Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են
Հայ-ռուսական հարաբերությունները փչացվում են օրեցօր, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատկապես Երևանում Եվրամիության երկու գագաթնաժողովներից հետո, ավելի են սրել հակառուսական քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Երեկ նա պնդել է, թե դեռ Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում հայտարարել է Պուտինին, որ չի լինելու Կարմիր հրապարակում՝ քարոզարշավի բերումով։ Մինչդեռ հայտնի չէ՝ արդյոք Հայաստանը այլ պատվիրակություն կուղարկի Մոսկվա, թե ոչ։ Հակառուսական ամենաակնհայտ քայլը, որ արել էին Հայաստանի իշխանությունները, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Հայաստան հրավիրելն ու նրան հակառուսական հայտարարություններ անելու հարթակ տրամադրելն էր։
Այդ կապակցությամբ երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ԱԳՆ, բողոքի հայտագիր ներկայացրել՝ Ռուսաստանի հասցեին հնչող ահաբեկչական սպառնալիքների համար Զելենսկուն հարթակ տրամադրելու անընդունելիության մասին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն արձագանքել է Հայաստանի իշխանությունների քայլերին՝ նշելով, թե վերջիններս ցանկանում են նստել երկու աթոռի վրա։ «Ցավոք, Երևանում շարունակում են փորձել հետևել, ինչպես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Քանի դեռ որքան կարելի է այսպիսի կեցվածքով, այսպես ասած, մնալ, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են Ռուսաստանի և Հայաստանի համար», — ասել է նա բրիֆինգում։
Ուշակովը նշել է, որ երկկողմ համագործակցությունն ավելի շահավետ է Երևանին, քան Մոսկվային։ «Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների այդ հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի համագործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», — ընդգծել է նախագահի օգնականը։ Ըստ էության, խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ռուսական կողմը զգուշացնում է, որ Փաշինյանի այս քաղաքականությունը որևէ լավ տեղ չի տանելու Հայաստանի Հանրապետությանը, և դրա հետևանքները քաղելու են առաջին հերթին Հայաստանի շարքային բնակիչները։
Աննա Մարգարյան