Մեր կինոն նրբերշիկ դարձավ. ռեժիսոր
ОбществоԱյսօր լրագրողներին են հանդիպել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, կինոդերասան Միքայել Պողոսյանն ու Ալեքսանդր Խաչատրյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Անդրադառնալով կինոյի մասին օրենքի թեմային՝ բանախոսները նշեցին, որ այսօր, միանշանակ, անհրաժեշտություն է կինոյի մասին օրենք ունենալը: Ըստ Գևորգ Գևորգյանի՝ այդ օրենքը նաև կհեշտացնի հարկային ու մաքսային գործունեությունը: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանի համոզմամբ՝ կինոյի մասին օրենքի կարիք կա, սակայն դրա մշակմանը անպայման պետք է մասնակցեն նաև կինոգործիչները: Միքայել Պողոսյանն էլ նշեց, որ այսօր կինո նկարում են նրանք, ովքեր գումար են հայթայթում, իսկ նրանց մեջ միշտ չէ, որ լինում են արժանավորները:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը համաձայն է այն մտքին, որ ով պատահի, կինո է նկարում, և նման կերպ շարունակվել չի կարող: Նա հիշում է, որ 1990-ականներին, երբ ՀՀ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, կինոգործիչները զրուցել են նրս հետ և կոչ արել, որպեսզի կառավարությունը արտոնություններ տա նրանց:
Ըստ Էդգար Բաղդասարյանի՝ Հրանտ Բագրատյանն ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն: «Արդյունքում` մեր կինոն նրբերշիկ դարձավ, նրբերշիկի արտադրության պես յուրաքանչյուր շքամուտքում 7 ռեժիսոր և 60 դերասաններ հայտնվեցին»,- ասաց Էդգար Բաղդասարյանը:
Ռեժիսորի այս հայտարարությանը այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. «Ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին։ Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են։ Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինոմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-1996-ին»։
Լևոն Փանոսյան