Գերության մեջ հայտնված զինվորին զգեստափոխել ու բռնի ուժով ստիպել են խոսել. Դավիթ Բաբայան
InterviewԱդրբեջանական կողմն այսօր արդեն տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է հայ զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանն անցնում սահմանը եւ հետո արդեն հայտնում, որ բանակում իր հանդեպ բռնացել եւ ծեծի են ենթարկել:
Նորություն չէ, որ ադրբեջանական կողմը, գործի դնելով հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները, մշտապես փորձում է բացասական երանգով ներկայացնել ՀՀ եւ ԼՂՀ ՊԲ-ի գործողությունները, սակայն վերջին շրջանում հակառակորդի հիստերիկ գործողությունները դասվում են բացառապես ցինիզմի ժանրին: Ցավալին էլ այն է, որ ադրբեջանցիները իրենց ծրագրերը փորձում են իրականացնել գերության մեջ հայտնված հայ զինվորների միջոցով:
Տարածված տեսանյութի եւ Անդրանիկ Գրիգորյանի կողմից ադրբեջանցիներին հայտնած տեղեկությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Նախեւառաջ պետք է նշեմ, որ տեսանյութից երեւում է՝ այն նկարահանվել է արդեն իսկ այդ զինվորի` ադրբեջանական գերության մեջ հայտնվելուց հետո, այսինքն՝ այդ գործընթացը վերանկարահանվել է, ինչը շատ լավ երեւում է:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զինվորի հագուստին` ներքեւի եւ վերեվի հատվածները չեն համապատասխանում իրար, երեւում է, որ նրան հագցրել են ադրբեջանական զգեստ: Երկրորդ` եթե ուշադրություն դարձնենք տեսանյութի սկզբի հատվածին, երբ զինվորը հանձնվում է, ակնհայտ երեւում է, որ այն արհեստական է նկարահանված: Երբ սահմանին հակառակ կողմից զինվոր է հայտնվում, նման հանգիստ մթնոլորտ չի լինում, իսկ այս տեսանյութում որեւէ տարակուսանք մենք չենք նկատում, անգամ իրարանցում չկա:
Նկատենք, որ ցանկացած զինվոր, հակառակորդ, երբ մոտենում է սահմանին, անգամ այն պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, որ նա զենք չունի, դա մտածելու տեղիք է տալիս, քանի որ չի բացառվում, որ նա կարող է զինված լինել ականներով, որոնց միջոցով էլ կարող է պայթյուններ առաջացնել եւ, բնականաբար, վնասներ տալ: Սակայն եթե ուշադիր նայենք տեսանյութը, ապա կնկատենք, որ իրարանցում եւ խուճապ ընդհանրապես չկա, այսինքն՝ սա նկարահանված է հատուկ ձեւով: Նպատակն էլ այն է, որ նրանք ցույց տան, թե տեսեք՝ ինչպիսի իրավիճակ է տիրում»:
Իսկ գերության մեջ հայտնված հայ զինվորի հետ աշխատող խմբի վերաբերյալ Դ.Բաբայանը նշեց. «Այն մարդիկ, ովքեր հարցեր են տալիս զինվորին, կարող եմ ասել՝ նույն այն անձիք են, որոնք աշխատել են Ինջիգուլյանի եւ մինչ օրս գերի ընկած կամ մոլորված մեր մյուս զինվորների հետ: Պետք է նշեմ, որ սա պարզապես շոու է: Զինվորին տեսանկարահանել են բռնությամբ, եւ տղան ստիպված ասում է, որ իրեն ծեծել են բանակում: Նկատեք՝ հայ զինվորը տրաֆարետային խոսքեր է ասում` ուզում եմ ապրել եւ այլն:
Նման մոտեցում մշակվել է դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գեբելսի կողմից, որն էլ ընդօրինակվել է ալիեւյան կլանի կողմից: Այն, որ հայ զինվորին Ադրբեջանում ենթարկել են բռնության եւ ստիպել նման խոսքեր ասել, միանշանակ է»:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող, 1991 թվականին ծնված Անդրանիկ Արարատի Գրիգորյանն ադրբեջանական կողմ է անցել երեկ` մարտական դիրքում թողնելով զենքը:
Սոսե Չանդոյան