Դիվանագիտական ու քաղաքական առումով Թուրքիան պարտություն կրեց. Հովհաննես Սահակյան
Интервью«Եթե մենք փորձենք ավելի ամբողջական գնահատական տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքին եւ այս ամենի կոնտեքստում Թուրքիայի պահվածքին, ինչպես նաեւ Գալիպոլիի ճակատամարտի մասին հորինած տոնակատարություններին, ապա կարող ենք ասել, որ մեր հարեւան պետության վիճակը, ինչ խոսք, նախանձելի չէր». Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նաեւ հավելեց. «Այն ներկայացուցչական կազմը, որն իրենք փորձել էին ապահովել աֆրիկյան տարբեր երկրների ղեկավարների միջոցով, անգամ չգիտեր, թե ինչ է անում Թուրքիայում: Ասեմ, որ Թուրքիան նման գործելաոճով տվյալ պետությանը դրեց շատ ավելի վատ իրավիճակի մեջ եւ ցույց տվեց, որ ինքը շատ ավելի նեղ է մտածում: Պետք է նշեմ, որ դիվանագիտական, քաղաքական առումով Թուրքիան պարտություն կրեց: Մենք տեսանք, որ տվյալ պետությունը գտնվում էր ցայտնոտային իրավիճակի մեջ: Դա նկատելի էր թե' նրանց պահվածքից, թե' հայտարարություններից: Նրանց պահվածքից պարզ դարձավ, որ նրանք ամբողջ աշխարհին կամա թե ակամա դեմ են»:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Հայաստանում Հայոց ցեղասպանության հետ կապված այս կամ այն երկրի ղեկավարի կողմից հայտարարության եւ Թուրքիայի կողմից դրանց արձագանքին` Հ. Սահակյանը նկատեց. «Ուշադրություն դարձնենք հետաքրքիր մի հանգամանքի. Հայաստան գալով` Օլանդն ասում է, որ իրենց պետությունն այն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ այս կոնտեքստում Թուրքիան փորձում է պատասխանել նրան: Այս արձագանքը խոսում է այն մասին, որ թուրքերը դեմ են աշխարհի կարկառուն, քաղաքակիրթ եւ ժողովրդավար այն երկրներին, որոնք իսկապես ճանաչում են համամարդկային ոճիրը, որն իրականում ուղղված էր ոչ թե հայերի, այլ ամբողջ մարդկության ու աշխարհի դեմ»:
Խոսելով 1915 թվականի սպանդը որպես Հայոց ցեղասպանություն չընդունած երկրների մասին` պատգամավորն ասաց, որ այն պետությունները, որոնք չեն տալիս 1915 թվականին տեղի ունեցածին ճիշտ որակավորում, հիմք են դառնում, որպեսզի նմանատիպ արարքները կրկնվեն:
Հայ ժողովրդի համախմբվածության եւ պահանջատիրության վերաբերյալ էլ Հ. Սահակյանը կատարեց մեկ նկատառում. «Մենք կարողացանք աշխարհին ներկայանալ համախմբված եւ ասել, որ մենք մեր երկրի եւ ժողովրդի համար ունենք երկու կարեւորագույն խնդիր` առաջինն Արցախի հիմնախնդիրն է, իսկ երկրորդը` Հայոց ցեղասպանությունը:
Ես չեմ պատկանում այն տեսակետները կիսողների թվին, ովքեր կարծում են, որ ամեն ինչ սահմանափակվում է այն քայլերով, որոնք իրականացվել են մինչեւ ապրիլի 24-ը: Այսուհետ պայքարի նոր փուլ է սկսվում, որն էլ ավելի գաղափարական է լինելու»:
Սոսե Չանդոյան