Թե ինչու Տաճատ Վարդապետյանն այլեւս շախմատ չի խաղում
Интервью«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախաձեռնությամբ երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպված էներգահամակարգի Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնաճյուղերի միջեւ ընթացող շախմատի մրցաշարին մասնակցում էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի թիմը, որը գլխավորում էր ոչ վաղ անցյալում շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսեննին շախմատի ոլորտում ցնցումների ենթարկած եւ բոլորին հաճելիորեն զարմանք պատճառած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ կիսվելով տպավորություններով` Տաճատ Վարդապետյանը նշեց. «Կարծում եմ` Հայաստանի, Վրաստանի , Ռուսաստանի ներկայացուցիչները խաղի ավարտին տպավորություններով լի կլինեն: Քանի որ հանդիպումն ընկերական է, հետեւաբար հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու. այստեղ հաղթելու է ընկերությունը, բարեկամությունը: Նշեմ, որ երկօրյա այս խաղերը նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին»:
Փաստորեն, ՀՀ Ազգային ժողովի թերեւս ամենաինտելեկտուալ անձինք, հավաքվելով մեկ թիմում, փորձում են ցույց տալ այլազգի հյուրերին, թե իրականում որն է պրոֆեսիոնալ խաղը. «Մեր խորհրդարանականները փայլուն խաղ են ցույց տալիս. Սամվել Ֆարմանյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Լյովա Խաչատրյանն ու Ալեքսան Պետրոսյանը ծայրահեղ նպատակասլացություն են դրսեւորում:
Ասեմ, որ առաջին պարտիան ներկաները գնահատեցին որպես ձեռքբերում, լավագույն եւ հիշարժան խաղ»:
Սակայն ձեռքբերումների այս ֆոնին նկատելի է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի խաղին չմասնակցելու հանգամանքը. «Խաղին մասնակցում է հինգ թիմ, թիմերից մեկն էլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Այս անգամ ես հանդես եմ գալիս որպես թիմի ղեկավար եւ գտնվում եմ երկրպագուի կարգավիճակում»:
Դիտորդի, իսկ ավելի կոնկրետ թիմի ղեկավարի դերում հայտնվելը Տ. Վարդապետյանը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Ես հայտնի հանդիպումից հետո շախմատ չեմ խաղում, որպեսզի հաղթանակի բերկրանքն ինձ միշտ ուղեկցի»:
Սոսե Չանդոյան