«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեծ քույրիկս Շամոյենց տուն հարս գնաց, և այդպես ամեն ինչ սկսվեց։ Երկու քույր ամուսնացանք երկու եղբոր հետ։ 2012 թվականի օգոստոսի 21-ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շամոյի կինը՝ Մարինեն։ Ամուսնու մասին խոսելիս նշում է. «Ամենակարևորը՝ լավ մարդ էր, ընկերասեր էր։ Սիրում էր երեխաների հետ խաղալ, ժամանակ անցկացնել։ Նա էլ է հերոսի տղա, ստացվում է, որ հիմա մեր երեխաները կրկնում են ամուսնուս մանկությունը»։
Շամոն ծնվել է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ «Առաջին պատերազմից հետո Չայլուն մնացել է թշնամու տիրապետության տակ։ Իրենց ընտանիքը բռնագաղթվել է հայրենի գյուղից և ժամանակավոր բնակվել Հայաստանում՝ Հրազդան քաղաքում: 1993 թվականին զոհվել է Շամոյի հայրիկը՝ Նիկոլայ (Կոլ յա) Ավանեսյանը։ Նա եղել է գյուղի ջոկատի հրամանատարը։ Նույն թվականին իրենց ընտանիքը վերադարձել է Արցախ։ Վերաբնակեցվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում։ Իրենք ամբողջ ընտանիքով ներգրավված են եղել գյուղի կյանքում։ Շամոյի մայրիկը եղել է գյուղի բուժքույրը, եղբայրը՝ զինղեկը, քույրերը՝ ուսուցչուհի և ֆիզիկայի մասնագետ, իմ քույրիկն էլ, որ իրենց տուն հարս էր գնացել, նույնպես ուսուցչուհի էր»։
2005-2007 թվականներին Շամոն զինվորական ծառայություն է անցել Պաշտպանական բանակում: 2008-2020 թվականներին եղել է պայմանագրային զինծառայող։ Ծառայել է Օմարում, աշխատել է հինգերորդ գումարտակում՝ որպես վարորդ, այնուհետև նույն հինգերորդ գումարտակում եղել է ականանետորդ՝ Ապրիլ յան պատերազմի ժամանակ։ Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: 2016 թվականից հետո տեղափոխվել է Մատաղիս՝ որպես դիպուկահար։ Վեց ամիս վերապատրաստում է անցել Հայաստանում՝ որպես «Սև նետի» դիպուկահար, և ծառայությունը շարունակել Թալիշում։ Ծառայության ընթացքում ամուսինս պարգևատրվել է նաև «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 22-ին դիրք բարձրանալու իր օրն էր։ Պատերազմն սկսվելու ժամանակ նա դիրքերում է եղել։ Սեպտեմբերի 26-ին հայրիկիս ծննդյան օրն էր, մեր տուն էի գնացել, մենք կողքի գյուղում էինք ապրում։ Այդ օրերին ամենօրյա կապ կար իր հետ։ Ամեն գիշեր զանգահարում էր, երեխաներին բարի գիշեր մաղթում, զրուցում էինք։ Սեպտեմբերի 26-ին էր մեր վերջին զրույցը։ Ասաց. «Հանգիստ մնացեք այդտեղ, առավոտյան եղբայրդ ձեզ տուն կտանի»։ Բայց առավոտյան յոթն անց տասին սկսեցին կրակել։ Մեր գյուղը բարձրադիր գոտում էր, և մենք տեսնում էինք, թե ներքևում՝ Մարտակերտում, ինչ է կատարվում։ Պատմում են, որ նա անգամ չի հասցրել իր կոշիկները հագնել։ Տղաները, որոնց նա փրկել է, Էջմիածնից են։ Նրանք վիրավորվել են, Շամոն դուրս է բերել մարտի դաշտից, հետո հրահանգել, թե ինչպես դուրս գան, ու ասել՝ ես առաջ կգնամ»։
Շամոն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքում՝ դիպուկահարի կրակոցից։ «Հոկտեմբերի 5-ին հեռուստատեսությամբ հայտարարվող զոհված տղաների անունների ցանկում նաև Շամոյի անունը կար։ Մեզ զանգահարում էին, ցավակցում, բայց քանի որ իրեն չէինք գտնում, նրա անունն անհետ կորածների ցանկում էր։ Վեց ամիս հետո ԴՆԹ հետազոտությամբ իր ինքնությունը հաստատվեց։ Նա Մեծամորի դիահերձարանում էր։ Մեր հարազատները համոզվել են, որ Շամոն է։ 2021 թվականի մարտի 18-ին իրեն հուղարկավորել ենք»։
Ապրելու ուժի մասին. «Ուժ տվողը երեք երեխաներս՝ աղջիկս և տղաներս դարձան։ Սկեսուրս նույն ցավն ու կորուստն է տեսել, երիտասարդ տարիքում կորցրել է ամուսնուն, հիմա էլ՝ որդուն։ Նա էլ է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ։ Իհարկե, որքան էլ ժամանակ անցնի, Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու»։
Հ. Գ. - Շամո Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում