Մեկ տարի առանց Կոնստանտին Օրբելյանի. հիշում է Նադեժդա Սարգսյանը
КультураՄեկ տարի առաջ` ապրիլի 24-ին, կյանքից հեռացավ մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրոն 1956-1992 թվականները ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Կոլեգաների բնորոշմամբ՝ նա չափազանց տաղանդավոր էր և գործի հանդեպ բծախնդիր:
Երգչուհի, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժա Սարգսյանն Orer.am-ի հետ զրույցում կոմպոզիտորի հետ կապված հետաքրքիր հուշեր պատմեց, որոնք ավելի ցայտուն են ընդգծում երաժշտի նվիրումն իր աշխատանքին.
«Նա մեծ պրոֆեսիոնալ էր, մեզ էլ սովորեցնում էր այդպիսին լինել: Հիշում եմ, որ մի անգամ եղբորս հարսանիքից առաջ նրան խնդրեցի, որ այդ օրը փորձի չգամ: Նա ասաց, որ ոչ մի դեպքում հարսանիք չգնամ, որովհետև ես այնտեղ կերգեմ, կպարեմ, կմրսեմ, կհիվանդանամ և համերգին չեմ կարողանա երգել: Հարսանիքին գնացի, բայց խելոք նստել էի ինձ համար՝ առանց երգելու և պարելու:
Մի անգամ Հնդկաստանում էինք, և նա բոլորիս նկատմամբ շատ ուշադիր էր: Երբ հայ համայնքի ներկայացուցիչները ուզում էին մեզ մոտենալ, նա ասաց. «Նրանք մեր թագուհիներն են, դուք ոչ մի դեպքում իրավունք չունենք նրանց մոտենալ»: Նա մեզ այնպես էր նայում, որ մենք իսկապես մեզ զգում էինք թագուհի:
Հնդկաստանում շատ հետաքրքիր պատմություններ և արկածներ էլ են եղել: Օրինակ՝ ես շատ էի սիրում նկարվել օձերի, անակոնդաների հետ: Իհարկե, այդ կենդանիները քնած էին: Ուղտի վրա եմ նստել և նկարվել: Փիղ էի տեսել և որոշեցի բարձրանալ և նկարվել, մաեստրոն հայնտվեց և հարցրեց՝ ի՞նչ եմ անում: Ես ասացի, որ ուզում եմ փղի վրա բարձրանալ և նկարվել: Նա արգելեց՝ հիմնավորելով, որ կարող եմ ընկնել և կոտրվածք ստանալ, իսկ մենք վաղը համերգ ունենք: Ես ասացի. «Մեռնեմ-չմեռնեմ՝ հե՞չ, համերգը՝ մե՞ջ»: Նա պատասխանեց, որ մենք Հայաստանում էլ դեռ համերգ ունենք, դրա համար մեռնելը շուտ է: Այսինքն՝ նրա համար համերգները շատ կարևոր էին իր կյանքում, և մենք ասում էինք, որ մաեստրոն «ամուսնացած» է իր երաժշտության և նվագախմբի հետ: Ալլա Պուգաչովան մեկ տարի նրա հետ ապրել է, բայց նրանք այդպես էլ չամուսնացան, որովհետև նա իր նվագախումբը անձնական կյանքից ավելի էր գերադասում:
Մի անգամ էլ Սիրիայում մեծ միջոցառման ժամանակ վիճակախաղ խաղացինք, ես էլ շահեցի ուղեգիր դեպի Կիպրոս, իսկ Օրբելյանը հիվանդ էր: Ես միանգամից մտածեցի, որ չի թողնի գնամ Կիպրոս: Նրան հսկող բժիշկն ու դեսպանատան աշխատողն ինձ հավաստիացրին, որ կբարեխոսեն ինձ համար: Այդ մարդկանց Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ հարցը պետք է քննարկի ինձ հետ: Ես գնացի նրա մոտ, և նա, իմանալով իմ և լուսահոգի ամուսնուս՝ Դավիթի սիրո մասին, ասաց. «Մենք շուտով կգնանք Երևան և Դավիթը կհարցնի՝ ուր է Նադյան, իսկ ես կասեմ, որ նա չուզեց գալ քեզ մոտ Երևան և գնաց Կիպրոս: Ի՞նչ ես մտածում այդ առումով, Նադեժդա՛»: Ես ասացի, որ պետք չէ գնալ Կիպրոս: Բերեց այն կետին, որ ես ինքս հրաժարվեցի: Նրա համար մենք այն մարդիկ էինք, որ իրավունք չունեինք հիվանդանալ և անել մի բան, որի պատճառով կարող էր համերգը տուժել: Ես շատ բան եմ նրանից սովորել և փորձում եմ այդ ամենը փոխանցել իմ ուսանողներին: Էմմին այդ առումով ասում է. «Մամ, դու Օրբելյանի դպրոցն ես անցել, դրա համար էլ քո սաները արհեստավարժություն են ցուցաբերում ամեն տեղ»:
Լևոն Փանոսյան