Ինձ համար զրոյական արժեք ունի, թե ով է գնում Գալիպոլիի ճակատամարտ կոչվածի հարյուրամյակին. Մ.Եսայան
ОбществоԵրբ հրապարակվեց Հայոց ցեղասպանության և դրան հակակշռող Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակների միջոցառումներին տարբեր երկրներից ներկա պատվիրակությունների կազմը, տպավորություն ստեղծվեց, թե թուրքական իշխանությունները հասնում են իրենց նպատակին: Orer.am-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին հարցրեց` համաձա՞յն է այդ պնդումների հետ:
Մարգարիտ Եսայանը նշեց.«Ձեր տված հարցը քննարկելուց առաջ հետևեք՝ ինչ է կատարվում այսօր Երևանում, ինչ մեծ համաժողով է կայանում Կ.Դեմիրճյանի անվ. համալիրում և աշխարհի քանի երկրների ինչպիսի ազդեցիկ հոգևոր, աշխարհիկ, պետական գործիչներ էին եկել Երևան, ցեղասպանությունների ժխտման մասին ինչպիսի հայտարարություններ, առաջարկներ էին արվում շատ հայտնի քաղաքական գործիչներից, ցեղասպանագետներից, Հաագայի դատարանի դատավորի կողմից: Այսօր և վաղը մեծ «բում» և հզոր շարժում է սկսվելու Երևանում: Աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերներն առաջարկում են կազմակերպել մի կոալիցիոն գործընթաց՝ ընդդեմ ցեղասպանությունների ժխտման, որի առաջատարը կլինի Հայաստանը:
Ինձ համար այս պահին զրոյական նշանակություն ունի, թե Գալիպոլիի ճակատամարտ կոչվածի հարյուրամյակին որ երկրների պաշտոնյաներն են գնում, որովհետև այսօր գործընթացների կենտրոնը Երևանն է: Հիմա մենք ո՞ւմ կողմից ենք՝ համամարդկային արժեքների՞, թե՞ թուրքական կեղծ քաղաքականության, որը ձևավորել է կեղծ օրակարգ՝ ի հակադրություն ապրիլի 24-ի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ես կարծում եմ, որ մենք պետք է սևեռվենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա: Միևնունն է, թե ով է գնում Թուրքիա՝ Գալիպոլիի միջացառումներին: Գնացողները ունեն իրենց ֆինանսական, տնտեսական, նավթային, ռազմական և այլ շահերը, որոնք համամարդկային արժեքների հետ կապ չունեն:
Բայց հուսամ, որ ինչ-որ պահի կապ կունենան:Նույն ԱՄՆ-ը, Գերմանիան և այլ երկրներ կմիանան այդ շղթային, որը ճանաչում և դատապարտում է ցեղասպանությունը: Մեր երկրում այսօր կատարվածը ոչ թե բարոյական, այլ քաղաքական հաղթանակ է: Դուք տեսաք, թե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մեր երկրի նախագահին իր ելույթով ինչպիսի աջակցություն ցուցաբերեց: Դա շատ լուրջ քաղաքական հայտարարություն է»:
Լևոն Փանոսյան