Ադրբեջանցու պահվածքը գումարվում է այն միավորներին, որոնք վերջում աշխատելու են մեր օգտին. Ս.Շաքարյանց
SocietyՄոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության օրերին 90 կիլոգրամ քաշային կարգայինների պաշտոնական պարգեւատրման ժամանակ, ի նշան Հայաստանի ազգային հավաքականի անդամ Աշոտ Դանիելյանի նվաճած ոսկե մեդալի, Հայաստանի օրհներգի հնչելու եւ հայոց եռագույնի բարձրանալու ժամանակ պպզած ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովը, պատվանդանից իջնելուց հետո, կուլիսներում մոտեցել է արցախցի Աշոտ Դանիելյանին եւ ներողություն է խնդրել իր արարքի համար: Իր այդ քայլը ադրբեջանցին բացատրել է նրանով, որ եթե Հայաստանի օրհներգը կանգնած լսեր, իր երկրում նա կարող էր խնդիրներ ունենալ:
Այն, որ բռնապետական երկիրը մշտապես է նսեմացնում եւ ստորացնում իր իսկ երկրի քաղաքացիներին, նորություն չէ, եւ հայերիս համար այլեւս զարմանալու առիթ էլ չէ, սակայն հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի իշխանավորներն այնքան անճար են եւ փրփուրներից կախված, որ քաղաքական հարցերը փորձում են լուծել կքանստած՝ այն էլ սպորտի ոլորտում: Թե որքանով է աշխատում հակահայկական այս մեխանիզմը հայերիս օգտին, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից, ով իր խոսքում նշեց.
«Գիտեք, մրցումների ժամանակ նման բաներ մեկ-մեկ պատահում են, սակայն այս պարագայում ադրբեջանցու քայլի վրա մենք չենք զարմանում՝ լավ իմանալով թուրքական պետության գործելաոճը: Ադրբեջանցուց` այսինքն թուրքից, այլ բան սպասել անգամ հարկավոր էլ չէ: Այս օրերին թուրքերի անհարգալից վերաբերմունքը հայերի նկատմամբ նաեւ նման կերպ է դրսեւորվում:
Նրանք այդ քայլով փորձեցին ասել՝ տեսեք, տեսեք, հայերին մենք չենք ընդունում. շատ լավ թող չընդունեն: Ադրբեջանցու պահվածքը գումարվում է այն միավորներին, որոնք վերջում աշխատելու են մեր օգտին: Թող մարդիկ ու աշխարհը տեսնեն, թե նրանք ինչպիսինն են: Թող այլոք նրանց քննարկեն ու քննադատեն, մենք լավ գիտենք նրանց գործելաոճը, մեզ համար թուրքը թուրք է, եւ թուրքին պետք է վերաբերվես թուրքի պես»:
Քաղաքագետը նաեւ հավելեց. «Եթե նման քայլի գնար մեզ բարեկամ երկրի ներկայացուցիչ, ապա մենք դա վրդովմունքով կմեկնաբանեինք, բայց թուրքի նման քայլից մենք չենք զարմանում»:
Սոսե Չանդոյան