Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգևներ է շնորհել հայ և իտալացի մի խումբ գործիչների
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 4-ի հրամանագրերով մի խումբ հայ և իտալացի գործիչների շնորհվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական գործունեության համար Վատիկանի ռադիոյի հայկական բաժնի ղեկավար Ռոբերտ Աթթարյանը (ԻՏԱԼԻԱ) պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար «Նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» հասարակական կազմակերպության նախագահ Էմանուելե Ալիպրանդին (ԻՏԱԼԻԱ) պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար Միլանում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը (ԻՏԱԼԻԱ) պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Տնտեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման համար «Ռենկո Ս.պ.Ա.» գլխավոր տնօրեն Ջիովաննի Ռուբինին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, հոգևոր արժեքների տարածման, ինչպես նաև հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր Անդրեա Ռիկարդին (ԻՏԱԼԻԱ) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև ակտիվ գիտական և հասարակական գործունեության համար Սանտ Էջիդիո համայնքի ղեկավար Մարկո Իմպիլիացիոն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Հոգևոր արժեքների պահպանման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ գործունեության համար Քրիստոնյաների միասնության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Կուրտ Կոխը (ՎԱՏԻԿԱՆ) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանման համար Նեապոլ քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Կրեշենցիո Սեպեին (ԻՏԱԼԻԱ) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: