«Հարթակ»-ը գրում է.
«Հենց սկզբից նշեմ, որ գրելուս շարժառիթ հանդիսացավ Եգիպտոսում հայազգի մերկապարուհուն ցմահ դատապարտելու վճիռը:Մի հարցրեք՝ ինչու և ինչպես, դա կարևոր չէ, այստեղ երևույթն է հետաքրքիր: Ուղղակի չեմ ուզում հավատալ՝ հայ աղջիկը մերկապարուհի՞, էս ո՞ւր ենք հասել ժողովուրդ, ի՞նչ գործ ուներ հայուհին Եգիպտոսի գիշերային ակումբում: Ինչպես գիտենք, աշխարհի ամենապրոֆեսիոնալ և ամենաբրենդային մերկապարուհին հայազգի Վարդանուշ Մարտիրոսյանն է: VARDA-ն, որ «տրուբա գրկելու» իր կարիերան ծավալում է ուկրաինական գիշերային ակումբներում, բայց ամենասարսափելին այն է, որ մեր որոշ «խելոք» լրատվամիջոցներ VARDA-ի առաջատարության մասին գրում են ամենայն հպարտությամբ: Գրում են, որովհետև ոչ թե գլխով են մտածում ու կշռադատում, այլ ավելի ստորին մարմնամասով: Ե՛վ պարուհիներին, և՛ որոշ լրատվամիջոցների հաստատ կսազեր «աննամուսի» պիտակը: «Տրուբա ծռելու» հետ մեկտեղ «մասսա ծռելու» էրոտիկ մասնագիտության մեջ, ցավոք, այսօր խորացել և ժամանակի ընթացքում հմտացել են շատ ու շատ հայազգի աղջիկներ և սրտի ցավով եմ նշում՝ հայ «լրբուհիներ»: Մեր օրերում հայուհիների ակտիվ ներգրավվածությունը ժամանցային, գիշերային կյանքին դարձել է սովորական երևույթ: Արդեն լավ ու վատ, սիրուն ու գեշ, սև ու կյաժ ենք «ջոկում», ընդունում նրանց կարգավիճակն ու հաշտվում եղելության հետ: Իսկ օտարության մեջ էլ կրակայրիչով մոտ կանչելու, դրամները երկբևեռ բարեմասնությունների մեջ «թաղելուց» հետո, գուցե այլազգիների մոտ էլ հպարտանանք, թե տեսեք՝ ինչ կադրեր է տալիս Հայաստանը:
Մտի՛ր ցանկացած հայաստանյան գիշերային ակումբ, թեկուզ՝ արտասահմանյան համբավավոր գիշերատներ և կտեսնես «հրաշագործ» հայուհիների, ովքեր գիշերային թիթեռնիկների պես ճախրում և սեթևեթում են ձողափայտերի վրա՝ հասարակությանը պահելով բավականության յուրահատուկ զգացումների մեջ: Ո՞ւր է ձեր նամուսը, ձեր պատվազուրկ էությունն ուղղակի զզվեցնող է…Ի՞նչ նեռային չարամտություն մտավ քո մեջ, որ ուզեցիր տարբերվել ոմանցից, նմանվել ոմանց և պախարակել մի ողջ ժողովուրդ:
Համեմատական եզրեր ես տանում նախկին և ներկա կանացի կերպարների մեջ. ներկա այն կերպարների, որոնք կազմում են հասարակության ընդհատակը: Համեմատելու չի, պարզապես ամոթ է: Հայ կինը, ով արծիվ էր սարերի վրա, բոլորը մի առանձին Սոսե «մայրիկներ» էին յուրահատուկ, հայ կինը, ով ֆիդային էր ազատամարտում՝ տղամարդկանց կողքին, ով առաքինության, մաքրության պահպանման, չանարգվելու համար վտանգի ժամին նետում էր իրեն կործանարար գետը, պահում իր ուրույն ոգին, պահպանում վառ ու սիմվոլիկ իր նկարագիրը:
Ոչ վաղ անցյալում երևի ամենավատատեսների մտքի ծայրով էլ չէր անցնի անգամ կանացի կերպարային դոգմաներից այսպես վուլգարաձև հրաժարվելու հեռանկարը:
Մեր աղջիկները նազանքով, հեզաճկունությամբ սովոր էին պարել հայկական կանացի պարեր, պարեղանակներ, իսկ հիմա շատ հեշտությամբ արևելյան մեղեդիախառն, օտարահունչ հնչյունների ներքո՝ պորտապար: Ցավալի է, սաղ պարերը պարեցինք, մենակ էդ էր մնացել ու վերջ: Հո հետ չէինք մնալու … Ռուսից, խախոլկից, չինացուց և այլ ազգային պատկանելության «շորորացողներից» հայուհին ինչո՞վ է պակաս: Պակա՞ս տվյալների տեր աղջիկներ ունենք, այս մութ գործերում էլ սրան ծառայող յուրահատուկ կադրերի բաժին կա, որն իրականացնում է «դզել-փչելու» պատասխանատու գործընթացը: «Շարժի՛ր, շարժի՛ր» ոչ թե թաշկինակը, այլ կրակայրիչը և հայուհու ընկերակցությունն ապահովված է:
Ընտրել՝ ընտրել եք, ձեր գործն է, ձեր լուծը դուք եք քաշելու, բայց ասեմ, որ ձեր գործը շատ էլ վատ եք անում, շատ էլ վուլգար, լկտիաբար, չտեսաբար ու հետամնաց ձևերով, ոչ արհեստավարժ, կոմպլեքսավորված, ավելի քիչ արժանի դիտման, քան ռուսինը, մեկելինն ու մյուսինը: Գիտե՞ք ինչու, որովհետև դա մերը չէ, դա ուրիշի փեշակն է, ուրիշն է դրա հիմնադիրն ու սկզբնաղբյուրը, դա մենք վերցրել ենք ուրիշից, փոխ ենք առել, ընդօրինակում ենք, կրկնօրինակում, մեր գենի մեջ չկա նման այլասերային զվարճանք, մենք սա ծայրահեղ, արհեստականորեն մեր մեջ ենք մտցրել: Ուստի իր ձևերով ու օրենքներով չենք էլ շարժվում, ո՞նց կարող ենք մենք անգլիացիների պես ֆուտբոլ, կանադացիների պես հոկեյ խաղալ կամ մոզամբիկցու պես թրև գալ ջունգլիներում, երբ դա մերը չէ: Սա օտարածնություն է, անհարիր երևույթ մեր հայկական մենթալիտետին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: