Ստեղծված և մեծ արագությամբ էլ փլուզման ենթարկված կուսակցությունների կարիք Հայաստանը չունի
AnalysisԵրբ խոսում ենք քաղաքական դաշտի վերաձևավորման մասին, պետք է հաշվի առնենք առաջին հերթին դաշտի ներկա մթնոլորտն ու նրանում առկա դրական ու բացասական կողմերը: Եվ յուրաքանչյուր ցիկլից հետո, ունենալով ամբողջական պատկեր, բնականաբար, քաղաքական թիմը, սուբյեկտը, ուժը, անկախ իր գործողությունների արդյունավետությունից, պետք է հասարակությանը նոր ճանապարհային քարտեզ ներկայացնի:
«Եռյակի» փլուզման մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ գործում էր այդ ֆորմատը, սակայն այժմ, երբ այդ դաշինքը փաստացի այլևս չի գործում, իսկ ընդդիմադիր դաշտն էլ կարծես թե հենց այդ վերափոխման կամ գոնե դրան միտված փուլում է, որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվում նաև անցած շրջափուլերում անհաջողության մատնված ուժերի ազդեցիկ դեմքերի վարքագիծը: Եվ սա բնական է, մանավանդ, որ նման գործընթացները նախաձեռնում են ավելի երիտասարդ գործիչները, որոնք բավականին փորձ են կուտակել քաղաքական պայքարի բոլոր ոլորտներում` ներկուլիսային զարգացումներից մինչև բաց քաղաքական առճակատումների, օպոնենտների հետ սուր քննադատական, իսկ երբեմն էլ կառուցողական բանավեճերի ու դիսկուրսների արդյունքում: Մասնավորապես, ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է կուսակցությունից դուրս գալու մասին` հայտարարելով, որ շարունակելու է բարձրաձայնել ժողովրդի լայն շահերին հուզող սոցիալ-տնտեսական հարցերը:
Չի բացառվում, որ Ուրիխանյանը նոր կուսակցություն կամ ֆորմատ ձևավորի, քանի որ այդպես մտածելու բոլոր հիմքերը կան: Խոսքը «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնության մասին է, որը յուրաքանչյուր պահի, կախված իր ռեսուրսներից, համակիրներից ու նպատակներից, կարող է դառնալ կուսակցություն: Այսպիսի մի գործընթաց ոչ վաղ անցյալում նախաձեռնել էր նաև ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն իսկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական-հասարակական նախաձեռնության կուսակցություն դառնալու գործընթացի մասին: Մի կողմից դրական է երիտասարդ գործիչների այսպիսի մոտեցումները, հատկապես որ երկուսի մոտ էլ, ինչպես տեսնում ենք, քաղաքական տեսլականը շաղկապվում է քաղաքացիական եզրույթ կոնցեպտի հետ:
Արդյո՞ք կկարողանան այդ ինքնակազմակերպվող, ինքնակառավարվող զանգվածների հետ տարվող աշխատանքներում լինել հետևողական` ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է նաև արձանագրել, որ նոր ստեղծված և մեծ արագությամբ էլ փլուզման ենթարկված կուսակցությունների կարիք Հայաստանը չի ունեցել, ուստի նմանօրինակ ձախողումների չմատնվելու համար, շատ կարևոր է ճիշտ հաշվարկել սեփական ռեսուրսներն, որից հետո միայն նոր ճանապարհներ գտնել հասարակության հետ հարաբերվելու համար:
Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծաբան