Աննա Ախմատովան երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին: Միայն նրա բանաստեղծություններն ու պատմվածքներն են կարողացել լույս սփռել եթե ոչ բանաստեղծուհու սիրավեպերի, ապա գոնե տղամարդկանց հանդեպ ունեցած նրա զգացմունքների վրա:Orer.am-ը Ձեզ է ներկայացնում առեղծվածային համարվող Աննայի և իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի սիրո պատմությունը: Սիրո այդ բուռն զգացումը բանաստեղծուհուն համակեց, երբ նա ընդամենը 20 տարեկան էր:Պատահական հանդիպում
Աննան Մոդիլյանիին հանդիպեց 1910թ. Փարիզում, որտեղ գնացել էր ամուսնու` բանաստեղծ Նիկոլայ Գումիլևի հետ, որի հետ ընդամենը մեկ ամիս էր, ինչ ամուսնացել էր: Մոդիլյանին Փարիզում ապրում էր 1906թ.-ից: Նա եկել էր այդտեղ, որպեսզի հայտարարի իր մասին՝ որպես տաղանդավոր նկարիչ, դրա հետ մեկտեղ, ստանա դասեր ֆրանսիացի գեղանկարիչներից: Ամեդեոն շատ աղքատ էր և ոչ-ոք նրան չէր ճանաչում, սակայն նա գրավեց աղջկան իր յուրահատկությամբ, ազնվականությամբ, զգացմունքայնությամբ ու անհասկանալի հանգստությամբ:
Նրանք հանդիպեցին Փարիզի կենտրոնում: Աննային շատ տղամարդիկ էին նայում և Մոդիլյանին էլ բացառություն չէր: Նա համեստորեն աղջկան առաջարկեց նկարել նրա դիմանկարը և աղջիկը համաձայնեց: Այդպես սկսվեց նրանց գաղտնի ու բուռն սիրավեպը, որը կարող էր հենց Փարիզում էլ ավարտվել: Բայց անգամ վերադառնալով Պետերբուրգ, Աննան չկարողացավ մոռանալ նկարչին:
Նա շարունակեց բանաստեղծություններ գրել, պատմա-գրականագիտական դասընթացների այցելել և ձևացնել, թե ամեն ինչ առաջվա նման է: Բայց մի անգամ, երբ Գումիլևը կես տարով գործուղվել էր Աֆրիկա, Աննան Ամեդեոյից ստանում է սրտաճմլիկ մի նամակ: Նա գրում էր, թե չի կարողանում մոռանալ Աննային և երազում է, որ նորից հանդիպեն: Շուտով անկեղծ խոստովանություններով նամակները դառնում են շարունակական:
Եվ նորից միասին...
Երբ Աֆրիկայից ամուսինը վերադառնում է, Աննան չի հապաղում վիճել նրա հետ այն բանի համար, որ նա համարձակվել է իրեն այդքան երկար ժամանակ մենակ թողնել, և վիրավորված` մեկնում է Փարիզ, որտեղ ապրում է 3 ամիս: Ընկերներից լսում է, որ Ամեդեոն, մշտական աղքատությունից և անհուսությունից ճնշված, տարվել է ալկոհոլով և թմրանյութերով:
Այն, ինչ Աննան տեսավ այցելության ժամանակ, շոկի մեջ գցեց նրան. աղջկան ներկայացավ նիհար, գունատ դեմքով մի էակ, որը քիչ ընդհանրություններ ուներ այն գեղեցիկ տղամարդու հետ, որին նա հանդիպել էր մոտ մեկ տարի առաջ: Բայց նույնիսկ երկար մորուքով ու զգալիորեն ծերացած Ամեդեոն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը թվաց նրան: Նրա այրող, խորաթափանց հայացքն առաջվանն էր: Ամեդեոյի հետ անցկացրած օրերը Ախմատովան հիշեց ողջ կյանքի ընացքում:
Փոքրիկ ու անշուք արվեստանոցում Աննան դարձավ նկարչի բնորդուհին: Ցերեկները նրանք այցելում էին թանգարաններ, իսկ գիշերները` զբոսնում քաղաքում: Նկարիչը նրան նկարեց տարբեր դիրքերով և Փարիզում գտնվելու ընթացքում ոչ մի անգամ Աննան նրան հարբած չտեսավ: Երբ եկավ Ախմատովայի մեկնելու ժամանակը, Մոդիլյանին հրաժեշտ տվեց նրան, նվիրելով նկարների մի քանի փաթեթ: Ամբողջը` բացի մեկից, որը Ախմատովան երկար ժամանակ թաքցրեց հուսալի տեղում, որպեսզի պահպանի իր հարաբերությունների գաղտնիությունը: Իսկ այդ մեկը մինչև կյանքի վերջ կախված մնաց բանաստեղծուհու մահճակալի վերևում:
Փարիզյան երկրորդ հանդիպումը նրանց վերջին հանդիպումն էր: 9 տարի անց Աննան արվեստին նվիրված մի ամսագրում պատահական տեսնում է փոքրիկ հոդված, որտեղ հաղորդում էին «լավ նկարչի» մահվան մասին, որը, սակայն, աշխարհին ցնցեց իր վաղաժամ մահվանից երկու տարի անց միայն: Ավելի քան 50 տարի Աննա Ախմատովան գաղտնի պահեց իր լուսավոր, բայց կարճատև սիրավեպը:
60-ականների սկզբին բանաստեղծուհին այցելեց Փարիզ: Հիշողությունները «կատաղի կերպով հարձակվեցին» վրան և որոշեց գրել իր ու նկարչի սիրավեպի մասին: Թաքցնելն էլ արդեն անիմաստ էր, քանի որ տարբեր ցուցասրահներում ներկայացված Մոդիլյանիի մեծաքանակ նկարներից 12-ում պատկերված էր երիտասարդ, գեղեցիկ ու սևահեր մի աղջիկ` նկարչի մուսան ու սիրուհին` բանաստեղծուհի Աննա Ախմատովան:
Պատրաստեց` Ռազմիկ Մարտիրոսյանը