Որդանման ոչ մի երևույթ չի կարող ինձ խանգարել. Արսեն Լևոնյանը՝ իրեն անտաղանդ անվանողներին
LifestyleՎերջերս համացանցում տարածվեց ակնհայտորեն ֆեյք օգտատիրոջ կողմից գրված մի «նյութ»՝ «Հայկական հեռուստատեսության 10 ամենաանտաղանդ ու վատ դերասանները» վերտառությամբ: Ֆեյսբուքյան այդ օգտատերը կազմել էր հեռուստասերիալներում նկարահանվող երիտասարդ դերասանների 10-յակը, որոնք, իր կարծիքով, կապ չունեն դերասանության հետ: Թե որքանով է սույն օգտատիրոջ հեղինակավոր կարծիքը կոմպետենտ, դժվարանում ենք ասել, բայց այն, որ «ամենաանտաղանդների» ցանկում, շատերի համար զարմանալիորեն, տեղ էր գտել նաև երիտասարդ դերասան Արսեն Լևոնյանը, արդեն իսկ որոշ ենթադրությունների տեղիք է տալիս:
ESem.am-ի հետ զրույցում Թատերական ինստիտուտն ավարտած դերասանը նշեց, որ ուշադրություն չի դարձնում նման բովանդակությամբ նյութերին ու դրանց պատճառով չի էլ նյարդայնանում: «Ես ապրում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Ապրում եմ շրջապատիս ու հանդիսատեսի կարծիքներով և դրանցից եմ ոգեշնչվում,-ասաց Արսենը՝ ավելացնելով,- որդանման ոչ մի երևույթ չի կարող ինձ խանգարել»:
Անդրադառնալով նրան, որ իբր դերասանը շատ դեպքերում կրկնօրինակում է եղբորը՝ դերասան Խորեն Լևոնյանին, կամ պապիկին՝ Խորեն Աբրահամյանին, Արսենն ասաց. «Ես զարմանում եմ, ոնց կարող է ախպերը ախպորը նման չլինել. դա գեն է, ցեղ: Եթե դա չեն հասկանում, ցավալի է: Ճիշտ է, տարբեր ոճերում ենք հանդես գալիս, բայց նմանությունը բնական է. Խորենն իմ հարազատ ախպերն ա, նույն հորից ու մորից ենք ծնվել: Չեմ հասկանում, դա գրողն ինչ մարդ է, գուցե աչքը դնչի տե՞ղն է կամ ո՞տքն է գլխի փոխարեն»,- նկատեց Արսենը:
Ըստ նրա՝ ոչ ոք իրավունք չունի մյուսին քննադատելու: «Ատում եմ քննադատողների «մասնագիտությունը»: Կարող է դատել միայն Աստված»,- համոզված է նա:
ESem.am-ի հետ զրույցում դերասանը անդրադարձավ նաև այն քննադատությանը, որ դաջվածքներով երիտասարդը խոսում է ոսկեղենիկ հայերենով: «Ամեն մարդ ինքն է որոշում՝ դաջվածք ունենա, թե՝ ոչ: Եթե դա ինձ վնաս է, միևնույն է, ինքս եմ ընտրել, եթե օգուտ է տալիս, էլի իմ ընտրությունն է. դա ի՞նչ կապ ունի արվեստի հետ: Դա նույնն է, որ եթե մարդ տգեղ է, պիտի ասենք՝ վատ մարդ է, բանի պետք չէ: Կարծում եմ՝ դա ճղճիմ մտածելակերպ է»,- ասաց Արսենը:
Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ սերիալի ավարտից հետո մի քանի ամիս դադար կառնի՝ հանգստանալու և հեռուստադիտողներին իր ներկայությամբ չհոգնեցնելու համար: