Բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը, իսկ թե ինչպես, կիմանաք մայիսի 19-ին. Եվրատեսիլի պատվիրակության ներկայացուցիչներ
Общество«Եվրատեսիլ» մրցույթն այս տարի կայանալու է մայիսի 19, 21 և 23-ին Վիեննայում: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչին՝ մայիսի 19-ին: Ինչպես հայտնում է Orer.am-ը, ապրիլի 27-ին լրագրողների հետ են հանդիպել խմբի ներկայացուցիչներ Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա), Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա), Ինգա Արշակյանը (Հայաստան) և հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց, որ այս մտահղացման համար իրենց ոգեշնչել են անմոռուկի գաղափարը և Եվրատեսիլի «Կառուցենք կամուրջներ» խորագիրը:
Խոսելով երգիչների ընտրության մասին՝ Գոհար Գասպարյանը նշեց, որ տարբեր աշխարհամասերի ներկայացուցիչներին փնտրել է համացանցի և ծանոթների միջոցով:
«Եսայիին արդեն ճանաչում էինք, քանի որ մասնակցել էր Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկին։ Ավստրալիայի մասնակցի հարցում օգնել է երգչուհի Արաքս Մանսուրյանը։ Աֆրիկան ներկայացնող Վահեին գտել եմ համացանցով. մինչ այդ նրա մասին չէի լսել։ Թամար Կապրելյանին Եվրատեսիլ ուղարկելու կոչեր շատ են եղել: Ֆեյսբուքում մի քանի տարի առաջ երկրպագուները նույնիսկ հատուկ էջ էին բացել: Հայաստանյան մասնակցի ընտրությունը հեշտ եղավ, քանի որ Ինգա Արշակյանին բոլորը ճանաչում են որպես ազգային երգեր ներկայացնող սիրված երգչուհու: Ինգա Արշակյանին մենք ընտրեցինք վերջում»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Եսայի Ալթունյանը պատմեց, որ ինքը երկու անգամ հնարավորություն է ունեցել ներկայացնել Ֆրանսիան Եվրատեսիլին, բայց հրաժարվել է: «Երբ Գոհար Գասպարյանից ստացա այդ հրավերը, դա մի նոր պատմության սկիզբ դարձավ ինձ համար»,- ընգծեց նա:
Ավստրալիան ներկայացնող Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ ուսուցիչը եղել է Արաքս Մանսուրյանը: Երբ ստացա հրավերը, մտածեցի՝ օպերային մրցույթ է: Երբ իմացա, որ Եվրատեսիլն է, հարցրեցի Արաքս Մանսուրյանին` կարո՞ղ եմ Հայաստան գնալ, նա պատասխանեց, որ կարող եմ: Նա շատ էր ուզում, որ ես տեսնեմ Հայաստանը»:
Աֆրիկայի մասնակից Վահե Թիլբյանի խոսքով՝ այս նախագիծը կամուրջ է աշխարհի տարբեր ծայրերի հայ երգիչների միջև:
Ինգա Արշակյանն էլ շեշտեց հետևյալը. «Շատ պատասխանատու ելույթ է լինելու ինձ համար և հուսով եմ, որ դուք նույնպես մեր կողքին կլինեք: Այս հրավերն անսպասելի էր ինձ համար, երբ այն ստացա, հուզմունքն ու ոգևորությունը պատեցին ինձ, և, բնականաբար, չէի կարող մերժել: Ճիշտ է` նման փորձ ունեցել եմ, և դա կօգտագործեմ, որպեսզի ամեն ինչ լավ լինի»:
Հարցին՝ ինչպիսի բեմադրություն է լինելու եվրատեսիլյան բեմում, Գ.Գասպարյանը պատասխանեց. «Եթե բեմում ունենք վեց հիանալի երգիչ, կոնկրետ ասելիք, հավատացած եղեք, այլ բաներ պետք չեն: Մեր երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա: Դժվար երգ է, փորձել ենք հնարավորինս նվազեցնել բարդ շարժումներն ու լուծումները: Այն, ինչ պետք է անել, ասելիքը տեղ հասցնելն է: Բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը, իսկ թե ինչպես, կիմանաք մայիսի 19-ին»:
Հիշեցնենք, որ 5 աշխարհամասերը և Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը «Եվրատեսիլ 2015»-ին կկատարի «Face the Shadow» երգը, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը և Իննա Մկրտչյանը:
Ասուլիսի վերջում Գոհար Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև «Յուքոմ» ընկերությանը, որն արդեն մի քանի տարի է՝ աջակցում է մրցույթի մեր երկրի պատվիրակությանը:
Լևոն Փանոսյան