին մոդելը: Սկզբնական շրջանում այդ կրծկալը հաջողություն չի ունեցել, սակայն Մերիի երրորդ ամուսինն աշխատում էր կորսետների ընկերությունում: Նա ընկերության սեփականատերերին է ներկայացնում նորույթը, և նրանք գնում են հայտնագործությունը 15 հազար դոլարով, ինչն այդ ժամանակ ահռելի գումար էր: Շատ տարիներ անց կրծկալի հայտնագործությունը գնահատվել է 15 միլիոն դոլար:
Կրծկալի առաջացման ևս մեկ պատմության կա, ըստ որի, դրա հայտնագործողը Ռուսաստանից ԱՄՆ գաղթած դերձակուհի Իդա ՌոզենտալԿագանովիչն է: 1920ականներին նորաձև էր «ալ յագարսոն» ոճը՝ տղայական սանրվածքն ու անկուրծք մարմինը, որը ստանում էին հատուկ ամուր կրծկալի շնորհիվ:
1937 թվականից ԱՄՆ-ում սկսում են արտադրել գործարանային կրծկալներ: Այդ նույն տարեթվին էլ ստեղծվել են դրանց չափսերը` A-ից D: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը կրծկալները կարում էին հիմնականում բնական կտորներից, իսկ երբ 1938 թվականին հայտնագործեցին նեյլոնը, արտադրության մեջ մտան սինթետիկ կտորներից կրծկալները:
1950 թվականին, պատերազմյան դժվար ժամանակաշրջանից հետո, կրկին նորաձև են դարձել կլորիկ կազմվածքները: Այդ ժամանակի գեղեցկության էտալոնը մեծ կոնքերն ու կրծքերն էին: 1950-ականների գեղեցկության իդեալներ են դարձել Մերիլին Մոնրոն, Բրիջիտ Բարդոն, Ջինա Լոլոբրիջիդան, Սոֆի Լորենը: Այդ ժամանակ էլ ստեղծվել են կուրծքը մեծացնող կրծկալները:
1981 թվականին ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է կանանց ներքնազգեստի գովազդը: Շատ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն, Իվ Սեն Լորանը, Ջաննի Վերսաչին և այլոք, սկսել են մշակել ներքնազգեստի հավաքածուներ: Կրծկալի պատմության մեջ իսկական հեղափոխություն է եղել 1994 թվականին Wonderbra մոդելների ստեղծումը: Դրանից հետո այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքով, կարող էին այդ կրծկալների միջոցով բարձրացնել ու հմայիչ տեսք հաղորդել իրենց կրծքերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում