Ո՞րն է Հայաստանի շահը «վեցնյակի» և Իրանի համաձայնագրի դեպքում
ОбществоԱպրիլի 4-ին լրագրողներին է հանդիպել քաղաքագետ Լևոն Շիրինյանը,- հայտնում է Orer.am-ը:
Խոսելով Իրանի ու «վեցնյակի» միջև կնքված համաձայնագրի մասին, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց՝ Շիրինյանն ասաց, որ Իսրայելը և Իսրայելի աշխարհաքաղաքական ազդեցության գործակալները՝ նաև Հայաստանում, մեծ պարտություն կկրեն:
«Սա եզակի դեպք է, որ Ռուսաստանի տարաձայնություններն Իրանի հետ շատ սրությամբ չեն արտահայտվում»,- նշում է քաղաքագետը և հավելում, որ չնայած նավթի և այլ հարցերի շուրջ հակասություններ կլինեն, բայց շատ մեծ հակադրություն չի լինի: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ սա կմեծացնի Հայաստանի ռազմավարական դերը և մեր երկրին կտա շնչելու հնարավորություն: Բանախոսը համակարծիք չէ պնդմանը, որ սա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է: «Մենք պետք է ռուսներին ասենք հետևյալը՝ իրենք ինչքան աշխատեն թուրքական գործոնը թուլացնել, իրենց հաջողությունն է»:
Անդրադարձ կատարելով այս համատեքստում Հայաստանի տնտեսական շահի մասին՝ Շիրինյանն ասաց, որ Իրանը հզոր ներուժ ունեցող արդյունաբերական բազա ունի: Ըստ նրա՝ մենք կարող ենք համագործակցել ֆիզիկայի, միջուկային էներգետիկայի, նավթարդյունաբերության ոլորտներում: «Պոլիտեխնիկական ինստիտուտը կարող է լայնորեն սպասարկել այս բնագավառը, ինչպես նաև ինժեներական գործում նպաստել Իրանի արդյունաբերության վերականգնմանը. սա շատ մեծ հնարավորություն է»,- ավելացրեց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը նաև ընդգծեց, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին չի խանգարի Իրանի հետ սերտ համագործակցությանը, քանի որ Ռուսաստանն ու ԵՏՄ-ը ևս շահագրգիռ են, որպեսզի համագործակցեն Իրանի հետ:
Լևոն Փանոսյան