Թուրքիայի քաղաքականությունը գնալով նմանվում է փթած պոմիդորի. Տաճատ Վարդապետյան
ИнтервьюԹուրքիայի վարած քաղաքականությունում, հատկապես արտաքին դիվանագիտական գծում, վերջին շրջանում նկատվում են կանացի եւ հիստերիկ դրսեւորումներ, որոնք կյանքի են կոչվում տվյալ պետության առաջին դեմքի միջոցով: Orer.am-ի հետ խոսելով հարեւան պետության դեպրեսիոն դրսեւորումների մասին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նկատեց.
«Թուրքիայի քաղաքականությունը գնալով նմանվում է փթած պոմիդորի, որն արդեն ջրի երես է դուրս գալիս: Մի կողմ թողնելով Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ կարեւորելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` նշեմ, որ հաճախ նմանատիպ հարցեր են հնչում, թե կարող է արդյոք Հայոց ցեղասպանության ընդունման հարցը հետո մտնել փակուղի: Ասեմ, որ նման բան լինել պարզապես չի կարող: Համարում եմ, որ անցկացված միջոցառումներից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փաստի ընդունման համար երկրորդ շնչառություն է սկսվում: Պետք է երախտիքով նշեմ, որ 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը մեծ ձեռքբերում էր, քանի որ դրանք անցան բավական բարձր մակարդակով: Ուզում եմ հատկանշել Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը, որը համարում եմ մեր դիվանագիտական ծառայության լրջագույն ձեռքբերում:
Որքան մեր ցավի ու բաց վերքի նկատմամբ կարեկցանը մեծ լինի արտերկրում, այդքան մենք կհամոզվենք, որ արտաքին դիվանագիտական ոլորտում կատարված աշխատանքը մեծ է»:
Խոսելով արտաքին դիվանագիտության մեջ խոշոր ձեռքբերումների մասին` պատգամավորն առաձնակի ուշադրություն դարձրեց Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցին. «Վատիկանում տեղի ունեցածը աշխարհացունց միջոցառում էր, որն էլ ամենամեծ հիստերիայի առիթը դարձավ Թուրքիայի համար:
Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված նույնպես ուզում եմ երախտիքով խոսել, որովհետեւ տարբեր իրարամերժ կարծիքներ են հնչում, թե այս բառն արտաբերեց, իսկ մյուսը` ոչ: Ասեմ, որ նրա ներկայությունը մեր վշտի, ցավի 100-րդ տարեդարձին ինքնին բարձր գնահատականի է արժանի, որովհետեւ նա, մերժելով թուրքի շինծու միջոցառումը Բոսֆորի ափին, եկավ եղբայրական Հայաստան ու ելույթ ունեցավ: Նա Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մոլորակի ամենամեծ արհավիրքը համարեց, որի արդյունքում ճարտարապետական հրաշալի հուշարձաններ ավիրվեցին եւ հոյակապ ձեռագրեր ոչնչացվեցին»:
Սոսե Չանդոյան