Մենք աղոթում ենք նրա համար, որ հայ ազգը միշտ համախմբած լինի. Տեր Եսայի քահանա Արթենյան
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի եւ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ եւ Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:
Սրբադասման արարողությանը ներկա էին հազարավոր հավատացյալներ արտերկրից, ովքեր աղոթք բարձրացրեցին առ Աստված` 1915 թվականի զոհերի հիշատակի եւ հոգու հանգստության համար: Պատարագին ներկա էին ՀՀ նախագահը, ՀՀ կառավարության մի շարք անդամներ, ԱԺ պատգամավորներ, հյուրեր արտերկրից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ հատկապես Էջմիածնում տեղի ունեցած պատարագի հետ կապված` Orer.am-ը զրուցեց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով կարեւորեց հայ ժողովրդի միասնության եւ համախմբվածության փաստը.
«Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մենք գաղափարի շուրջ համախմբվեցինք: Այդ համախմբման միջոցով է կարեւորվում եւ արժևորվում թե՛ Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումները, թե՛ ճանաչման հարցը: Ես ավելի շատ կարեւորում եմ ինքնին համախմբվածությունը. իբրեւ ազգ, իբրեւ հավաքականություն, դա բավական լուրջ արժեք է մեզ համար»:
Քահանա Արթենյանը նաեւ նկատեց եւ ընդգծեց, որ Հայաստան եկած հայերը ժամանել էին հայրենիք իրենց ազգությունը վերարժևորելու համար. «Ես ավելի շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ այդ մարդիկ իրենց հայ լինելու հանգամանքը վերարժևորելու առումով է, որ հիմնականում եկել ու մասնակցում էին Հայաստանում կազմակերպված միջոցառումներին:
Մենք աղոթում ենք նրա համար, որ հայ ազգը միշտ համախմբած լինի: Երբ մենք հասնենք նրան, որ հայ ազգն ամբողջությամբ համախմբված լինի, դա կլինի ամենաերանելի պահը»:
Սոսե Չանդոյան